«Արդյոք պետությունը լա՞վ կառավարիչ է, թե՞ ոչ, պետական պաշտոնյաները մասնավոր ոլորտին վերաբերող՝ ծառայությունների տեսանկյունից, լավ կառավարի՞չ են, թե՞ ոչ։ Լավ կառավարիչ չեն։ Այդ ամենից կոմունիզմի կամ կարմիր գույնի մշակույթի հոտ է գալիս։ Ո՞նց է ստացվում, որ ՀՀ-ն սրընթաց այդ ուղղությամբ է գնում կամ կառավարիչներ են նշանակվում պետության կողմից, կամ պետությունը փայատեր է դառնում։ Այս մոդելը որտեղի՞ց է վերցվել։ Կասե՞ք ինձ եվրոպական ժամանակակից մի երկիր, որն ամեն կերպ ուզում է մասնավոր ընկերություններում փայաբաժին ունենալ։ Ինչի՞ է ՀՀ-ն սրընթաց այդ ուղով գնում»,- ԱԺ նիստի ժամանակ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա հետաքրքրվեց՝ պետության կողմից նշանակվող կառավարիչներն ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում․ «Կասե՞ք ինձ՝ կառավարիչներին ներկայացվող չափորոշիչները որո՞նք են։ ԱԺ պատգամավորը կարող է լինել այս կամ այն պահանջի համապատասխան։ Պետության որակյալ ծառայության և բարձր վարձատրություն ենթադրող անձանց նշանակման չափանիշը ո՞րն է։ Եթե անկեղծ լինենք՝ դուք այլևս վերջին տարիներին բացահայտել եք դրա չափանիշը՝ ՔՊ անդամ լինելը կամ փոխկապակցված լինելը։ Հասկանում եմ՝ ձեր գործընկերներն է, բայց Ռոմանոս Պետրոսյանի կարիերայի տեսանկյունից ո՞րն էր այն չափորոշիչը, ըստ որի՝ գնահատեցիք, որ ինքը կարող է լինել լավագույն կառավարիչը՝ ՀԷՑ-ի։ Կլինի անկախ աուդիտ։ Բա որ պարզվի՝ արդյունավետությունը լավը չէր, այդ ժամանակ ի՞նչ ենք ասելու, մենք ի՞նչ ենք անելու, քանի որ այդ ամենից տուժողը մեր հասարակությունն է»։
ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն էլ արձագանքեց․ «Խոսում եք արդյունավետ կառավարումից, չափորոշիչներից, ձեր պահած ՀԷՑ-ը, ամենաանմխիթար վիճակում գտնվող կայաններն ու մալուխները տեսել ենք։ Հիմա չեմ խոսելու հավելագրումներից, տենդերները մեջ-մեջ անելուց, աստղաբաշխական աշխատավարձերից, որն ուղիղ ազդեցություն է ունեցել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Փաստացի ամբողջ ՀԷՑ-ը երաշխավորել է, որ ձեր ընկերությունները շահավետ աշխատեն»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































