Ստվերից դուրս և Երևանի մեջ. ինչից են ձևավորվել 300,000 գրանցված աշխատատեղերը
tvyal.com. Հուլիսի 22-ին հրապարակվեց այս տարվա թերևս ամենագեղեցիկ տնտեսական թիվը. ինը տարում Հայաստանում ավելացել է 302,411 գրանցված աշխատատեղ՝ 527,337-ից հասնելով 829,748-ի։ Թիվն իրական է. պաշտոնական տվյալների բազան հաստատում է այն։ Բայց «գրանցված աշխատատեղ» և «նոր աշխատատեղ» նույն բանը չեն։ Բանվորը, որը տասը տարի աշխատում է շինհրապարակներում, բայց անցյալ տարի առաջին անգամ աշխատանքային պայմանագիր է ստորագրել, վիճակագրության համար նոր աշխատատեղ է։ Փաստացի բանվորի համար՝ ոչ։ Հենց այս տարբերության մեջ է նաև 300,000-ի պատմությունը։ Մենք վերլուծել ենք, թե ով է ստացել բարձրացած աշխատավարձերը, որտեղ բացվեցին նոր աշխատատեղերը, և որքանն է դրանցից իրապես նոր։
Աշխատատեղերի աճի պատկերն առանց աղյուսակների
Պաշտոնական տվյալների բազան ցույց է տալիս, որ 2018 թվականի հունվարին գրանցված էր 509,934 աշխատող։ 2025-ի դեկտեմբերին թիվը հասավ պատմական գագաթնակետին՝ 821,470-ի, այսինքն՝ ավելի քան 311,000 աշխատատեղի հավելաճ։ Նույն ընթացքում աճել է նաև միջին աշխատավարձը, և գծապատկերում երկու կորերը գրեթե մեկ տասնամյակ զուգահեռաբար աճ են գրանցում։
Կարդացեք նաև
Այս աճը երևում է նաև առանց վիճակագրության՝ Երևանի նոր գրասենյակային շենքերում ու լցված սրճարաններում։ Պաշտոնական հաղորդագրություններում թվերը պարբերաբար ներկայացվում են որպես ռեկորդ, և դա ճիշտ է. գրանցված զբաղվածությունն իրոք երբեք այսքան բարձր չի եղել։ Մնում է հասկանալ, թե ինչից է այդ ռեկորդը կազմված։
Հարևանների դժբախտությունների ալիքները
2022 թվականի փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկան և՛ կապիտալը, և՛ մարդիկ։ Տրամաբանական էր սպասել աշխատատեղերի կտրուկ աճ։ Տեղի ունեցավ այլ բան. 2022-ին և 2023-ին միջին աշխատավարձի տարեկան աճը գերազանցեց 20%-ը, մինչդեռ գրանցված զբաղվածությունն ավելացավ ընդամենը մոտ 5%-ով։ Ներհոսած փողը հիմնականում բարձրացրեց արդեն աշխատող մարդկանց վարձատրությունը, առաջին հերթին ՏՏ և ֆինանսական ոլորտներում, որոնց աշխատավարձը 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է։
Ռուսական ալիքը միակը չէր։ 2022 թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմն էր, 2023-ից 2024-ի կեսը ոսկու վերաարտահանումն էր ՌԴ-ից։ Եվ վերջին ալիքը, որը կարճաժամկետ էր, Իրանից եկած ալիքն էր, որը բերեց նաև 2025 թվականի 7.2%-անոց տնտեսական աճը։ Այս ազդակների ընդհանրությունն այն է, որ բոլորը ծնվել են մեր հարևանների դժբախտություններից և մեզնից կախված չեն։ Ալիքները նահանջում են, ինչը երևում է թվերում. 2026-ի կեսերին աշխատավարձերի տարեկան աճը 3.6% է, զբաղվածությանը՝ 2.9%։
Հատկապես Երևանում, հատկապես կենտրոնում
Նոր աշխատատեղերի հասցեն գրեթե միշտ նույնն է։ 2018-ից ի վեր գրանցված զբաղվածության զուտ հավելաճի 79%-ը՝ մոտ 192,000 աշխատող, բաժին է ընկնում Երևանին։ Աշխատավարձի ֆոնդի 80%-ից ավելին այս պահին գրանցված է Երևան քաղաքում։ Եթե համեմատենք 2018 թ․-ի հետ, այդ թիվը 72% էր։ Աճը կուտակվել է ՏՏ ոլորտի, ծառայությունների և բանկային հաստիքների հաշվին, որոնք կենտրոնացած են հատկապես Երևանում և հատկապես կենտրոնում։
Մինչդեռ Գեղարքունիքում, Արագածոտնում, Շիրակում և Տավուշում գրանցված մասնավոր զբաղվածությունը մնում է ցածր, և այստեղ պետությունը շարունակում է լինել գլխավոր գործատուն։ Հենց այս չորս մարզերի համար ենք նախկինում առաջարկել թիրախային հարկային արտոնություններ՝ տեղական բիզնեսը ստվերից դուրս բերելու և մասնավոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար։
2018 թվականից ի վեր ստեղծված յուրաքանչյուր հինգ նոր աշխատատեղից չորսը բաժին է ընկնում Երևանին։
Մարդիկ նույնն են, գրանցումը՝ նոր
Վերադառնանք բանվորին։ Երբ նա պայմանագիր ստորագրեց, վիճակագրությունն արձանագրեց նոր աշխատատեղ։ Բայց նա նույն շինհրապարակում նույն գործն է անում. փոխվեց միայն այն, որ այժմ նա երևում է պետությանը։
Այս իրողությունը զանգվածային դարձավ «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ գործարարները, ոգեշնչված հեղափոխությամբ, սկսեցին գրանցել աշխատողներին և դուրս գալ ստվերային դաշտից։ Փաստացի այդ մարդիկ մեծ մասամբ նախկինում էլ աշխատում էին, պարզապես սկսեցին գրանցվել։ Երկրորդ խթանը եկամտային հարկի համահարթեցումն էր. 2020 թվականից հարկը դարձավ միասնական 23%, ապա տարեկան մեկ տոկոսային կետով իջավ՝ 2023-ին հասնելով 20%-ի։ Պարզ ու կանխատեսելի դրույքաչափի պայմաններում գրանցվելը դարձավ ավելի էժան, քան ստվերում գտնվելը։ 2024-ի մեր վերլուծությունը ցույց է տվել նաև հակառակ կողմը. եթե հարկային բեռը նորից ծանրանա, նույն մեխանիզմը կաշխատի դեպի ստվերի աճ։
Աշխատուժի հետազոտության տվյալները ցույց են տալիս երևույթի մասշտաբը։ 2018–2024 թվականներին ընդհանուր զբաղվածությունը, որը ներառում է նաև չգրանցված և ինքնազբաղված աշխատողներին, ավելացել է մոտ 128,000-ով։ Գրանցված աշխատատեղերը նույն ընթացքում աճել են ավելի քան 200,000-ով, իսկ գրանցված զբաղվածության մասնաբաժինը 53%-ից հասել է 65%-ի։ 300,000-ի զգալի մասը, այսպիսով, ոչ թե նոր ստեղծված աշխատատեղ է, այլ նախկինում չգրանցված աշխատողների պաշտոնական գրանցում։
Չենք բացառում, որ վերջին շրջանի աճի մի մասն էլ ապահովում են Հնդկաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից ժամանած աշխատողները, որոնց վիճակագրությունն առանձին խումբ չի ներկայացնում։ Պետական հատվածի դերն այս աճում համեստ է. գրանցված զբաղվածության մոտ 28%-ը պետականն է, և հավելաճը գրեթե ամբողջությամբ ապահովել է մասնավորը։
Գրանցումից շահում են բոլորը. աշխատողն ստանում է սոցիալական պաշտպանություն, պետությունը՝ հարկային մուտքեր, տնտեսությունը՝ թափանցիկություն։ Պարզապես այս ամենի հետ մեկտեղ նոր աշխատատեղ չի ստեղծվում։
Ի՞նչ է մնում, երբ ալիքները նահանջում են
Աճի բոլոր շարժիչները ժամանակավոր էին, և դրանց թափն սպառվում է։ 2026-ի ընթացիկ տվյալներով տարեկան աճը մոտ 30,000 աշխատող է՝ նախորդ տարվա մոտ 35,000-ի դիմաց։ Սա պարզապես իներցիոն աճ է. տնտեսությունը դեռ առաջ է գնում, բայց նախորդ թափով, այլ ոչ թե նոր վառելիքով։ Աշխատողների պահանջարկ դեռ առկա է հիմնականում շինարարությունում և հարակից ոլորտներում՝ այնտեղ, որտեղ աշխատում է մեր բանվորը։
Մարող միտումների մոդելը, որն օգտագործում ենք նաև անշարժ գույքի շուկայի կանխատեսումների համար, առաջիկա երկու տարվա համար ցույց է տալիս մոտ 2% աճ՝ տարեկան միջինում մոտ 8,000 գրանցված աշխատատեղ։ Համեմատության համար՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում քաղաքական ուժերը խոստացել են տարեկան 25,000–60,000 նոր աշխատատեղ։ Խոստումների և իներցիայի միջև ընկած է երեքից յոթ անգամ տարբերություն, ինչը ցույց է տալիս նաև մեր կանխատեսումը։
Ո՞ր ցուցանիշին հետևել։ Աշխատավարձերի և զբաղվածության աճի տեմպերի ճեղքվածքին։ Քանի դեռ աշխատավարձերն ավելի արագ են աճում, քան աշխատողների թիվը, 2022-ի կապիտալի ներհոսքի ազդեցությունը դեռ գործում է։ Երբ երկու կորերը հավասարվեն ցածր մակարդակի վրա, ալիքն սպառված է։ Երկու ցուցանիշների ամբողջական շարքերը՝ ընդհանուր և ըստ ՏԳՏԴ ոլորտների, ամսական թարմացվում են tvyal.com/wages/trends էջում, իսկ ձեր անձնական աշխատավարձի դիրքն ընդհանուրի մեջ կարելի է ստուգել մեր tvyal.com/wages հաշվիչով։
Իսկ բանվորը շարունակում է աշխատել։ Այժմ նա ունի պայմանագիր, սոցիալական վճարներ և տող վիճակագրության մեջ։ Երեկվա ստվերային աշխատողն այսօր երևում է թվերում, և դա իրական առաջընթաց է։ Պարզապես դա նոր աշխատատեղ չէ։
Հարկային վարչարարության խստացման և ստվերային տնտեսության կրճատման մեխանիզմների վերաբերյալ առավել մանրամասն՝ Armenia Taxes Time։ Մայրաքաղաքի բարձր կենտրոնացման (80%) և թույլ զարգացած չորս մարզերի համար առաջարկվող հարկային մեխանիզմների վերաբերյալ՝ 80% of Armenia’s Wages are in Yerevan։
* Գրանցված զբաղվածության վերաբերյալ տվյալների աղբյուրը ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատանքի ամսական և եռամսյակային վիճակագրությունն է (գրանցված հատված, ՏԳՏԴ բաժիններ A–S)։ Մարզային տվյալները եռամսյակային են՝ ներառյալ 2026 թվականի առաջին եռամսյակը։ Ընդհանուր զբաղվածության ցուցանիշները, որոնցով ներառվում են նաև չգրանցված և ինքնազբաղված աշխատողները, վերցված են Վիճակագրական տարեգրքերում հրապարակվող Աշխատուժի հետազոտությունից։ Զբաղվածության կանխատեսման նպատակով կիրառվել է մարող միտումներով էքսպոնենցիալ հարթեցման մոդել (damped-trend exponential-smoothing model)՝ 500 սցենարի համար Մոնտե-Կառլո (Monte-Carlo) սիմուլյացիայի միջոցով։ Տվյալների բազան և գծապատկերների կոդերը հասանելի են GitHub հարթակում։
Հղումներ
[1] Աշխատանքի շուկա. միջին ամսական անվանական աշխատավարձ և վարձու աշխատողների թվաքանակ // Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե — armstat.am
[2] Աշխատուժի հետազոտություն, Հայաստանի վիճակագրական տարեգիրք // Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե — armstat.am
[3] Աշխատատեղերի աճի իրական և ստվերային կողմերը. տնտեսագետը վերլուծել է գործոնները // Sputnik Արմենիա — arm.sputniknews.ru
Աղասի Թավադյան, Tvyal.com























































