Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։
«Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները:
1980-ականների վերջերին Խորհրդային Միությունը դեռ կանգուն էր թվում, բայց ներսից արդեն քանդվում էր։ Մարդիկ մեկնում էին տարբեր հանրապետություններ՝ աշխատելու, ապրելու, ընտանիք պահելու համար։ Այդ ժամանակներում շատ ճակատագրեր էին խառնվում իրար, հետո՝ կորչում տարիների, աղետների ու մարդկային ցավի մեջ։
2024թ. գարնանը ինձ զանգահարեց ուկրաինացի գործընկերս՝ Ռուսլանը։ Նրա ձայնից արդեն հասկացա, որ սովորական պատմություն չէ։
Նրան էին դիմել ուկրաինական «Սպասիր ինձ» հաղորդման աշխատակիցները։ Մի աղջիկ որոնում էր իր հորը։ Նրա անունը Օքսանա էր, երեսունհինգ տարեկան։
Նա փնտրում էր հայրիկին, ով, ըստ մոր պատմածի, Հայաստանից էր եկել։
Ըստ ունեցած տեղեկությունների՝ հայրը Հայաստանից էր։ Երիտասարդ տարիներին աշխատել էր Ուկրաինայում, այնտեղ էլ ծանոթացել աղջկա մոր հետ։ Մայրը հղիացել էր,իսկ հայրը վերադարձել էր Հայաստան։ Դրանից կարճ ժամանակ անց տեղի էր ունեցել 1988 թվականի աղետալի երկրաշարժը։ Կապը կտրվել էր։ 1989թ. ծնվել էր աղջիկը: Աղջկա մայրը փորձել էր հեռագրով հայտնել երեխայի ծննդի մասին, բայց պատասխան չէր ստացել։
1994 թվականին աղջկա մայրը մահացել էր։
Օքսանային մեծացրել էր տատիկը։ Նա էր տարիներ շարունակ պահել այդ պատմությունը։ Պատմել էր մի տղամարդու մասին, ում աղջիկը երբեք չէր տեսել, բայց ամբողջ կյանքում փորձել էր պատկերացնել։
Տեղեկությունները գրեթե բացակայում էին։ Ուկրաիներեն ծննդյան վկայականում նշված էր հոր անունը և ազգանունը՝ այն էլ հոլովված ձևով։ Կային մոտավոր տարեթվեր՝ 1947-1953 թվականների միջակայքում։ Ոչ հասցե, ոչ լուսանկար, ոչ հարազատների անուններ։ Միակ տեղեկությունը, որ նա աղետի գոտուց էր ծնունդով:
Գրեթե ոչինչ։
Բայց դետեկտիվի աշխատանքում հաճախ հենց այդպիսի պահերին է սկսվում իրական պայքարը։ Երբ տրամաբանությունը հուշում է, որ հնարավորությունը գրեթե զրոյական է, բայց ներսումդ ինչ-որ բան ասում է՝ պետք է շարունակել։
Մենք սկսեցինք որոնումները։
Այդ անուն ազգանունով և տարիքային տվյալներով հայտնաբերվեց մոտ 150 մարդ։ Սկսվեց երկար ու հոգնեցնող աշխատանքը՝ սոցիալական ցանցեր, հին էջեր, լուսանկարներ, բնակավայրեր, կապեր, աշխատանքի վայրեր։ Հայաստանում չկար որևէ համընկնում:
Այդ հետաքննության ընթացքում հերթական անգամ համոզվեցի, որ մարդիկ հաճախ թերագնահատում են թվային հետքերի արժեքը։ Շատերը ծաղրում են «Օդնոկլասնիկի» հարթակը, բայց այդ պատմության մեջ այն դարձավ մեր փարոսը փոթորկոտ ծովում։
Օդնոկլասնիկիում հայտնաբերված տասնյակ էջերի մեջ ուշադրությունս գրավեց մի տղամարդ։
Ծնունդով աղետի գոտուց էր։ Էջում կային Ռուսաստանի հետ կապված նշումներ։ Իսկ ամենակարևորը՝ անունը ռուսերեն գրությամբ շատ մոտ էր ուկրաիներեն ծննդյան վկայականում նշված տարբերակին։
Ռուս գործընկերների աջակցությամբ սկսեցինք նույնականացման գործընթացը։
Օրեր շարունակ ստուգում էինք ամեն մանրուք։ Հին հասցեներ, աշխատանքի վայրեր, կենսագրական դրվագներ, լուսանկարներ։ Ամեն նոր փաստ ավելի էր մոտեցնում մեզ իրականությանը։
Ու հետո եկավ այն պահը, երբ նույնիսկ մենք մի քանի րոպե լուռ մնացինք։
Պարզվեց՝ տղամարդը ողջ է։ Ավելին՝ ողբերգության օրերին Հայաստանում չէր եղել։ Այդ ժամանակ արդեն Ռուսաստանում էր աշխատում։ Այսինքն՝ նա չէր մահացել։
Աղջկա մոր կողմից ուղարկված հեռագիրը չէր հասել հասցեատիրոջը։ Այն ուղարկվել էր երկրաշարժից ամիսներ անց, երբ Հայաստանի կապի համակարգը բառացիորեն կաթվածահար էր։ Այդ օրերին հարյուրավոր նամակներ ու հեռագրեր պարզապես կորել էին։
Նա պարզապես երբեք չէր իմացել, որ ունի դուստր։
Ու այդպես երկու մարդ երեսուն տարուց ավելի ապրել էին տարբեր երկրներում՝ նույնիսկ չիմանալով միմյանց գոյության մասին։
Երբ ռուս գործընկերս զանգահարեց տղամարդուն ու ասաց, որ Ուկրաինայից մի կին որոնում է իր կենսաբանական հորը, գծի մյուս կողմում երկար լռություն տիրեց։
Այնպիսի լռություն, որ երբեմն ավելի բարձր է հնչում, քան ցանկացած բառ։
Հետո լսվեց ծանր, կոտրված ձայն.
