Վեդու ՔՊ ավագանու խմբակցությունը մոտ օրերս արտահերթ նիստ կհրավիրի, ու ավագանու կազմից կընտրվի ղեկավար: Այս մասին այսօր 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց Վեդու նախկին համայնքապետ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը:
Հարցին՝ դժգո՞հ էին ձեր աշխատանքից, որ թողեցիք Վեդու համայնքապետի պաշտոնը, ի պատասխան Սարգսյանը հարցրեց. «Ինչի՞ց վերցրիք, գնացեք Վեդի, հարցրեք»: Հետո հավելեց, որ եթե դժգոհ լինեին, պատգամավորի մանդատն իրեն չէր փոխանցվի:
Սարգսյանն ասաց, որ ինքը որոշում ուներ, որ Վեդու համայնքի ղեկավարի պաշտոնում մեկ ժամկետից ավելի չի պաշտոնավարելու, իսկ իր պաշտոնավարման ժամկետը մոտենում էր ավարտին:
«Վեդին երբեք անտեր չի եղել, ոչ էլ ինձանից հետո է լինելու: Վեդին ունի ՔՊ կուսակցության խմբակցություն, և Վեդին անտեր չէ: Իմ որոշումն է եղել»,- ասաց Սարգսյանը:
Կարդացեք նաև
Լրագրողը հիշեցրեց, որ Գարիկ Սարգսյանն այդպես էլ չիրագործեց իր ամենակարևոր խոստումը՝ կոկորդիլոսաբուծարանի հետ կապված: Ի պատասխան Սարգսյանը կոչ արեց լրջանալ.
«Ես կեսկատակ, կեսլուրջ շփվել եմ լրագրողների հետ մեկ անգամ, այլևս չեմ պատրաստվում ձեզ հետ կատակով ինչ-որ բան խոսել: Լրջացեք, ցտեսություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































