Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Տնտեսական մոդելի հիմքում՝ մշակո՞ւյթ

Օգոստոս 17,2026 11:32 Share

Օրերս «Անտարես» հրատարակչությունը ընթերցողի սեղանին դրեց տնտեսագետ Հայկ Սարգսյանի «Ուղեծրային զարգացում» (ORBITIR) աշխատությունը, որտեղ զարգացման գաղափարն առաջարկվում է դիտարկել ոչ թե որպես գծային վերելք, այլ որպես շարժում ուղեծրերով՝ մոլորակների օրինաչափությամբ։ Գրքի հիմնասյուների, մշակույթի դերի և երկրի ապագայի շուրջ Aravot.am-ը զրուցել է գրքի հրատարակիչ, հեղինակի աշակերտ և գրքում զետեղված համատեղ հոդվածի համահեղինակ Արմեն Մարտիրոսյանի հետ։

Պարոն Մարտիրոսյան, կխնդրենք հնարավորինս մատչելի բացատրել՝ ի՞նչ է ենթադրում «ուղեծրային զարգացում» եզրույթը։

Այս հայեցակարգի հեղինակն իմ ուսուցիչ Հայկ Սարգսյանն է, և ես իսկապես հպարտ եմ, որ մեր հրատարակչությունն այն հասանելի դարձրեց հայ ընթերցողին։ Սովորաբար մենք զարգացումը պատկերացնում ենք որպես աստիճանաբար վեր ձգվող սանդուղք. թվում է՝ բոլորն անցնում են նույն ճանապարհը, պարզապես տարբեր արագություններով։ Սակայն իրականությունն այլ է. պետությունները շարժվում են ուղեծրերով, որոնք բնութագրվում են կայունության տարբեր մակարդակներով։ Ինչպես տիեզերական մարմինն է պահվում իր ուղեծրում, այնպես էլ երկիրը կարող է տևական ժամանակ մնալ նույն կետում՝ անկախ գործադրվող ջանքերից։ Զարգանալ՝ նշանակում է ոչ թե պարզապես «քայլել առաջ», այլ ունակ լինել մի ուղեծրից անցում կատարել ավելի բարձրին՝ լինի դա աստիճանական էվոլյուցիայի, թե կտրուկ ցատկի միջոցով։

— Իսկ ո՞րն է ORBITIR-ի առանցքային տարբերությունը մեզ հայտնի ցուցիչներից, օրինակ՝ Մարդկային զարգացման ինդեքսից։

Ավանդական ինդեքսները, անշուշտ, խիստ օգտակար են, բայց դրանք ավելի շատ նման են լուսանկարի կամ ջերմաչափի. արձանագրում են քո տեղը տվյալ պահին և ֆիքսում «ջերմաստիճանդ», բայց չեն բացահայտում, թե ինչու ես հայտնվել հենց այդ կետում և դեպի ուր ես ընթանում։ ORBITIR-ի առավելությունն այն է, որ այն դուրս է գալիս պարզ վիճակագրության կամ վարկանիշավորման շրջանակներից՝ ցույց տալով շարժման դինամիկան։ Այն ախտորոշում է, թե որ ուղեծրում է գտնվում պետությունը, ինչն է նրան այնտեղ պահում և որ պայմանների դեպքում է հնարավոր վերելքը։ Ավելին՝ համակարգը ցույց է տալիս կոնկրետ խթանիչ և արգելակող գործոնները։ Այլ կերպ ասած՝ եթե սովորական ինդեքսը պարզապես գնահատական է դնում, ապա ORBITIR-ը փնտրում է պատճառահետևանքային կապերն ու լուծումներ հուշում։

— Ինչո՞ւ որոշվեց տնտեսական մոդելի հիմքում դնել մշակույթը։ Չէ՞ որ տնտեսագետները սովորաբար նախընտրում են խոսել ՀՆԱ-ի, չոր թվերի և ներդրումների լեզվով։

Թվերն ընդամենը ցույց են տալիս մեր ներկա դիրքը, բայց ոչ երբեք՝ պատճառը։ Եվ հենց մշակույթն է թաքնված այդ «ինչու»-ի հիմքում։ Տնտեսագետները հաճախ արհամարհում են մշակութային բաղադրիչը՝ այն դիտարկելով որպես երկրորդական գործոն։ Մեր համոզմամբ՝ մշակույթը տնտեսության պարզապես «փափուկ» հավելվածը չէ, այլ այն ֆունդամենտալ միջավայրն է, որի բովով անցնելով՝ գիտելիքն ու բարեփոխումները նյութականանում են և վերածվում իրական արդյունքի։ Առանց հանրային վստահության և համագործակցության կուլտուրայի՝ նույնիսկ ամենակատարյալ օրենքը դատապարտված է մնալ թղթի վրա։

— Ի՞նչ նկատի ունեք «մշակութային կոդեր» ասելով, և ինչպե՞ս են դրանք գործնականում ազդում պետության վրա։

