Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ես ԱԺ նիստերին չեմ հետևում, որպես կանոն, լուրերն էլ շատերի պես նայում եմ «Արմքոմեդիի» տարբերակով, սակայն երբեմն անգամ սարկազմով չեմ կարողանում դիտել, քանի որ այն, ինչ կատարվում է, իմ պետության մասին է, և դա ինձ իսկապես շատ մտահոգում է։
Ինչևէ, վերջին զարգացումներից մեկ-երկու դրվագ այնուամենայնիվ տեսա։ Ինձ համար անհեթեթ է, երբ իբր վիրավորվում և դրանից հերսոտում են մարդիկ, որոնք ամենաարգահատելի լեքսիկոնն են մտցրել ՀՀ քաղաքական դաշտ՝ իրենց կուսակցության ղեկավարի ուղիղ մասնակցությամբ։ Որոնք իրենց թույլ են տվել ամենաբարոյազուրկ գրառումները կատարել թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ հայ հոգևորականների նկատմամբ։ Որոնք իրենց թույլ են տվել ուղիղ ատելության խոսք հնչեցնել Արցախի հայերի հասցեին։
Առհասարակ, «ինչո՞ւ չես զոհվել» հակամարդկային արտահայտության հեղինակները պետք է նվազագույնը հասկանան, որ վիրավորանքի դեմ պայքարելուց առաջ պետք է նայեն հայելու մեջ ու տեսնեն, թե ոնց են ոտքից գլուխ թաթախված վիրավորանքը ու ատելության խոսքը մեր քաղաքական ու հանրային դաշտ բերելու գործում․․․


















































