Հայաստանում խորհրդարանի ընտրությունից մոտ երկու ամիս անց տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին առաջին հետընտրական շփումը, որի ընթացքում, սակայն, գոնե հրապարակային հաղորդագրությունների մակարդակում ոչ մի խոսք չեղավ ընտրության մասին, առավել եւս Փաշինյանի հասցեին շնորհավորական խոսք։ Այս հանգամանքը շատերի գնահատմամբ պայմանավորված է ընտրության արդյունքից Ռուսաստանի դժգոհությամբ։ Ինքս խիստ կասկածում եմ, որովհետեւ այդ արդյունքի ձեւավորման հարցում թերեւս բավականին մեծ է հենց Ռուսաստանի լուման, ինչի մասին խոսել եմ բազմիցս։
Հետեւաբար, Հայաստանի խորհրդարանի ընտրության հանդեպ Պուտինի «անտարբերությունը» թերեւս պայմանավորված է նրանով, որ ՌԴ նախագահի համար, մեղմ ասած, առաջնահերթություն չէ։ Դրա մասին է նաեւ վկայում այն, որ Փաշինյանի հետ առաջին շփումը տեղի է ունենում ընտրությունից գրեթե երկու ամիս անց։ Եվ դա հարց է առաջացնում՝ ի՞նչ է փոխվել, որ մինչ այժմ Պուտինը չի արձագանքել շփման փաշինյանական փորձերին։ Իսկ, որ դրանք կարող էին լինել մեծ հավանականությամբ, թերեւս չկա կասկած, որովհետեւ նույն Փաշինյանը դեռ նախընտրական շրջանում էր խոսում հետընտրական հանդիպման պայմանավորվածության մասին։ Ի դեպ, Մոսկվան էլ կարծես թե չէր հերքում դա։
Հետեւաբար, հեռախոսազրույցը թերեւս տեղի է ունեցել հենց քաղաքական ավելի լայն հանգամանքների բերումով։ Եվ այստեղ ուշադրության է արժանի այն, որ Պուտինին Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ իր հեռախոսազրույցից երկու օր անց։ Գուցե կզանգահարեր մեկ օր անց, եթե այդ մեկ օրը պարզապես չլիներ կիրակի։ Իսկ Մակրոնը, ինչպես հայտնի է, շատ վաղուց է փորձեր անում Պուտինի հետ հաղորդակցությունը վերականգնելու համար։ Իսկ հաշվի առնելով այն, որ մի քանի օր առաջ Գերմանիա այց կատարած Ալիեւը հաստատեց, որ Բաքվում եղել է Գերմանիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաների փակ հանդիպում, հնարավոր է պատկերացնել, թե որքան խանդ կարող էր առաջանալ Եվրամիության միակ միջուկային պետության հանգամանքը առաջնորդության անթաքույց հավակնությամբ հիշեցնող Էմանուել Մակրոնի մոտ։
Ըստ այդմ, թերեւս հնարավոր է եզրակացնել, որ Փաշինյան–Պուտին հանդիպումը գործնական մակարդակում եղել է ավելի լայն միջազգային օրակարգի, քան հայ–ռուսական խնդիրների մասին, որոնք պարզապես այդ օրակարգի հանդեպ հայտնվել են մանրադրամի կարգավիճակում՝ ի ցավ Հայաստանի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության ու վերամշակող արդյունաբերության, ու այդ ոլորտներում ներգրավված տասնյակ եւ հարյուր հազարավոր քաղաքացիների։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

















































