«Ժամերով փաստաբանները խոսում, ներկայացնում են՝ բոլոր մանրամասնություններով, մեկ րոպե տևում է մեղադրողի, մեկ րոպե էլ դատավորի որոշումը, ոչ հարց, ոչ պատասխան, որոշում՝ հիմնված մեղադրող կողմից մեկ րոպեանոց չապացույցների վրա։ Այնպես որ, իրենք այսպես թե այնպես պետք է պատասխան տան։ Մեր երկրում պետք է չլինեն մարդիկ, որոնք երկիրը հասցրել են ծայրաստիճան աղետի, դեռ հիմա էլ ստախոսում են՝ առանց պատասխանատվության։ Զավեշտ է, այդ մարդիկ ամոթ չունե՞ն։ Հայրենիք հանձնած մարդիկ մեծ-մեծ ինչ-որ բաներից են խոսում»,- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով (նախագահող դատավոր՝ Կարեն Ֆարխոյան) դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավորների հայտարարություններին։
Լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Բագրատ սրբազանի և մյուսների գործի մասին խոսելիս օգտագործել էր «անկարգություն» բառը, և հարցին՝ գուցե իրենց մո՞տ էլ է դիրքորոշում փոխվել, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ իրենց մոտ ինչ դիրքորոշում է փոխվել, բայց իրենք իրենց խնդիրը մեկ տարի առաջ են կատարել, երբ ինձ ու 17 հայրենատեր մարդկանց նման ծանր մեղադրանքով կալանքի տարան։ Իրենք հիմա երևի թե սարսափում են ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչած փորձագիտական կարծիքից և սպասվելիք եզրակացությունից։ Մեջը ոչ մի բան չկա, իսկ մարդիկ անիմաստ դատվում են։ ՄԱԿ-ի եզրակացությունը ևս մեկ անգամ ցույց է տալու ստի, կեղծիքի պատկերը, որը քայքայում է երկիրը»։
Անդրադառնալով Վեհափառի և 6 եպիսկոպոսների դատավարությանը՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Այդ օրը մեր պատմության մեջ սևով պետք է գրվի։ Իրենք կարող են ասել՝ նախկինում Կաթողիկոս են սպանել, մենք ուղղակի դատում ենք։ Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ որևէ այլ տեսակի մեղադրանքով է ներկայացվել դատարան, քան իր գործառույթները կատարելու համար։ Խոսում են հարկերից՝ տարիներով հարկեր ենք վճարել՝ ներառյալ եկամտահարկը։ Նայում եմ՝ խորհրդարանում հրաման տրված խոսում են Կաթողիկոսի մասին, նայում ես նրանց՝ կենսագրություն, ծագում չունեն, արած գործ չկա։ Սրանց միակ արած գործն այն է, որ հայրենիք են հանձնել և շարունակում են հանձնել և հավակնում են խոսել Ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Ընտրություններն անցել են, բոլոր ձեր բաժին մանդատները ստացել եք, բավարար է։ Բարեփոխվելուց առաջ մի հատ հայելի պետք է դնեն, իրենք իրենց նայեն, դրա՞նք են բարեփոխողները, այդ լեզվով խոսողնե՞րն են բարեփոխողները, հազարավոր տղաներ զոհվել, հայրենիք են հանձնել, այդպե՞ս են երկիրը բարեփոխում։ Իրենց կյանքն են բարեփոխել՝ հսկայական նյութական միջոցներ կուտակելով։ Ինչպե՞ս կարող է մարդ մտածել արժեք ստեղծելու մասին, երբ իր եղբայրները Բաքվի բանտում տառապում են նվաստացնելու աստիճան։ Բոլորս ենք նվաստանում»։
Կարդացեք նաև
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































