Հարգելի՛ քաղաքացիներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնը, հիմնվելով Վեդիի դեպքի վերաբերյալ արձագանքների վրա, հարկ է համարում հանդես գալ սույն ուղերձով:
Դեպքի մանրամասները բազմիցս կրկնվել և քննարկվել են չափից շատ վայրերում բազմաթիվ մարդկանց կողմից, ովքեր չեն ճանաչում այդ երեխաներին և երբեք պատասխան չեն տալու նրանց առջև։
Կրկնությունն ինքնին վնաս է, և մենք խնդրում ենք, որ այսօր այն դադարի։
Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնն արդեն ավելի քան մեկ տասնամյակ աշխատում է Հայաստանում սեռական բռնություն վերապրածների հետ։ Մենք նստում ենք վերապրածների կողքին դատաբժշկական փորձաքննության ընթացքում։ Մենք ուղեկցում ենք նրանց քննիչների մոտ, որոնց աշխատասենյակները և աշխատելաոճը նրանց համար առնվազն սթրեսային է։ Մենք գիտենք, թե ինչպես է տեղի ունենում ռետրավմատիզացիան, երբ երեխան երկուսից ավել անգամ ենթարկվում է տրավմատիկ իրողության՝ սկզբում նրա կողմից, ով իրեն վնասել է, և հետո այն համակարգերի կողմից, որոնք տեսականորեն պետք է պաշտպանեին իրեն: Այս դեպքը ամենից առաջ աղքատության մեջ ապրող, մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների դեպք է, ում նկատմամբ իրականացված բռնության մասին, ըստ հաղորդումների, տեղական իշխանությունները գիտեին ամիսներ առաջ։
Կարդացեք նաև
Այս դեպքը օրինաչափ արդյունք է այնպիսի համակարգի, որը կառուցված չէ կանխելու, բացահայտելու և արձագանքելու սեռական բռնությանը, որին պարբերաբար ենթարկվում են այս երկրի հաշմանդամություն ունեցող երեխաները, աղքատ երեխաները, գյուղաբնակ երեխաները և այն երեխաները, որոնց ընտանիքները կախված են ավելի հզոր մեծահասակների հովանավորչությունից։
Այն ցուցմունքը, որը որակվել է «հակասական»
Գրումինգի (սեռական նպատակներով երեխաների վստահության ձեռքբերում, գայթակղում, բռնություն), սպառնալիքների կամ սեռական բռնության ենթարկված երեխաները չեն տալիս մաքուր, գծային ցուցմունքներ իրենց հետ կատարվածի մասին։ Սեռական բռնություն վերապրած թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները չեն կարող տալ դեպքերի գծային, տրամաբանորեն ճիշտ կառուցված խրոնոլոգիա, նույնիսկ նրանք, ովքեր հարցաքննվում են հոգեբանի, փաստաբանի և վստահելի մեծահասակի ներկայությամբ։
Իսկ այն երեխաները, ում բռնարարները եղել են այն մարդիկ, որոնց վստահել է իրենց ընտանիքը՝ հարևանները, վարորդները, «բարերարները», ավելի խոցելի են ցուցմունք տալու տեսանկյունից, որովհետև բռնարարը նրանց համար նաև այն մարդն է, ով տուն էր բերում ուտելիք, վճարում էր իրենց դպրոցական պարագաների համար, ում մասին նրանց ծնողներն ասում էին, որ նա բարի մարդ է։ Սա ոչ թե խոսում է երեխայի անազնվության մասին, այլ տրավմայի, գրումինգի և ոչ էֆեկտիվ, վնասող հարցաքննության ապացույց է։
Ամեն անգամ, երբ այսպես կոչված հակասությունները հրապարակվում են որպես պատմության «մութ կողմեր», սեռական բռնության ենթարկված անձանց ևս մեկ անգամ ասվում է՝ քեզ չեն հավատալու։ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխա, որը հենց հիմա ենթարկվում է բռնության և կարդում կամ լսում է Վեդիի դեպքի մասին, ստանում է նույն ուղերձը. «Եթե բարձրաձայնես, քեզ կդատապարտեն»:
Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի ստեղծել այն պայմանները, որտեղ սեռական բռնության ենթարկվող անձը ու երեխան չի մեղադրվի։
Այն մասին, թե ինչ ազդեցություն ունի այս դեպքի լուսաբանումը
