Լրահոս
Օրվա լրահոսը

Ջարեդ Լետոյին մեղադրել են դեռահասների նկատմամբ բռնաբարության և ոտնձգության մեջ

Հուլիս 30,2026 10:47 Share

Չորս կին Thirty Seconds to Mars խմբի երգիչ և դերասան Ջարեդ Լետոյին մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործություններում։ Նրանց պատմությունները ներառվել են BBC-ի «Ջարեդ Լետո. Հոլիվուդի մութ գաղտնիքը» վավերագրական ֆիլմում։

Կանանցից մեկը պնդում է, որ Լետոն սեքսուալ բռնության է ենթարկել իրեն, երբ ինքը 17 տարեկան էր։ Մեկ ուրիշը պատմել է, որ 19 տարեկան հասակում դերասանը հյուրանոցի սենյակում սպառնացել է իրեն բռնությամբ։ Մեկ այլ կին հայտարարել է, որ 17 տարեկանում Լետոյի հետ սեռական հարաբերության մեջ է եղել Կալիֆոռնիայում, որտեղ համաձայնության տարիքը 18 է։ Չորրորդը պատմել է, որ դերասանը սեքսուալ բնույթի առաջարկներով զանգահարել է իրեն, երբ ինքը 16 տարեկան էր։

Ընդհանուր առմամբ ֆիլմի համար հարցազրույց են տվել տասը կին. նրանցից եւս չորսը պատմել են երիտասարդ տարիքում Լետոյից ստացած սեքսուալ բնույթի զանգերի մասին։ Մի կին պնդում է, որ 14 տարեկան հասակում դերասանն անպարկեշտ մեկնաբանություն է արել իր մարմնի մասին եւ հրահանգել է իրեն տանել երաժշտական փառատոնի կուլիսներ։

BBC-ն հայտնում է, որ պատմություններից մի մասը հաստատվում է լուսանկարներով, նամակագրությամբ, ինչպես նաեւ կանանց ընկերների ու հարազատների վկայություններով։

Thirty Seconds to Mars-ի երկու նախկին աշխատակիցներ նույնպես պատմել են, որ խմբի անձնակազմը անհարմարություն էր զգում Լետոյի՝ դեռահաս աղջիկների հետ շփումից, որոնց հրավիրում էին կուլիսներ եւ այն տունը, որտեղ աշխատում էին երաժիշտները։

Լետոն չի պատասխանել BBC-ի հարցումներին։ 2025 թվականին, երբ ինը կին նմանատիպ մեղադրանքներով հանդես եկան Air Mail հրատարակության նյութում, դերասանն ամեն ինչ հերքել էր, գրում է BBC-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել