Յուրաքանչյուր երկիր, որը ընդունում է մարդկանց մեծ հոսքեր, պարտավոր է ունենալ հստակ քաղաքականություն՝ հասկանալու այդ գործընթացների ազդեցությունը իր սոցիալական, տնտեսական և քաղաքային համակարգերի վրա։ Պետության խնդիրն է ոչ միայն արձագանքել արդեն առաջացած խնդիրներին, այլ կանխատեսել հնարավոր զարգացումները և նախապես ստեղծել անհրաժեշտ կառավարման մեխանիզմներ։
Հայաստանն այսօր գտնվում է զարգացման նոր փուլում։ Երկիրը փորձում է ներկայանալ որպես զբոսաշրջային, տնտեսական և տարածաշրջանային կապերի կենտրոն։ Սա փոքր տնտեսության համար կարող է ստեղծել նոր հնարավորություններ, սակայն յուրաքանչյուր զարգացման մոդել ունի նաև իր հակառակ կողմը՝ նոր հոսքեր, նոր պահանջներ և նոր կառավարման խնդիրներ։
Վերջին շրջանում Երևանում քաղաքացիների ուշադրությունն է գրավում օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հնդկաստանից ժամանողների թվի աճը։ Այստեղ անհրաժեշտ է հստակ տարբերակել խնդրի էությունը։ Հարցը որևէ ժողովրդի կամ որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը չէ։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվության և օրենքի պաշտպանության իրավունք։ Սակայն յուրաքանչյուր պետություն ունի նաև պարտավորություն՝ կառավարելու միգրացիոն հոսքերը, ապահովելու օրենքի միասնական կիրառումը և պաշտպանելու իր քաղաքացիների անվտանգ ու կազմակերպված միջավայրում ապրելու իրավունքը։
Ես հաճախ եմ ոտքով շրջում Երևան քաղաքով և անմիջականորեն առնչվում եմ քաղաքի իրական կյանքին։ Այն, ինչ տեսնում է սովորական քաղաքացին փողոցում, երբեմն տարբերվում է պաշտոնական պատկերացումներից։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել իրավիճակների, որոնք առաջացնում են անհանգստություն՝ մարդիկ, որոնք հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում, բնակվում են ոչ պատշաճ վայրերում, գիշերում են հասարակական տարածքներում կամ կանաչ գոտիներում՝ չունենալով տարրական կենցաղային և սանիտարական պայմաններ։ Այս երևույթները միայն արտաքին տեսքի կամ քաղաքի պատկերի խնդիր չեն։ Դրանք ազդում են հանրային միջավայրի, քաղաքացիների զգացողությունների, Երևանի հեղինակության և քաղաքային կառավարման արդյունավետության վրա։
Որոշ դեպքերում օտարերկրյա քաղաքացիները հայտնվում են նաև այնպիսի իրավիճակներում, երբ զբաղվում են մուրացկանությամբ՝ հատկապես եկեղեցիների, զբոսաշրջային վայրերի և մարդաշատ տարածքների հարակից հատվածներում։ Այստեղ ևս խնդիրը մարդկանց դատապարտելը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է պետությունը կառավարում նման իրավիճակները։ Եթե մարդը հայտնվել է ծայրահեղ սոցիալական վիճակում, անհրաժեշտ է համապատասխան արձագանք՝ իրավական, սոցիալական և մարդասիրական գործիքներով։
Սակայն միաժամանակ չի կարելի անտեսել Երևանի բնակիչների օրինական մտահոգությունները։ Մայրաքաղաքը պարզապես տարածք չէ, որտեղ մարդիկ ժամանակավորապես գտնվում են։ Երևանը քաղաքացիների տունն է, և քաղաքային իշխանությունները պարտավոր են ապահովել կարգավորված, անվտանգ և արժանապատիվ միջավայր։
Եթե մարդը գալիս է Հայաստան որպես զբոսաշրջիկ, պետության խնդիրն է ապահովել բարենպաստ պայմաններ և անվտանգ միջավայր։ Եթե մարդը գալիս է աշխատելու, անհրաժեշտ է ապահովել օրինական զբաղվածություն և հավասար մրցակցային պայմաններ։ Եթե որևէ անձ հայտնվում է սոցիալական ծանր իրավիճակում, պետությունը պետք է ունենա աջակցության և կարգավորման մեխանիզմներ։ Երբ որևէ երկիր ընդունում է մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների, անհրաժեշտ է հասկանալ՝ ովքեր են նրանք, ինչ նպատակով են ժամանել, որտեղ են բնակվում, ինչ աշխատանք են կատարում և արդյոք պահպանվում են Հայաստանի օրենսդրության պահանջները։ Առանց նման համակարգի նույնիսկ դրական գործընթացները կարող են ստեղծել նոր խնդիրներ։
Միգրացիոն հոսքերը կարող են նպաստել երկրի զարգացմանը, եթե դրանք կառավարվում են։ Սակայն անկառավարելի կամ չվերահսկվող ներհոսքը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել աշխատաշուկայի, բնակարանային համակարգի, սոցիալական ծառայությունների և քաղաքային ենթակառուցվածքների վրա։
Եթե կառավարությունը խրախուսում է միջազգային բացությունը, ապա պարտավոր է ներկայացնել նաև այդ բացության կառավարման մեխանիզմները։ Զբոսաշրջության զարգացումը միայն այցելուների թվի ավելացում չէ։ Դա նշանակում է նաև պատրաստ լինել այդ աճին։ Եթե երկիրը ցանկանում է ընդունել ավելի շատ զբոսաշրջիկներ, օտարերկրյա աշխատողներ, ուսանողներ և ներդրողների, ապա պետք է ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, իրավական համակարգ և կառավարման կարողություններ։
Վերջին շրջանում քաղաքացիների դժգոհությունն է առաջացնում նաև որոշ ծառայություններ իրականացնող անձանց կողմից քաղաքային կանոնների խախտումը։ Փոքր մոտոցիկլներով կամ այլ միջոցներով առաքումներ իրականացնող որոշ անձինք հաճախ երթևեկում են մայթերով՝ վտանգելով հետիոտների անվտանգությունը։ Մայթերը նախատեսված են մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Եթե օրենքը գոյություն ունի, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ հավասարապես։
Այս իրավիճակում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը ունի ժամանակակից միգրացիոն քաղաքականություն, արդյո՞ք գնահատվում են արտաքին հոսքերի երկարաժամկետ հետևանքները, ո՞վ է պատասխանատու այն գործընթացների կառավարման համար, որոնք արդեն տեսանելի են Երևանի փողոցներում։ Պետական կառավարման պատասխանատվությունն այստեղ առանցքային է։
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