Այն վայրը, որտեղ տեղի է ունեցել բռնությունը, փոքր քաղաք է։ Ավելին, Հայաստանը փոքր երկիր է: Հայկական լրատվամիջոցներում հրապարակված մանրամասների ամբողջությունը՝ ընտանիքի կազմը, քույրերի փոխհարաբերությունները, նրանցից մեկի հաշմանդամություն ունենալը, դպրոցի ճանապարհը, եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած բռնության վայրը, ենթադրյալ հանցագործների նկարագրությունը, նկարները տարածելը և ինքնության բացահայտումը, ընտանիքին նյութապես աջակցող «բարերարի» գոյությունը՝ ավելի քան բավական է, որ համայնքում և Հայաստանում ապրող ցանկացած մարդ, ինչպես նաև համացանցի յուրաքանչյուր օգտատեր կարողանա այսօր և ընդմիշտ ճանաչել այս երեխաներին։
֊ Մենք խնդրում ենք, որ բոլոր լրատվամիջոցները հեռացնեն նույնականացնող մանրամասները եղած նյութերից, դադարեցնեն օգտագործել աղմկահարույց, սենսացիա և հասարակական տագնապ առաջացնող բովանդակությամբ բառեր հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ կատարված հանցագործությունը նկարագրելիս:
֊ Խնդրում ենք դադարեցնել հրապարակել ենթադրյալ հանցագործների անունները, տարիքը, զբաղմունքը և հարաբերությունները այնպես, որ տասներեք հազար բնակիչ ունեցող քաղաքում դա ընտանիք տանող քարտեզի դեր կատարի:
֊ Խնդրում ենք դադարեցնել այս պատմությունը տեղադրել նույն լրահոսում՝ նախընտրական մեկնաբանությունների ու քաղաքական անձնավորություններին վիրավորելու նպատակով։
📌 Երեխաները լրահոս չե՜ն:
Այն, ինչ այսօր գրվում է, հասանելի կլինի վաղը, երբ այս աղջիկները դառնան երեսուն տարեկան, դիմեն աշխատանքի, վիզայի, ընտանիք կազմեն, ապրեն մեզ հետ կողք կողքի: Որոնման համակարգերը չեն մոռանում։ Հայկական համացանցային տիրույթում «մոռացված լինելու իրավունքի» համակարգ չկա, որը կօգներ նրանց։
Այսօր ձեր գրածն այն է, ինչի հետ նրանք ապրելու են հավերժ։
❗️Սա ամենևին չի նշանակում, որ մենք լռություն ենք պահանջում։
Հենց լռությունը ստեղծեց այն իրականությունը, որի արդյունքում տեղի ունեցան այս դեպքը և բոլոր մնացած դեպքերը։ Մենք ուզում ենք այլ տեսակի լրագրություն, որը կնշի համակարգային ձախողումները, քաղաքականությունների բացերը, իրավապահ մարմինների կողմից այսպիսի դեպքերի սխալ վարման պատմությունը, զոհականացումը, գաղտնիության բացահայտումը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ հարցաքննություն վարելու էթիկան, պաշտոնական վիճակագրության բացակայությունը և բոլոր մնացած խնդիրները։
📌 Այն բառերի մասին, որոնք մենք ընտրում ենք
Այս հայտարարության մեջ մենք չենք խրախուսում «մանկապղծություն» եզրույթը։ Մենք գիտակցում ենք, որ դա տարիներով կարծրացած իրավաբանական խոսքի և հայկական լրատվամիջոցների մեծ մասի օգտագործած բառն է։ Մենք նաև գիտակցում ենք, որ այդ բառը գործողությունը ներկայացնում է որպես մանկության վերացական անմեղության պղծում՝ բարոյական աղտոտում, որը տեղի է ունեցել մաքրության դեմ, և ոչ թե հանցագործություն, որը գործվել է կոնկրետ անձի դեմ, ով ունի անուն, մարմին և ապագա։ Հայերեն այս բառը կենտրոնում դնում է հանցագործի՝ պղծելու արարքը. ոչ թե երեխայի՝ վնասվելու փորձառությունը։ Քանի դեռ մենք շարունակում ենք օգտագործել այն, մենք շարունակելու ենք այս դեպքերին արձագանքել հին, կեղծ, բարոյական բառապաշարով, մինչդեռ բռնությունն ինքնին տեղի է ունենում 2026 թվականին այլ ժամանակակից միջոցներով՝ մեքենաներով, հեռախոսներով, չատային հարթակներով, դրամական նվերներով, ուտելիքով, միջմարզային հանցագործ ցանցերով, և այլն։
