«Չնայած վստահորդների հետ անսահմանափակ և անխոչընդոտ գաղտնի հանդիպումներ ապահովելու՝ միջազգայնորեն ճանաչված բացարձակ իրավունքի ապահովման պարտավորությանը, մինչև այժմ Ադրբեջանը դա չի ապահովել»,- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացված «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա փաստեց՝ այժմ Ադրբեջանում պահվում են 20 հայ պատանդներ, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են․ «Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն՝ սովորական քրեական դատավարության ընթացակարգով, այլ արդյունավետ կերպով օգտագործվում են որպես գործիք՝ Հայաստանի հետ հարաբերություններում՝ այսպես կոչված «պատանդային դիվանագիտության համար»։
Փաստելով, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային դատարանների վճիռները և, փոխանակ ներողություն խնդրելու, հակառակը, ինքն է դժգոհում, որ ՄԻԵԴ-ն օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը, Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ադրբեջանցի դիվանագետները սպառնում են չկատարել ՄԻԵԴ որոշումները՝ համարելով դրանք անարդար, մեղադրում են դատարանին, թե նա օգտագործել է չճանաչված ԼՂՀ տերմինը։
Կարդացեք նաև
Ադրբեջանը, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել և չի կրել պատասխանատվություն հայերի նկատմամբ կատարված վայրագությունների համար, այժմ ներքին դատավարությունների միջոցով հայ գերիներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ և ռազմական հանցագործներ։
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը պատասխանատվությունը փոխարինի հաղթողի արդարադատությամբ։ Իրական խաղաղության գործընթացը չի կարող կառուցվել տեղահանված ժողովրդի ներկայացուցիչների բանտարկության, գերիներին նրանց ընտանիքներից և փաստաբաններից մեկուսացնելու, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր ուժ ունեցող վճիռները չկատարելու հիման վրա»։
Սիրանուշ Սահակյանը վստահեցրեց՝ ԵՄ-ն հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը պետք է դարձնի Ադրբեջանի հետ իր հարաբերությունների հարցում կարևոր պայման և պահանջի նրանց անհապաղ ազատ արձակումը․ «ԵՄ-ն ունի քաղաքական ազդեցություն Ադրբեջանի և Հայաստանի վրա և պետք է դա օգտագործի՝ ցույց տալու համար, որ առանց արդարության հաստատման խաղաղություն լինել չի կարող»։
Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































