«Զանգի արդյունքն այն էր, որ այդ անձնավորությունը, որը փաստացի վարչապետ է ՀՀ-ում, փորձում է ՌԴ-ի հետ հարաբերությունները դիրքավորել և ըստ երևույթին՝ պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց ինքն արդեն վստահություն չունի»,-Aravot.am-ի հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգի արդյունքը ո՞րն էր, այսպես պատասխանեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրապարակային հակառուսական հայտարարությունները, լրտեսական բովանդակությամբ, հակառուսական ցանցի՝ ՀՀ-ում գործելու հիմքերով հարուցված գործերն արդեն հիմք են տալիս ՌԴ-ին, որ ՀՀ-ի գործող իշխանության հետ որևէ հարաբերություն ունենալն անիմաստ գործ է․ «Դրա համար դիմում են վերջին քայլին՝ դիմում են ժողովրդին՝ ասելով՝ որոշեք ԵԱՏՄ-ում եք մնո՞ւմ, թե՞ գնում եք ԵՄ։ Եթե ժողովուրդն էլ է այդ որոշումը կայացնում, ուրեմն հարաբերությունները կխզվեն, ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս կմնա, և թող գնա, դառնա ԵՄ անդամ։ Սահմաններ չունենալ, ԵՄ անդամ լինելն աբսուրդ, անհեթեթություն է։ Հարևան Թուրքիան 20 տարուց ավելի է՝ չի կարողանում ԵՄ անդամ դառնալ։ Եթե հայ ժողովուրդը որոշի՝ ուզում գնալ ինքնասպանության, դա արդեն հայ ժողովրդի որոշելիքն է։ Մի մասը նման բան չի որոշել, մյուս մասը՝ հատկապես կրթական ցածր ցենզ ունեցողը, արդեն դարձել է գործոն քաղաքականության մեջ, դրան գումարած իշխանական ռեսուրսը և որոշակի շատ կասկածելի քվեարկությունները՝ անձնագրերի հետ կապված գործերը, դա էլ արդեն հայ ժողովրդի որոշելիքն է»։
ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների՝ այս փուլին հասնելու պատճառները Ստեփան Դանիելյանը տեսնում է ՀՀ-ում ԵՄ անդամագրման օրենք նախաձեռնելու և ընդունելու հարցում։
Մեր այն հարցին՝ արդյոք համամի՞տ է, որ ինչպես իրենց պրոեվրոպական հռչակած ուժերն են ասում՝ ՀՀ վարչապետը սպառել է ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը հարթելու բոլոր հնարավոր տարբերակները, Ստեփան Դանիելյանն այսպես պատասխանեց․ «ԱԺ-ում որոշվեց ընդունել ինչ-որ փաստաթուղթ, որը ոչինչ չի նշանակում, բայց որի իմաստն այն է, որ ՀՀ-ն գնում է դեպի ԵՄ, գործընթաց է սկսվում, որից հետո ՌԴ-ում այդ հարցը առաջացավ՝ դուք կամ այս կողմ եք գնում կամ այն կողմ։ Այսինքն՝ այդ օրենքը ՀՀ-ն ծուղակի մեջ գցեց։ Այդ՝ ոչինչ չասող օրենքը, որը ոչինչ չի տալիս, ինչո՞ւ համար մտցվեց ԱԺ և օրենք դարձավ»։
Կարդացեք նաև
Ստեփան Դանիելյանն այս առնչությամբ Ուկրաինայի օրինակը բերեց, երբ 2019-ին ՌԴ-ի, Ուկրաինայի նախագահները, Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը որոշակի համաձայնության եկան, բայց ուկրաինական 70 ՀԿ-ներ փաստաթղթի տակ ստորագրեցին, որտեղ ասում են, որ դեմ են ՌԴ-ի հետ գնալ որևէ համաձայնության․ «Արդյունքում այդ ամենը տապալվում է և որպես հետևանք՝ սկսվում է պատերազմը։ Հարցը հետևյալն է՝ եթե 70 կազմակերպություններ ուզում էին, որ Ուկրաինան դառնա ԵՄ անդամ, ԵՄ-ի հետ կարող էր Ուկրաինան պայմանագիր կնքել և ասել՝ միասին փաստաթուղթ ենք ստորագրում՝ փոխադարձ պարտավորություններով, որ Ուկրաինան ապագայում դառնա ԵՄ անդամ։ Ինչո՞ւ դա չի լինում, այլ լինում է 70 կազմակերպության ստորագրություն՝ որպես հանրային ճնշում։ Պատճառը պարզ է, որ պատերազմը սկսվի, եվրոպական կողմը որևէ պատասխանատվություն չվերցնի իր վրա, ասի՝ ձեր հասարակությունն է ստորագրել, ձեր որոշումն է, մենք այստեղ կապ չունենք։ Ուկրաինան տանել պատերազմի, ՌԴ-ի դեմ հակամարտության և դա անել ուրիշի ձեռքերով, որ որևէ պատասխանատվություն չկրեն այդ որոշման համար»։
Ըստ Ստեփան Դանիելյանի՝ նույնն արվել է ՀՀ-ում․ «Այդ ՀԿ-ներն ու կուսակցությունները նույն եղանակով ՀՀ-ն մտցրին ծուղակի մեջ, գործող իշխանությանն էլ համոզեցին, որ գնան դրան, ոչինչ չտվող օրենքով, որը մեզանից չի կախված, մենք ԵՄ անդամ կդառնանք, թե՝ ոչ, մեզ մտցրին ՌԴ-ի հետ հակամարտության մեջ։ Հնարավոր էր չէ՞ ՀՀ-ն ու ԵՄ-ն փաստաթուղթ ստորագրեին՝ փոխադարձ պարտավորություններով, որ ՀՀ-ն գնում է ԵՄ, ԵՄ-ն այս-այս պարտավորություններն է իր վրա վերցնում։ Բայց նույն տեխնոլոգիայով՝ երկրի ներսի հինգերորդ շարասյան միջոցով, նման ծուղակի մեջ մեզ գցեցին աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար։ Արդյունքում ՌԴ-ն ասաց՝ մեր հաշվին ԵՄ գնալ չի լինի, մենք պատրաստ չենք ձեզ վճարել ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ անդամ լինելու համար։ Եվ հարցը դրվեց հետևյալը՝ կամ հանրաքվե եք անում, գիտենք՝ դուք ով եք, բայց թող հայ ժողովուրդն էլ որոշի։ Հիմա այդ օտարերկրյա գործակալական ցանցը, որը դրսից, ըստ էության, հրահանգներ է ստանում, որովհետև այլ ձև հնարավոր չէ բնութագրել իրենց գործողությունները, հաջորդ քայլն է անում, որ Հայաստանը դարձնի հակամարտության տարածք, և վերջում ի տարբերություն Ուկրաինայի՝ ՀՀ-ից որևէ բան չի մնա և կդառնա մի փոքր հատված՝ ռուս-թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հայ գյուղացիները, աշխատավոր մարդիկ պետք է իմանան, թե այս ամենի պատասխանատուն ով է, որի հիմքում որևէ տրամաբանական նշույլ գոյություն չունի։ Կան պատասխանատուներ՝ անուն ազգանուններով, որոնք ստորագրահավաք կազմակերպողներն են և կա գործող իշխանություն, որն այդ քայլին անիմաստ գնաց»։
Հարցին՝ այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի իմաստը ո՞րն էր, Ստեփան Դանիելյանն այսպես մեկնաբանեց․ «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, ինքը հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել։ Կլինի տնտեսական ճգնաժամ, դա ամենաուժեղ ձևով կերևա հունվար-մարտ ամիսներին։ ՌԴ-ն, որ պահանջում է մինչև տարեվերջ հանրաքվե անցկացնել, որից հետո նրա ձեռքերը կբացվեն գազի գինը շուկայական դարձնելու համար։ Հայերը, որոնք գնալու են ՌԴ, լրիվ օտարերկրյա քաղաքացու կարգավիճակով են լինելու, և դրա հետևանքները լինելու են ահավոր ծանր։ Այդ անձնավորություններն էլ, որոնք այդ հանրաքվեի համար ստորագրություններ էին հավաքում, իրենք էլ երևի դրա համար, ըստ երևույթին, կվճարվեն։ Բայց մնացած ժողովուրդն այդ վիճակում կհայտնվի անիմաստ այս քաղաքականության հետևանքով։ Մյուս կողմից, քանի որ ընտրությունների ժամանակ ժողովրդի մի հատված այդ քարոզչության տակ ընկել է, գուցե արժանի են դրան, բայց այն մարդիկ, որոնք այդ քարոզչության տակ չեն ընկել, տուժողները կլինեն»։
Հիշեցմանը՝ Ձեր ֆեյսբուքյան էջում մտահոգություն էիք հայտնել. «Բանտերը լցնում է մարդկանց Ռուսաստանի օգտին «լրտեսության» շինծու, դատարանում փլուզվող գործերով ու զանգում նույն Ռուսաստանի նախագահին ու խնդրում, որ իրենց շուկան հայկական ապրանքների համար բացվեն» և հարցին՝ մի՞թե այս ամենը Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թեև նախընտրական շրջանում ասում էր՝ ընտրվեմ, Մոսկվա եմ գնալու, խնդիրները լուծեմ, Ստեփան Դանիելյանն այդպես արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ ընտրություններում պարտվելու է, միացյալ ընդդիմությունը հաղթելու է։ Դրա համար ինքը պետք է գնար խախտումների և աջակցություն ստանար Արևմուտքից, որ դրանց հիման վրա Արևմուտքը չհայտարարեր, որ ընտրությունների արդյունքներն արդար, օրինական չէին։ Դրա համար ինքն ուզում էր աշխարհաքաղաքական հակամարտություն սարքել և Արևմուտքից աջակցություն ստանար։ Թեև մտածում էր ընտրություններից հետո կգնա, ՌԴ-ի հետ հարաբերությունները կկարգավորի։ Դրա համար իրեն պետք էր ցույց տալ, որ ընդդիմադիր ուժերը պրոռուսական են, Ռուսաստանի լրտեսական ցանցն է, որ Արևմուտքի համար համոզիչ լիներ, դրա համար պետք էր ինչ-որ մարդկանց ձերբակալել և մեղադրել լրտեսական գործունեության համար։ Դատարանում այդ գործերը փլուզվում են։ Եթե դու ինչ-որ մարդկանց հայտարարում ես Ռուսաստանի լրտեսներ, նշանակում է՝ ՌԴ-ն թշնամի երկիր ես համարում, որը լրտեսական գործունեություն է իրականացնում ՀՀ-ում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































