Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական տարածքում նրա կենդանիները շատ ավելի լավ պայմաններում էին պահվում, խնամվում, քան Երևանի կենդանաբանական այգու բոլոր գազաններն ու թռչունները միասին վերցրած:
Ու որքան էլ անընկալելի լինի «իրեղեն ապացույց» շնչավոր կենդանիների առգրավումը և իրենց պահման սովորական վայրից քնեցնելով տեղափոխելը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է և գնում է ավելի ու ավելի «հեռուները»: Թվում էր, թե՝ էլ ո՞ւր: Բայց պարզվեց, որ ընկնելու տեղ դեռ ունեն:
Խոսքը Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերի մասին է, որ նույն իշխանությունները մոնտաժել ու տարածել են: «Բոլիվուդը» (հնդկական կինոարտադրության կենտրոնը) ցնցված ու զարմացած է. առավոտ կանուխ տասնյակ դիմակավորներ զենք-զրահով վազելով գրոհում են Ծառուկյանի առանձնատունը: Մարդն իր տան դռանն է մոտենում, մի 10-15 հոգով թափվում են վրան, տապալում հատակին… Չէ, բայց իսկապես, էլի. խմբովի հարձակվում են 70 տարեկան մարդու վրա, որն ակնհայտորեն չէր էլ պատրաստվում դիմադրություն ցույց տալ կամ, ասենք, հարվածել իր տուն ներխուժած որևէ մեկին: Մարդու ձեռքերին ձեռնաշղթաներ են փորձում հագցնել, այն էլ, պարզվում է, Ծառուկյանի դաստակի չափսով ձեռնաշղթա էլ չկա: Խորհրդանշական դրվագ է, ինչ խոսք…
Մի խոսքով, տհաճագույն, վանող ու էժանագին շոու, եթե կուզեք՝ «մասկի շոու», գումարած՝ առյուծների մահացու «առգրավումը»:
Կարդացեք նաև
Կամ այդ ձերբակալության «տեսարանի» մեջ ի՞նչ երևելի բան կար, որ դա հանրայնացնում են: Իրենց ցածրության աստիճա՞նն էին ուզում մեկ անգամ ևս ցույց տալ: Թե՞ այդ ամենի ամբողջ նպատակը վերը ակնարկված անձնավորության «հոգին փառավորվելու» պահն ապահովելն էր:
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ այս լայնածավալ հետապնդումները գերազանցապես քաղաքական պատճառներ ունեն ու քաղաքական նպատակներ են հետապնդում: Պարզ է նաև, որ այդ ամենը տեղավորվում է ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին Նիկոլ Փաշինյանի նախընտրական սպառնալիքների (խոստումների) շրջանակում:
Բայց, ամեն պարագայում, եթե մի կողմ դնենք զուտ քաղաքական ու զուտ իրավական հարցադրումները (դեռ բազում առիթներ կլինեն դրանք դիտարկելու), փորձենք ավելի խորքով ընկալել, թե ինչի մասին են խոսում վերը նկարագրված իրավիճակներն ու պահերը: Բացի այն, որ ոչ մի լավ բանի մասին դրանք չեն «խոսում», նման դրսևորումները վկայում են իշխանական ուժի քինախնդրության, մանրախնդրության, ցավեցնելու, վնասելու «աշխարհընկալման» մասին: Ամենից վատն այն է, որ պետական մարմինները, հարկայինը, իրավապահ համարվող կառույցները, ու, որ ամենավիրավորականներից մեկն է, ԱԱԾ-ի նման կառույցը, կներեք, բայց մի տեսակ խաղալիք են դարձրել: Ցավալի է, բայց դարձրել են անձնական քմահաճույքները բավարարելու գործիք: Այսինքն, ինչ կառույց կա, դրանց գոյության միակ իմաստը հանգում է 1 անձնավորության «հոգին փառավորելո՞ւն»:
Այս օրերին նկատվեցին նաև սուր արձագանքներ, թե «ո՞ւր են կենդանասեր ներկայացողները», կամ՝ «անգամ առյուծին սատկացրեցին»…
Բայց այդքան մարդու մահվան մատնեցին, մահվան պատճառ դարձան, մի առյուծն ի՞նչ է իրենց համար: Փաշինյանի իշխանավարման շրջանում բանտարկյալը հացադուլից մահացավ բանտային պայմաններում: Իշխանությանն ակտիվ քննադատող Արմեն Գրիգորյանին հենց դատարանի դահլիճում մահվան հասցրեցին: Հղի կնոջը գցեցին վարչապետի «ավտոբուսի» տակ, Փաշինյանի նախընտրական պաստառը պատռելու համար Արմեն Հովհաննիսյանին տարան ոստիկանության բաժին, հետո՝ հոգեբուժարան, հետո կախված հայտնաբերեցին ու հայտարարեցին, թե՝ ինքնասպան է եղել… Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրենց իշխանության մակերեսային ու անլուրջ վերաբերմունքի հետևանքով հազարավոր մարդիկ մահացան: Բանակցային գործընթացը հանգեցրին պատերազմի ու հազարավոր տղաների մահվան մատնեցին:
Արցախն ուրացան…
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































Ես ապշում եմ թե ինչու հայ լրագրողը չի ուղարկում այս հոդվածը անգլալեզու թերթերին` The Guardian, BBC, Reuters, …: Ես այսօր կարդացի նույնանման արձագանք-հոդված այլ լրագրողների: Սակայն այս նյութը սպասում են դրսում, ներսի լսարանը նիրհած է:
Աշխարհը սպասում է հասկանալու հայաստանցիների այս անգամ 3.996%-ի լաքյայով ընտրված վարչակազմին հարմարվելը:
Թարգմանեք ու ուղարկեք: Ամեն օր, ամեն նոր հոդված: Ճղել , անցնել է պետք զուտ տեղական լսարանը հանդարտեցնելու ֆունկցիան, հարգելի լրագրողներ: