ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա և որդու տանն իրականացված խուզարկությունները, ըստ նրանց պաշտպան Տաթևիկ Սողոյանի, քարոզչական նպատակ ունեին՝ տեսարաններով շոու սարքելու և Քննչական կոմիտեի կողմից տարածելու համար, ինչը, ըստ փաստաբանի, չի հաջողվել։
«Ծիծաղելի է հարսանեկան նվերները, տատիկ-պապիկներից ստացած ոսկյա իրերը վերցնել ու անունը դնել՝ մենք ենթադրյալ փողերի լվացման դեպքով ինչ-որ առարկաներ ենք վերցնում։ Եթե սեղանին 15.000 է դրված, դժվար է պատկերացնել, որ դա այն գումարն է, որը 2001 թվականին ինչ-որ ենթադրյալ ապօրինություն կատարելու արդյունքում վերածվել է ապօրինի եկամտի ու փոխակերպվել 15.000-ի, հայտնվել մարդկանց բնակարանում»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սողոյանը։
Ըստ նրա՝ «Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ իրավապահ համակարգը դարձել է իրավաբռնարար համակարգ, ավելի շատ՝ ռեպրեսիվ համակարգ ու քարոզչամեքենայի մի մաս»։
Կարդացեք նաև
Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանների տան, նրանց պատկանող ընկերություններում կատարված խուզարկության որոշումներն արդեն իսկ բողոքարկվել են։ Բողոքի հիմքում դրված է ոչ միայն այն, որ դրանք ապօրինի են եղել, այլև այն, որ դրանց արդյունքում վերցվել են իրեր, որոնք հենց այդ պահի դրությամբ ակնհայտ է, որ հանցանքի հետ որևէ առնչություն չունեին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն էլ նկատեց, որ Քոչարյանի կալանքի առաջին շահառուն Ալիևն է, որովհետև վերջինիս երազանքն է, որ Արցախի բոլոր նախագահները լինեն անազատության մեջ. «Քոչարյանը կալանավորված չէ ոչ կոռուպցիայի, ոչ մտացածին թալանի, ոչ «Մարտի 1-ի», ոչ «Հոկտեմբերի 27-ի», այլ իր պարտականությունները կատարելու համար՝ ի պաշտոնե կառավարության որոշումները վավերացնելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չէ Կասկադի դեպքերով, Կասկադի ոչ մի հողի հետ իր ընտանիքի որևէ անդամ կապ չի ունեցել»։
Սողոյանն էլ հավելեց՝ Քոչարյանի՝ որպես նախագահ պաշտոնավարման ժամանակ գործող Սահմանադրությամբ այդ որոշումները նախագահը չվավերացնելու ուղղակի իրավական հնարավորություն չի ունեցել. «Դատախազները չեն բերել գեթ մի օրինակ, որ այդ պաշտոնն ունեցող որևէ պաշտոնյա նախկինում կամ երբևէ որևէ նման որոշում չի վավերացրել, կամ կա՞ր այդ իրավական հնարավորությունը չվավերացնելու։ Դատախազությունն այդ հարցի պատասխանը ևս չի տվել»։
Մանուկյանն էլ հավելեց. «Որպեսզի կարողանային Կասկադի կեղծ ու վախենալու թեզը ներկայացնել, կալանավորում են այդ հողի իրական սեփականատիրոջը՝ Արամայիս Ոսկանյանին, ու այդ մարդուն տալիս են տնային կալանք, 74-ամյա կնոջը՝ կալանք, երկու աղջիկներին՝ կալանք՝ առանց տեսակցության իրավունքով։ Սա շատ վատ ԿԳԲ-ական մոտեցում է, տանել ԿԳԲ-ի պադվալ ու կտտանքների ենթարկելու մոդել է։ Եթե իմանային, որ կարող են Արամայիսի եղունգներն էլ քաշել, դա էլ կանեին։ Ակնհայտ է, որ այդպես են վարվում, որովհետև ուզում են ցուցմունք կորզեն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