«Մշակութային կոդերն» այն չգրված կանոններն ու արժեքային համակարգերն են, որոնցով շնչում է հասարակությունը. արդյոք մենք վստահո՞ւմ ենք միմյանց և պետությանը, ինչպիսի՞ն է մեր վերաբերմունքն օրենքի, ժամանակի և հանրային գործի նկատմամբ։ Հենց այս կոդերն են որոշում՝ գեղեցիկ փաթեթավորված ռեֆորմը կաշխատի՞ իրական կյանքում, թե՞ կմերժվի հանրության կողմից։ Միևնույն սերմը տարբեր հողերում տարբեր պտուղ է տալիս. այն, ինչ մի երկրում բերում է կայունություն, մյուսում կարող է վերածվել քաոսի։ Եվ այդ տարբերության բանալին հաճախ հենց մշակույթն է։

— Գրքում հանդիպում ենք «ուղեծրային թակարդ» եզրույթին։ Ի՞նչ է դա ենթադրում։

Սա մեր հայեցակարգի առանցքային կետերից է։ «Ուղեծրային թակարդը» մի վիճակ է, երբ պետությունը տիրապետում է անհրաժեշտ ռեսուրսների և ընդունում է ճիշտ օրենքներ, սակայն ի զորու չէ անցնել ավելի բարձր ուղեծիր։ Պատճառն այն է, որ հասարակության ներքին, ոչ ֆորմալ արժեքներն ու սովորույթները, ասես ծանրության ուժ, անընդհատ հետ են քաշում նրան։ Թղթի վրա ամեն ինչ փոխվում է, սակայն մարդկանց վարքագիծը մնում է անփոփոխ։ Եվ երկիրը հայտնվում է փակուղում. իլյուզիա է ստեղծվում, թե շարժում կա, բայց իրականում մնում ենք նույն տեղում։ Հենց այստեղ է առավել ցայտուն դրսևորվում մշակույթի երկակի բնույթը՝ այն կարող է լինել և՛ հզոր շարժիչ, և՛ կործանարար արգելակ։

— Իսկ որտե՞ղ է Հայաստանն այս պատկերում։

Հայաստանը ներկայումս գտնվում է անցումային ուղեծրում. կայուն հավասարակշռությունը դեռևս ձևավորված չէ, իսկ արտաքին ցնցումների նկատմամբ զգայունությունը մեծ է։ Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք. Հայաստանն օժտված է ահռելի մշակութային և կրթական կապիտալով, ինչը մեր իրական ներքին ռեսուրսն է։ Խնդիրն այն է, որ այդ հսկայական ներուժը լիարժեքորեն չի վերածվում տնտեսական արդյունքի։ Հնարավորությունը կա, բայց մենք այն ամբողջությամբ չենք օգտագործում. գրքում այս երևույթը անվանվում է կառուցվածքային անհամաչափություն։

— Ի՞նչ քայլեր են պետք, որպեսզի մշակույթը դառնա առավելություն, ոչ թե արգելակ։

Ամենակարևորը՝ մշակութային կապիտալը պետք է վերջապես ընկալել որպես ռազմավարական ռեսուրս, այլ ոչ թե լոկ զարդ։ Դա պահանջում է ներդրումներ կրթության և գիտության մեջ, վստահության ամրապնդում, ինչպես նաև տաղանդավոր մարդկանց ու սփյուռքի ներուժը երկրի ներսում պահելն ու գործի դնելը։ Չափազանց կարևոր է նաև, որ բարեփոխումները համապատասխանեն մարդկանց արժեքային համակարգին, հակառակ դեպքում դրանք արմատ չեն գցում։ Երբ մշակույթն ու գիտելիքը գործում են միասին, երկիրն իսկապես հնարավորություն է ստանում փոխելու իր ուղեծիրը։

— Եվ վերջում՝ ի՞նչ կասեք մեր ընթերցողներին։ Լավատե՞ս եք։

Ես պրագմատիկ լավատես եմ։ Ուղեծրի փոփոխությունը հնարավոր է, բայց պետք է հասկանալ, որ դա դանդաղ և գիտակցված պրոցես է, այլ ոչ թե մեկ գիշերվա հրաշք։ Հայաստանի մշակութային և կրթական հարստությունը մեր իրական հնարավորությունն է, եթե դրան վերաբերվենք որպես ապագան կերտելու ռեսուրսի, այլ ոչ թե պարզապես անցյալի ժառանգության։ Կուզեի, որ ընթերցողն ամրագրի մեկ բան. զարգացումն ուղիղ գիծ չէ, նահանջներն ու կանգառները բացարձակապես բնական են։ Կարևորը ճիշտ ուղղությունը չկորցնելն է և արդեն իսկ ստեղծածը չքանդելը։

Զրուցեց Սամվել Դանիելյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել