Ազգային ժողովն այսօր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրություն կանցկացնի։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել է Հարություն Հարությունյանի (լուսանկարում) թեկնածությունը։
ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթում Հարություն Հարությունյանն ասաց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից ցանկացած նոր փուլ քննարկելիս պետք է առաջնորդվել՝ ի՞նչ է կոնկրետ ստանում ՀՀ-ն հարցով։
«Երկրորդ՝ ի՞նչ պարտավորություններ է ստանձնում ՀՀ-ն։ Երրորդ՝ որո՞նք են դրա տնտեսական, իրավական եւ անվտանգային հետեւանքները։ Չորրորդ՝ արդյոք որոշումը համատեղելի՞ է Հայաստանի գործող միջազգային պարտավորությունների հետ։ Հինգերորդ՝ որո՞նք են դրա ֆինանսական ծախսերը եւ պայմանները։ Վեցերորդ՝ արդյոք այն ստեղծում է նոր կախվածություննե՞ր, թե՞ նվազեցնում է Հայաստանի առկա խոցելիությունները։ Յոթերորդ՝ կա՞ն այլընտրանքային եւ լրացուցիչ տարբերակներ։ Եվ, ի վերջո, ութերորդ՝ ո՞րն է պետության եւ քաղաքացու համար ակնկալվող չափելի արդյունքը։ Այս գնահատումը պետք է նախորդի քաղաքական որոշմանը, այլ ոչ թե հաջորդի դրան»,- ասաց նա։
Ըստ Հարությունյանի՝ եվրոպական ինտեգրումը եւ ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցը նույնը չեն։ ԵՄ անդամակցության հարցը շատ ավելի լուրջ եւ ծանր ռազմավարական որոշում է, քան ԵՄ ինտեգրումը։ «Եվրաինտեգրման համար այս պահին եւս մենք ունենք շատ դրական նախադրյալներ ու գործիքներ։ Իսկ ԵՄ հնարավոր անդամակցության ռազմավարական որոշումը շատ ավելի լուրջ հետազոտություն, վերլուծություն է պահանջում, փորձագիտական շրջանակների ընդգրկում։ Դրանից հետո նոր պետք է կայացվի այդ շատ կարեւոր որոշումը ՀՀ համար»,- հավելեց նա։
«Այո, եւս մեկ անգամ պնդում եմ, որ մենք ուզում ենք ուժեղ եւ փոխշահավետ հարաբերություններ ԵՄ հետ, բայց այդ հարաբերությունների կենտրոնում պետք է առաջնահերթ լինի ՀՀ երկարատեւ շահը»,- հայտարարեց Հարությունյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































