ԱԺ-ն քննարկեց նաև ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ ՔՊ-ի նախագիծը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
ՔՊ-ն առաջարկում է 10 անդամից բաղկացած Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել 2 տարի ժամկետով։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Արուսյակ Ջուլհակյանին հարցրեց․ «Ինձ հետաքրքիր է՝ առհասարակ Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ՝ որպես ինստիտուտի նկատմամբ ձեր դիրքորոշումը։ Այն դեպքում, երբ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա, կամ հայհոյում անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի մասնակիցներին, նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Եթե պատգամավորները ՄԻՊ թեկնածուի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս, դա հի՞մք է արդյոք էթիկայի հանձնաժողովի»։
Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «8, 7-րդ գումարման ԱԺ-ի ժամանակ էլ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ էթիկայի հանձնաժողովի կարիք զգացվում էր։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ կոնկրետ հարցի վերաբերյալ պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով։ Ստեղծված չի եղել, քանի որ դա պետք է ստեղծվեր կոնկրետ հարցի վերաբերյալ, դա է եղել պատճառը, որ համարել ենք՝ ամեն հարցի վերաբերյալ ստեղծել էթիկայի հանձնաժողով։ Ձեր նշած դեպքերի հետ կապված այո, պետք է Էթիկայի հանձնաժողով ստեղծվի, այդ թվում և այն դեպքերի հետ կապված, երբ ԱԺ պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցություններին»։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հարցրեց․ «Երբ պատգամավորն ասում է՝ ես ուզում եմ՝ հայ զինվորը մեռնի, էթիկայի հանձնաժողովի համար դա քննարկելի՞ երևույթ է, թե՝ ոչ»։ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց․ «Եթե ԱԺ պատգամավորը նման հայտարարություն անի, Էթիկայի հանձնաժողով պետք է, բնականաբար, ստեղծվի, բայց դա հիմք է, որ պատգամավորն իր մանդատը դնի»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































