Լրահոս
Օրվա լրահոսը

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Հուլիս 28,2026 20:50 Share

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է։

Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ մուտքով և պատերի քանդակազարդերով աչքի ընկնող եկեղեցին համարվում է Դերսիմի բազմամշակութային անցյալի կարևոր վկայություններից մեկը։ Սակայն այն տարիներ շարունակ չի վերանորոգվել և շարունակաբար վնասվում է թե՛ բնական ազդեցությունների, թե՛ գանձ որոնողների գործողությունների հետևանքով։

Այսօր դրա քարերի մի մասը վնասված կամ գողացված է, իսկ մյուսների վրա տարբեր գրություններ են արվել։

Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել էր եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։

Քրդական «Rudaw» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցին վերականգնվի և վերածվի հավատքի ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոնի։

Գյուղի բնակիչ Հայրի Յըլդըզը, խոսելով պետական մարմինների անտարբերության մասին, ասել է.

«Թող պահպանեն, հոգ տանեն դրա մասին։ Մենք՝ որպես գյուղ, պետք է պահպանենք այն։ Պետության մոտեցումն արդեն հայտնի է, բայց որևէ քայլ չի ձեռնարկվում։ Չպետք է թույլ տանք, որ գանձագողերը մտնեն այստեղ։ Եթե եկեղեցին պահպանվի, մարդիկ կգան Եվրոպայից, Երևանից, Ռուսաստանից։ Մեր գյուղը կկենդանանա»։

Մեկ այլ բնակիչ՝ Մեհմեթ Օղուզը, ընդգծել է մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը.

«Սա պատմական եկեղեցի է, պատմական հավատքի մաս է, արժեք է։ Այս արժեքները պետք է պահպանել, հակառակ դեպքում դրանք կվերանան։ Իրականում մենք ինքներս ենք ոչնչացնում մեր ժառանգությունը՝ նույնիսկ դա չգիտակցելով»։

Էրգանի վանքը կառուցվել է 975 թվականին։ Այն համարվում է Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանի վերջին քահանան հրկիզվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։

 

Աղբյուր՝ Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031