Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտ 6 միլիարդ դրամի գույքային հայց ներկայացվեց Սամվել Կարապետյանի դեմ

Օգոստոս 04,2026 15:57 Share

Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում հանրային մեղադրողը գույքային հայց ներկայացրեց Կարապետյանի դեմ և այս գործով անցնող ևս երկու մեղադրյալի նկատմամբ։

Ըստ գույքային հայցի՝ հանրային մեղադրողը պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 6 միլիարդ 814 միլիոն 285 հազար 705 դրամ Սամվել Կարապետյանից, Անդրանիկ Խաչատրյանից և Վլադիմիր Թարջումանյանից։

Կարապետյանի պաշտպանն ասաց, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, չի բխում Կարապետյանին ներկայացված ապօրինի մեղադրանքի ձևակերպումից։ Ըստ պաշտպանի՝ հայցադիմումում հստակ նշված չէ, թե ինչի հիման վրա է գույքային հայցը կառուցվում։

Նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն էլ ասաց, որ այս փուլում չեն քննարկում հայցի հիմնավորվածությունը, դա կարվի ապացույցների հետազոտությունից հետո:

Փաստաբանը նաև հավելեց, որ հայցադիմումում երկու ապացույց կա, որը կարող է տեսականորեն հայցի հիմք լինել, սակայն երկուսն էլ անթույլատրելի, ապօրինի ապացույցներ են։ Ըստ նրա՝ օպերատիվ-հետախուզական մարմնի գործողությունների արդյունքները չեն կարող օգտագործվել, բայց օգտագործվել են։

Պաշտպաններից Արմեն Ֆերոյանն էլ հավելեց, որ նույնիսկ եթե կա առաջադրված մեղադրանք, դրանից հետո տեղի են ունեցել էական հանգամանքների փոփոխություններ։

«Կա հարկային մարմնի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, որով հարկային պարտավորությունները զրոյական են։ Դատախազը բերի ասի՝ այսքան հարկային պարտավորություն չկատարելու համար ներկայացնում եմ գույքային պահանջ։ Դա հանրության շրջանում իմիտացիա ստեղծել է, իբր՝ տեսեք, Սամվել Կարապետյանի դեմ ներկայացրել ենք գույքային պահանջ։ Այն փաստարկված չէ ու անհիմն է, ենթակա է վերադարձման»,- ասաց նա։

Դատարանը որոշեց, որ ներկայացված հայցադիմումը համապատասխանում է օրենքի պահանջներին և ենթակա է ընդունման։ Իսկ գործով մեղադրյալներին ճանաչեց գույքային պատասխանող:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31