-Դուք ուզում եք ասել, որ ես ամբողջ կյանքում դուստր եմ ունեցել ու դրա մասին նույնիսկ չե՞մ իմացել…
Այդ պահին նույնիսկ մեր թիմում ոչ ոք չէր խոսում։
Առաջին տեսազանգը կազմակերպեցինք մի քանի օր անց։
Էկրանի մի կողմում արդեն հասուն կին էր, ով ամբողջ կյանքում որոնել էր իր հորը։ Մյուս կողմում՝ տարեց տղամարդ, ով առաջին անգամ էր տեսնում իր դստերը։
Նրանք սկզբում չէին խոսում։ Պարզապես նայում էին իրար։
Կինը լաց էր լինում։ Տղամարդը փորձում էր իրեն զսպել, բայց չէր ստացվում։
Հետո նա կամաց ասաց.
– Եթե իմանայի, ապա կյանքս լրիվ ուրիշ կլիներ…
Բայց պատմության ամենածանր ու ամենահուզիչ հատվածը դեռ առջևում էր։
Այդ ժամանակ արդեն սկսվել էր պատերազմը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ հաղորդակցություն չկար։ Սահմանները փակ էին, ճակատագիրը կարծես նորից էր փորձում խոչընդոտել հոր ու դստեր հանդիպմանը, քանի որ մարդկանց միջև նույնիսկ ճանապարհները կարծես քաղաքականության հետ միասին փլուզվել էր։
Ու ես հասկացա՝ եթե այս պատմությունը այսքան ճանապարհ անցավ, իրավունք չունենք այն կիսատ թողնելու։
Մենք որոշեցինք նրանց հանդիպումը կազմակերպել Հայաստանում։
Մի երկրում, որտեղ տարիներ առաջ չստացված հեռագրի պատճառով կանգ էր առել այս ամբողջ ցավոտ պատմությունը։
Զվարթնոց օդանավակայանում սովորական աղմուկ էր՝ դիմավորող մարդիկ և գրկախառնություններ։ Բայց մեր թիմի յուրաքանչյուր անդամի ներսում մի տեսակ սպասման լռություն կար:
Առաջինը դիամվորեցինք Օքսանային: Նայում էի նրան ու հասկանում, որ այդ պահին նրա ներսում մի ամբողջ կյանք է խառնվել իրար՝ սպասում, վախ, հույս, ցավ, երջանկություն։
Նա արցունքախառը ժպիտով գրկախառնվեց ու փորձում էր իր երախտագիտությունը հայտնել: Մինչ հոր ժամանումը մոտ 5 ժամ կար: Մենք առաջարկեցինք Օքսանային միասին գնալ Երևան, մի փոքր պտտվել ու գալ օդանավակայան ՝ հորն անակնկալ մատուցելու:
Մի քանի ժամ անց օդանավակայանում էինք, Օքսանան էլ արդեն մեր հետ:
Հեռվում երևաց հայրը:
Ծերացած էր։ Մեջքը մի փոքր կռացած։ Դեմքին տարիների հոգնածություն կար։ Բայց աչքերը նույնն էին։ Այն նույն աչքերը, որոնք աղջիկը երևի հազար անգամ փորձել էր պատկերացնել իր մտքում։
Նրանք կանգնեցին իրար դիմաց։ Առաջին վայրկյաններին ոչ ոք չշարժվեց։
Կարծես երկուսն էլ վախենում էին հավատալ, որ սա իրականություն է։
Հետո աղջիկը կամաց ասաց.
-Հայրիկ…
Ու այդ բառից հետո հայրը կոտրվեց։
Նա փլվեց ու աղջկան ամուր գրկած հեկեկում էր: Այդպես լացում են միայն այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ կյանքը իրենցից գողացել է ամենաթանկ տարիներն ու մարդկանց։
Նրանք երկար գրկախառնված մնացին օդանավակայանի կենտրոնում։ Շուրջբոլորը մարդիկ էին անցնում, բարձրախոսներն աշխատում էին, կյանքը շարունակվում էր իր սովորական ռիթմով, բայց այդ պահին թվում էր՝ ամբողջ աշխարհը կանգ էր առել։
Ես կողքից նայում էի ու մտածում մի պարզ բանի մասին։
Դետեկտիվի աշխատանքը միայն մարդկանց գտնելը չէ։
Երբեմն մենք մարդկանց վերադարձնում ենք իրենց կյանքի կորցրած հատվածը։
Վերադարձնում ենք այն զգացումը, որ իրենք մենակ չեն եղել։
Որ ինչ-որ տեղ, տարիներ շարունակ, մեկը նույնպես փնտրել է իրենց, իսկ նրանք նույնիսկ դրա մասին երբեք չեն իմացել։
1988 թվականի երկրաշարժը հազարավոր կյանքեր խլեց ։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.05.2026


















































