Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ. «ՄԱԿ-ի փորձագետները կառավարությանը սուր հարցադրումներ են ներկայացրել, եւ կառավարությունը խուսափողական պատասխաններ է տվել»

Օգոստոս 21,2026 13:43 Share

«18 Արդարների» գործով ՄԱԿ-ի փորձագետների հետ հաղորդակցության եւ «Հունիսի 12-ի գործի» մասին թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի սկզբում փաստաբան Տաթեւիկ Սողոյանը միացավ Բագրատ Սրբազանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան առիթով մաղթանքներին ուշնորհավորանքին, որից հետո անդրադարձավ բուն թեմային։

«Ինչպես գիտեք, օրեր առաջ հրապարակվեց ՄԱԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդակցությունը, որի մասին նախկինում եւս տվել ենք որոշակի մեկնաբանություններ։ Բայց այս ասուլիսը առավելապես կենտրոնացած է այդ հաղորդագրության վրա ավելի շատ լույս սփռելուն, հուզող հարցերին պատասխանելուն։ Ու նաեւ ազդարարելուն, որ թեեւ կարող էր տպավորություն ստեղծվել, որ մոռացության են մատնվել 2024 թվականի հունիսի 12-ի հանցագործության տուժողները, այս ասուլիսի նպատակն է՝ առաջին հերթին այդ մարդկանց, ովքեր տուժել են հունիսի 12-ի վայրագություններից, ասել, որ մենք հետեւաղական ենք լինելու իրենց իրավունքների պաշտպանության գործում։

Երբ պատրաստվում էինք այս ասուլիսին, երկու կարեւոր արձանագրում պետք է անեինք։ Առաջինը, որ այս ասուլիսի ավարտից հետո ՄԱԿ-ի փորձագետներին կուղարկվեն մեր կողմից ներկայացվող լրացուցիչ փաստարկները եւ բոլոր այն հակափաստարկները, որոնք ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից իբրեւ թե արդարացում այդ վայրագությունների, իբրեւ թե արդարացում «18 Արդարների» խայտառակ ապօրինի մեղադրանքների։ Կխսենք նաեւ այն մասին, որ մենք սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց եւ նրանց պատմությունների վերաբերյալ»,-ասաց տիկին Սողոյանը։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հավելեց. «Կարճ անդրադարձ անեմ, որպեսզի մարդիկ, ովքեր տեղյակ չեն եղել, իմանան։ ՄԱԿ-ի փորձագետները, հետեւելով իրենց հետ մեր գրագրությանը, կառավարությանը մի քանի կետով բավականին սուր հարցադրումներ են ներկայացրել, թե ինչ պատասխաններ կարող է կառավարությունը տալ 2024 թվականի հունիսի 12-ի ոստիկանական բռնությունների գործով քննության վերաբերյալ, ինչ պատասխան կառավարությունը կարող է տալ ահաբեկչության հոդվածը ձեւախեղելու եւ անձանց քաղաքական նկատառումներով հոդվածը հետապնդելու, ինչ միջոցներ է պետությունը ձեռնարկում առհասարակ այս պրոցեսներից տուժած անձանց իրավունքների վերականգնման համար։

Եվ կառավարությունը, բնականաբար, շատ խուսափողական պատասխաններ է տվել՝ փորձելով մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների արդարացումներ գտնել։ Այդ պատասխանները, բնականաբար, բավարար չէին կարող լինել փորձագետների համար։ Վստահ ենք, որ նաեւ իրենք են հասկանում դրանց խեղաթյուրված բնույթը։ Բայց ամեն դեպքում մենք էլ ենք հարկ համարել յուրաքանչյուր այդ պատասխաններին անդրադարձով մեկնաբանել։ Մի կարճ օրինակ բերեմ. ասում են, որ այդ անձինք, ովքեր տուժել են հունիսի 12-ին, ստացել են մարմնական վնասվածքներ, իրենց վերաբերյալ նշանակված են դատա-բժշկական  փորձաքննություններ, ինտենսիվ քննություն է ընթանում։

Հիշեցնեմ՝ անցել է երկու տարի այդ իրադարձություններից։ Այդ օրվա միջադեպերին, երբ որ ցուցարարներին են մեղադրանք առաջարկել, երեւի թե քննությունը մեկ ամիս էլ չի տեւել։ Մարդկանց գործերն ուղարկել են դատարան՝ զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով։ Բայց այդ նույն օրվա իրադարձություններով, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առայսօր քննությունը շարունակվում է։

Կառավարության տված այն  պատասխանում, որ նշանակել են փորձաքննություններ, ես ինքս մի քանի դեպքերով ուղեկցել եմ տուժած անձանց, ինչպես այդ օրվա, այնպես էլ դրան նախորդած, կարծեմ, մայիսի 30-ին ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության հետ բախումներից տուժածներին մոտավորապես։ 1-1,5 տարի անց այդ մարդկանց  կանչում, ասում են՝ նշանակել ենք փորձաքննություն, կգնա՞ս։ Բնականաբար, այդ մարդը, որն ուներ կապտուկներ, եւ դա նույն օրը անհապաղ պետք է ֆիքսվեր, ինչպես նաեւ  նրա նկատմամբ բռնության, խոշտանգման դեպքերը, իմաստ չունի, որ հիմա գնա փորձաքննության։

Իհարկե, կան մարդիկ, որոնք ավելի լուրջ վնասվածքներ են ստացել, բայց նրանց իրավունքների պաշտպանության մասով էլ որեւէ արդյունավետ միջոց առայսօր չի իրականացվել։ Ընդ որում, այդ ամեն ինչը կատարվել է տեսախցիկների տակ՝ կենտրոնական փողոցում, լրատվամիջոցների ներկայությամբ։ Այդ բոլորի տեսագրությունները կան, կան հստակ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում, օրինակ, Աբրահամ Գասպարյանի նկատմամբ, հետագա կադրերը կան հիվանդանոցում նրա արյունլվա վիճակում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31