Տեղի է ունեցել սեռական բռնություն երկու երեխաների նկատմամբ, որոնցից մեկը, ըստ ամենայնի, թիրախավորվել է մասամբ այն պատճառով, որ իր բռնարարները և իր շուրջ գտնվող մեծահասակները հավատացել են, որ իր՝ հաշմանդամություն ունենալու փաստն իր խոսքերը կդարձնի ոչ հավաստի:
ՍԲՃԿ֊ն գիտակցաբար ընտրում է «երեխայի նկատմամբ սեռական բռնություն» արտահայտությունը, և խնդրում, որ մյուս կազմակերպությունները, լրագրողները և քաղաքականություն մշակողները ևս վարվեն նույն կերպ։
📌 Հաշմանդամության և սեռական բռնության մասին Հայաստանում
Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, հաշմանդամություն ունեցող և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ երեխաները, մեծահասակներն ու տարեցները, ենթարկվում են սեռական բռնության առավել հաճախ: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը չի չափում այդ թվերը, քանի որ դեռևս չի ստեղծել այն համակարգերը, որոնք դա կչափեին։
Միջազգային հետազոտությունները միանշանակ են. հաշմանդամություն ունեցող մարդիկ ենթարկվում են սեռական բռնության և մտերիմ զուգընկերոջ կողմից բռնության զգալիորեն ավելի հաճախ, քան հաշմանդամություն չունեցող անձինք, իսկ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ, լսողության խնդիրներ ունեցողները և այն մարդիկ, ովքեր ամենօրյա խնամքի համար կախված են ուրիշներից, ենթարկվում են բռնության ամենաբարձր ռիսկին։ Մենք պատճառ չունենք հավատալու, որ Հայաստանը բացառություն է։ Բոլոր պատճառներն ունենք հավատալու, հաշվի առնելով գիշերօթիկ դպրոցի դեպքը, ՍԲՃԿ թեժ գծի զանգերի և մեր երկարատև փորձը, որ Հայաստանն ավելի մոտ է միջազգային սանդղակի վատթարագույն եզրագծին։
Այս երկրում հաշմանդամություն ունեցող երեխաները և մեծահասակները երբեմն բռնության են ենթարկվում հարևանների, խնամակալների, ընտանիքի անդամների, տաքսու վարորդների, ուսուցիչների, հոգևորականների, «բարերարների», և երբեմն հենց այն մասնագետների կողմից, որոնց աշխատանքը նրանց պաշտպանելն է։
Նրանք բռնության են ենթարկվում ավելի հաճախ, ավելի դաժանորեն և ավելի երկար, որովհետև յուրաքանչյուր արգելք, որ գոյություն ունի հաշմանդամություն չունեցող վերապրածների համար, ունեցողների համար բազմապատկվում է։
֊ Ամոթը բազմապատկվում է։
֊ Ֆինանսական կախվածությունը բազմապատկվում է։
֊ Բացահայտելու դեպքում հաստատությունում հայտնվելու վախը՝ բազմապատկվում է։
֊ Ոստիկանական բաժնի, դատարանի, ապաստարանի, դատաբժշկական փորձաքննության սենյակի անհասանելիությունը՝ բազմապատկվում է։
Ժեստերի լեզվի թարգմանիչների բացակայությունը, պարզ լեզվով հարցազրույցի արձանագրությունների բացակայությունը, մատչելի փոխադրամիջոցի բացակայությունը, զգայուն համակարգի և ցանկացած հարմարանքի բացակայությունը հասարակ և հերթական բացեր չեն։ Սրանք այն համակարգն են, որտեղ մենք ապրում ենք և որը մենք ենք ստեղծել:
Քանի դեռ Հայաստանը չի կառուցել սեռական բռնության հակազդման այնպիսի համակարգ, որն ի սկզբանե մատչելի կլինի լսողության խնդիրներ, մտավոր, ֆիզիկական հաշմանդամություն ունեցողների, քրոնիկ հիվանդություններով ապրող երեխաների և մեծահասակների համար, և նրանց համար, ովքեր սննդի, ապաստանի և դեղորայքի համար կախված են հենց բռնարարից, այս Վեդիին հաջորդելու է մեկ այլ վեդի։
📌 «Բարերարի» հարցի և այն մասին, թե ինչ է սա մեզ ասում Հայաստանի վերաբերյալ
Վեդիի ընտանիքի մասին լուսաբանումներում հիշատակվում է մի տղամարդ, ով նյութապես աջակցում էր ընտանիքին՝ «բարերար»։ Մենք չենք պատրաստվում ենթադրություններ անել նրա ինքնության շուրջ և չենք զբաղվելու տարածվող լուրերով։ Բայց կասենք հետևյալը. լավ ապահովված տղամարդու կերպարը, ով գումար, ուտելիք, նվերներ, փոխադրում կամ «աջակցություն» է տրամադրում խոցելի ընտանիքներին՝ դրա դիմաց իրենց երեխաներին հասանելիություն ստանալով, միայն Վեդիին չէ հատուկ։ Սա օրինաչափություն է, որից այս երկիրը խուսափել է։ Դրանք տեղի են ունենում և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Տեղի են ունենում դասային սահմանները հատելով, թեև առավել արդյունավետորեն թիրախավորվող զոհերն են աղքատ, միածնող և/կամ հաշմանդամություն ունեցող երեխայով ընտանիքները, որտեղ օգնությունից հրաժարվելու գինը սովն է, իսկ ընդունելու գինը՝ քո երեխան։ Հայաստանում գրումինգը հաճախ կրում է առատաձեռնության դիմակ։ Մեզ պետք է, որ հանրությունը, մամուլը, դատախազությունը և սոցիալական ծառայությունները սովորեն ճանաչել դա։
📌 Այն մասին, թե ինչ է հարկավոր անել
Մենք խնդրում ենք Հայաստանի Ազգային ժողովին անհապաղ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան և էապես բարեփոխել երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար նախատեսված քրեական դատավարության և սոցիալական արդարության հասնելու պրոցեսը։
Մենք խնդրում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներդնել տարիքին համապատասխան, հաշմանդամությունը ներառող կրթություն մարմնի, համաձայնության, անվտանգ համարվող և չհամարվող հպումների մասին՝ սկսած վաղ մանկությունից և շարունակելով հատուկ կրթության հաստատություններում։ Վեդիի դեպքն այն է, ինչ պատահում է, երբ հաշմանդամություն ունեցող երեխային երբեք հնարավորություն չեն տվել բառերով նկարագրելու, թե ինչ է արվում իր նկատմամբ, և իր շուրջ գտնվող մեծահասակներին երբեք հնարավորություն չեն տվել հարցնելու, թե ինչ է կատարվում նրանց երեխաների նկատմամբ։
Մենք խնդրում ենք Քննչական կոմիտեին և Գլխավոր դատախազությանը երաշխավորել, որ ոչ մի երեխա՝ հատկապես ճանաչողական կամ հաղորդակցական հաշմանդամություն ունեցող, չի հարցաքննվելու սեռական բռնության վերաբերյալ՝ առանց որակյալ մանկական հոգեբանի, փաստաբանի և հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված հարմարեցումների։ Լանսարոտեի կոնվենցիայի չափանիշները գոյություն ունեն։ Barnahus մոդելները գոյություն ունեն։ Հայաստանը պետք է դրանք ընդունի գործնականում, այլ ոչ միայն այն քաղաքականության փաստաթղթերում, որոնք փոշոտվում են դարակներում։
Մենք խնդրում ենք Գլխավոր դատախազությանը հետաքննել ոչ միայն Վեդիի ենթադրյալ հանցագործներին, այլ նաև յուրաքանչյուր պաշտոնյայի, ով գիտեր սկզբնական հաղորդագրության մասին և ոչինչ չի արել այդ ուղղությամբ։
Կոծկումն ինքնին հանցագործություն է երեխայի դեմ և պետք է դատապարտվի որպես այդպիսին։
Մենք խնդրում ենք հայաստանյան լրագրողներին և խմբագիրներին կարդալ և կիրառել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների մասին լուսաբանման էթիկական ուղեցույցները, Լրագրողների միջազգային ֆեդերացիայի՝ երեխաների իրավունքների և լրագրության չափանիշները, և Եվրոպայի խորհրդի՝ կանանց ու երեխաների նկատմամբ բռնության լուսաբանման ուղեցույցները։ Այսօր մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել ցանկացած խմբագրության, որը ցանկանում է լրջորեն կատարել այս աշխատանքը. հրապարակավ չենք թվարկելու այն լրատվամիջոցները, որոնք վնասում են և շարունակում են վնասել։
