Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացեք՝ պատմության դատաստանը շատ ավելի խիստ է լինելու, քան ցանկացած դատարանի դատավճիռ»

Օգոստոս 07,2026 15:18 Share

«Հայրապետին դուք կարող եք կանգնեցնել դատարանի առաջ, բայց Հայրապետը կանգնած է Աստծու առաջ, իսկ դուք՝ պատմության առաջ։ Եվ հավատացեք՝ պատմության դատաստանը շատ ավելի խիստ է լինելու, քան ցանկացած դատարանի դատավճիռ»,- ԱԺ նիստում ՔՊ-ականներին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

Նա նշեց, որ դարեր շարունակ պարսիկները, արաբները, սելջուկները, մոնղոլները, խորհրդային իշխանությունը, բոլորը փորձել են կոտրել հայոց եկեղեցին, փորձել են ծնկի բերել Մայր Աթոռին։ Բայց նրանք անցել են, իսկ Եկեղեցին մնացել է, որովհետեւ Եկեղեցին պարզապես շենք կամ հոգեւոր կառույց չէ։

«Եկեղեցին հայ ժողովրդի հիշողությունն է, մեր արժանապատվությունն է, մեր ինքնությունն է, մեր գոյության ապացույցն է։ Եվ պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը հստակ կարգավիճակ է վերապահում Հայ Առաքելական եկեղեցուն՝ ճանաչելով նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում։ Սա 1700-ամյա ինքնության իրավական ճանաչումն է։ Ու հենց այդ պատճառով պետությունը սահմանադրական պարտավորություն ունի հարգել եկեղեցու ինքնուրույնությունը։ Բայց պետությունն իրավունք չունի իրեն վեր դասել եկեղեցուց, պետությունն  իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին կյանքին այնպես, որ կասկածի տակ դրվի դրա ինքնուրույնությունը եւ դարերով ձեւավորված կարգը։ Իշխանությունները գալիս են ու գնում են, իսկ հայոց եկեղեցին շարունակում է կանգուն մնալ։ Այս իշխանությունը նույնպես անցնելու է»,- հավելեց նա։

«Այսօր կարող եք ունենալ իշխանություն, ուժային կառույցներ, բայց դուք երբեք չեք ունենալու պատմության արդարացումը, եթե ձեր անունը կապվի հայ ժողովրդի հոգեւոր հիմքերը խարխլելու փորձի հետ»,- ՔՊ-ականներին դիմեց Մխիթարյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել