2026 թվականի առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակը ՀՀ-ում մակրոտնտեսական տեսանկյունից կարող է առաջին հայացքից չթվալ ճգնաժամային, սակայն դետալային բացվածքը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացների արագացումը աստիճանաբար վերածվում է սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերի։
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ 2026 թվականի հունիսին տարեկան ինֆլյացիան արագացել է՝ հասնելով 5,1 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,9 տոկոսի փոխարեն։ Թվային առումով տարբերությունը կարող է մեծ չթվալ, սակայն տնտեսագիտության տեսանկյունից նույնիսկ մեկ տոկոսային կետի արագացումը կարող է էական ազդեցություն ունենալ բնակչության իրական եկամուտների, սպառողական վարքագծի, ներդրումային միջավայրի և ընդհանուր տնտեսական կայունության վրա։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը կրկին դարձել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը, ինչը նշանակում է, որ ամենամեծ հարվածը կրում են միջին և հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։
Գնաճի կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը պարզապես թվերի աճ չէ, այլ տնտեսության ներսում ձևավորվող ավելի խորքային անհավասարակշռությունների արտահայտություն։ Սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 տոկոսով՝ նախորդ տարվա 6,2 տոկոսի փոխարեն։ Սա նշանակում է, որ հենց այն ապրանքները, որոնցից քաղաքացին չի կարող հրաժարվել, թանկանում են ամենաարագ տեմպերով։ Միաժամանակ, ծառայությունների գների աճը դանդաղել է՝ կազմելով 2,4 տոկոս, իսկ ոչ սննդային ապրանքների գները, որոնք մեկ տարի առաջ գրեթե չէին բարձրանում, այժմ արդեն աճել են 2,3 տոկոսով։
Այս համադրությունը խոսում է այն մասին, որ գնաճի բնույթը փոխվում է։ Եթե նախորդ տարիներին որոշակի դեր ունեին ծառայությունների կամ արտաքին պահանջարկի ազդեցությունները, ապա այժմ առաջնային խնդիրը դարձել է սպառողական զամբյուղի ամենակարևոր հատվածի՝ սննդամթերքի գների շարունակական աճը։
Կարդացեք նաև
Առանձնապես մտահոգիչ է, որ ամենաբարձր գնաճը գրանցվել է այնպիսի ապրանքների դեպքում, որոնք կազմում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա սննդակարգի հիմքը։ Օրինակ՝ ձվի գնի գրեթե 30 տոկոսանոց աճն անմիջապես արտացոլվում է յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա ծախսերում։ Նույնը վերաբերում է կովի մսի ավելի քան 23 տոկոսանոց թանկացմանը, արևածաղկի յուղի, պաստերիզացված կաթի, թթվասերի, պանիրների, կաթնաշոռի, մակարոնեղենի, հացի և ալ յուրի գների աճին։ Այս բոլորն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, որոնց սպառումը դժվար է կրճատել առանց կենսամակարդակի վատթարացման։
Սննդամթերքի գնաճի առանձնահատկությունն այն է, որ այն առավել ծանր ազդեցություն է ունենում սոցիալապես խոցելի խմբերի վրա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