📌 Այն մասին, թե ինչ կարող է անել Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձ
Մենք անմիջականորեն դիմում ենք նաև այն մարդկանց, ովքեր կառավարությունում չեն, լրագրող չեն և մասնագիտորեն ներգրավված չեն այս աշխատանքում՝ հարևաններին, ուսուցիչներին, ավտոբուսի վարորդներին, քահանաներին, դեղագործներին, ազգականներին, այն մարդկանց, ովքեր ապրում են այնպիսի ընտանիքի կողքին, որի հետ «ինչ-որ բան այնպես չէ»։
Մի՛ արհամարհեք: Եթե ձեր ճանաչած երեխայի հետ վարվում են այնպես, որ դա ձեզ անհանգստացնում է՝ դպրոցից բացակայում է, անծանոթ մեծահասակներից նվերներ է ստանում, խնդրում ենք զանգահարել մեզ:Անհրաժեշտ չէ համոզված լինել։ Անհրաժեշտ չէ ապացույց ունենալ։ Անհրաժեշտ չէ ձեր անունը նշել։ Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը գոյություն ունի այն պատճառով նաև, որ յուրաքանչյուրը հույս է փայփայում որ ուրիշ մեկը, ի վերջո, ինչ-որ բան կասի կամ կանի։
Այս լռությունը բերում է անպատժելիության և դեպքերի շարունակականության:
Իսկ չարված զանգի արդյունքը ևս մեկ երեխայի խեղվող կյանքն է։
Եթե Դուք մեծահասակ եք, ով մանուկ հասակում ենթարկվել է սեռական բռնության և տասնամյակներ շարունակ կրել եք դա միայնակ, կարող եք զանգահարել մեզ։ Մենք ձեզ կլսենք և կաջակցենք:
❓Ո՞ւր կամ ո՞ւմ զանգահարել։
Հայաստանում սեռական բռնության ենթարկված ցանկացած մարդ, ցանկացած տարիքում, ցանկացած ձևով կարող է կապ հաստատել Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոնի թեժ գծի հետ՝ 077 99 12 80։
Մենք գաղտնիության սկզբունքով ենք գործում։ Մենք չենք պահանջում, որ դուք դիմեք ոստիկանություն։ Մենք չենք պահանջում, որ դուք դիմում ներկայացնեք։ Մենք չենք պահանջում, որ դուք ձեր անունը նշեք։ Մենք աշխատելու ենք ձեզ հետ ձեզ հարմար ձևաչափով և տեմպով։ Եթե դուք ծնող եք, ուսուցիչ, սոցիալական աշխատող, բժիշկ, կամ ցանկացած այլ մեծահասակ, որը կասկածում է, որ երեխա է վնասվում, դուք նույնպես կարող եք զանգահարել, և մենք կօգնենք հասկանալ, թե ինչպես վարվել։
❓Ի՞նչ անել հիմա
Վեդիի երկու երեխաները արժանի էին այնպիսի երկրի, որը կպաշտպաներ նրանց, քանի դեռ սա չէր պատահել։ Նրանք արժանի էին դպրոցների, որոնք կսովորեցնեին, որ իրենց մարմիններն իրենցն են։ Նրանք արժանի էին հատուկ կրթության համակարգի, որը հաշմանդամություն ունեցող երեխային չէր թողնի ավելի մեկուսացված։ Նրանք արժանի էին տեղական ոստիկանության, որը լրջորեն կընդուներ իրենց ընտանիքի առաջին հաղորդագրությունը։ Նրանք արժանի էին մամուլի, որը գործը հրապարակվելու օրը կհարցներ՝ ով գիտեր, երբ իմացավ, ինչու սպասեց:
Այս ամենից ոչ մեկը նրանք չեն կարող ստանալ հիմա։ Բայց նրանք կարող են ունենալ մի երկիր, որն այս դեպքին կարձագանքի այլ կերպ, քան արձագանքել է բոլոր նախորդ դեպքերին, երկիր, որը հիմա կպաշտպանի նրանց այն մղձավանջից, որը նրանք հավերժ կկրեն։ Երկիր, որն այս պահին կօգտագործի ոչ թե զայրույթի և բոլորին մեղադրելու լեզուն, այլ կկատարի այն ձանձրալի, թանկ, կառուցվածքային աշխատանքը, որով կկառուցվի համակարգ, որտեղ Հայաստանի բոլոր մարզերում սեռական բռնության ենթարկվող երեխային կաջակցեն առաջին իսկ դիմումից:
Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն, Հայաստան
Թեժ գիծ՝ 077 99 12 80


















































