«Հենակետ» հասարակական կազմակերպության փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին փորձում եմ դեռ չանդրադառնալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր գործընկեր ընդդիմադիր ուժերը նոր-նոր են դիրքավորվում խորհրդարանում, և առկա են որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններ։
Սակայն չեմ կարող չարձանագրել հետևյալը. այսօր մշտական հանձնաժողովների ցանկը հաստատելիս և դրանց գործունեության ոլորտները որոշելիս ընդդիմության կողմից չհնչեց որևէ առաջարկություն՝ Արցախի և արցախահայության խնդիրներին վերաբերող հարցերը այս կամ այն մշտական հանձնաժողովի պատասխանատվության տիրույթում ներառելու վերաբերյալ։
Այսպես՝ արցախահայության վերադարձի իրավունքի, սոցիալական խնդիրների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպան քաղաքականության միջազգային հետապնդման հարցերով որևէ մշտական հանձնաժողով, ըստ էության, չի զբաղվելու։
Կարդացեք նաև
Բնական է, որ ՔՊ-ն կմերժեր նման առաջարկները, սակայն անբնական է, որ դրանք առհասարակ չհնչեցին ԱԺ դահլիճում՝ որպես քաղաքական օրակարգում Արցախի խնդիրն ու դրանից ածանցվող հարցերը պահելու հնարավորություն։
Իհարկե, կարելի էր առաջարկել նաև Արցախի հարցերի ամբողջական փաթեթով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարը։
Դա ևս այս պահին չի արվել։
Ինչևէ, հույս ունեմ, որ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները կփորձեն Արցախի ու արցախահայության խնդիրները պահել ոչ միայն ելույթների մակարդակում, այլև դրանց տալ որոշակի ինստիտուցիոնալ լուծումներ…


















































