Լրահոս
Օրվա լրահոսը

«Սակրավորների թեմային կանդրադառնամ, երբ վերջնականապես քամվեք շահարկումներից»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

Օգոստոս 10,2026 20:02 Share

«Նիկոլ Փաշինյանը Մարտական խաչ շքանշաններ, ինչպես նաև ՀՀ ազգային հերոսի շքանշան էր հանձնում զինվորականներին, այդ ժամանակ մեզ տեղեկացրեց, որ ՀՀ բանակը տարածաշրջանում վճռորոշ բանակ է, և այն ցույց տվեց, որ նրա հետ ուժի լեզվով խոսել ոչ ոք չի կարող։ Այդ բանակին Նիկոլ Փաշինյանը տարավ 44-օրյա պատերազմի։

ԱՀ ՊԲ-ն այլևս չկա, այլևս չկան այն հազարավոր ժամկետային և պայմանագրային զինծառայողները, կամավորականները, որոնք գնացել էին հայրենիքը պաշտպանելու։ Չկա այն երկիրը, այն հողը, որտեղ թափվել է այդ արյունը, սակայն Նիկոլ Փաշինյանը կա՝ ողջ ու առողջ և շարունակում է պաշտոնավարել ՀՀ վարչապետի պաշտոնում»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում արձանագրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց՝ ՔՊ-ի իշխանության օրոք 44-օրյա պատերազմը միակը չի եղել․ «2022-ին պատերազմը հասավ ՀՀ սահմաններին, մինչև իմ սիրելի, հայրենի, զբոսաշրջային քաղաք Ջերմուկ, որը դարձավ մարտական թատերաբեմ, հարյուրավոր զոհեր, որոնց անուններն անգամ չգիտենք, որոնց զոհողության օրը հիշատակի, սգո օր անգամ մեր երկրում չի հայտարարվել։

Այդ պատերազմից հետո Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից պահանջեց, որ Ադրբեջանին փոխանցվեն ԱՀ ՊԲ վերահսկողության տակ եղած տարածքների ականապատ դաշտերի քարտեզները, որովհետև քանի դեռ Ադրբեջանը չուներ այդ քարտեզները, չէր կարող իրականացնել քաղաքացիական ականազերծում և օգտագործել այդ տարածքները։

Մենք շատ էինք լսում տեղեկություններ, թե ոնց էին ադրբեջանցի զինվորականները, քաղաքացիական անձինք պայթում այդ ականների վրա։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին պարբերաբար փոխանցել է ականապատ դաշտերի մի քանի տասնյակ քարտեզներ, որոնցում ներառված են մի քանի տասնյակ հազար ականներ, որոնք այդ տարածքներում տեղադրել էին հայ սակրավորները։

Այստեղ է գալիս այն հարցը, թե ինչու էր Ալիևը 2024-ին Տավուշից տարածքներ պահանջելու ժամանակ Նիկոլ Փաշինյանից պահանջում, որ մեր սակրավորներն ականազերծեն այդ տարածքները, հետո հանձնեն Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանի կողմից ականազերծման աշխատանքներ իրականացնելուց ադրբեջանցի սակրավորները չզոհվեն և վիրավորում չստանան։

Իսկ Նիկոլ Փաշինյանը կատարեց այդ պահանջը՝ հայ սակրավորներին մտցնելով այն դաշտերը, որտեղ մեր սակրավորներն ականապատել էին տարածքները թշնամու ճանապարհը մեր երկիր փակելու համար։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր հայ սակրավորի մահը, նրանց վիրավորումը, դրա համար մեր սակրավորներին էր մտցրել ականապատ դաշտեր ադրբեջանցիների կյանքը փրկելու համար։

Սակրավորների թեմայով սա դեռ իմ խոսքը չէ, ավելի մանրամասն կանդրադառնամ, երբ դուք (նկատի ունի ՔՊ խմբակցության պատգամավորներին) վերջնականապես քամվեք այդ թեմայի՝ ձեր շահարկումներից»։

Իր՝ մեկ այլ ելույթում Էդգար Ղազարյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ իրեն ուղղված այն մեղադրանքներին, թե իրենց չի ողջունում, ու ասաց․ «Իմ՝ այս ընդգծված վերաբերմունքը խնդրում եմ էթիկայի տեսանկյունից մի դիտարկեք։ Կարող եք էթիկայի տեսանկյունից դիտարկել այն առումով, որ դա ազնվության բացառիկ դրսևորում է։

Ես անկեղծ եմ ձեզ հետ հարաբերություններում։ Եթե նկատել եք՝ ոչ մեկի չեմ բարևում, անգամ այն քչերին, ում հետ ունեցել եմ անձնական հարաբերություններ։ Սա իմ անկեղծ զգացողության դրսևորումն է, սա քաղաքավարության պակաս չէ, որովհետև դուք շատ մեծ ցավ եք պատճառել ինձ, մեր ամբողջ ժողովրդին, այն ինձ համար աններելի է, ես կարող եմ ձեր նկատմամբ փոխել իմ վերաբերմունքն այն դեպքում, երբ դուք ձեր սեփական որոշումներով տեղափոխվեք դահլիճի այն հատված, որտեղ նախատեսված է հատված ՀՀ ԱԺ անկախ պատգամավորների համար»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել