Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր Կապիտալն» ընդդեմ կառավարության գործը հասել է Վերաքննիչ դատարան

Սեպտեմբեր 30,2026 19:00 Share

Վարչական վերաքննիչ դատարանում այսօր քննվեց «Տաշիր Կապիտալ» ընկերության վերաքննիչ բողոքը՝ Վարչական դատարանի այն որոշման դեմ, որով մերժվել էր ընկերության՝ ՀՀ կառավարության դեմ ներկայացրած հայցը։

Հիշեցնենք, որ «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։

Ընկերությունը գտնում է, որ Վարչական դատարանի ակտը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում, ինչը ազդել է գործի ելքի վրա։

«Տաշիր կապիտալը» բողոքի հիմքում դրել է նաև այն հիմնավորումը, որ դատարանը սխալ է մեկնաբանել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 20-րդ, 21-րդ, 27-րդ, 29-րդ և 36-րդ հոդվածները, ինչպես նաև չի կիրառել նույն օրենքի և Քաղաքացիական օրենսգրքի մի շարք դրույթներ։

«Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ակտից պարզ չէ, թե գործով ներկայացված ապացույցներն ինչպես են մանրակրկիտ վերլուծվել և համադրվել։

«4-րդ կետի հիմքում դրվել է այն, որ հայցվորը կամ ընկերությունը հանձնաժողովին ներկայացրել է սխալ հաշվետվություններ։ Երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ սխալ հաշվետվությունների մասին է խոսքը, և պահանջում ենք ապացույցների մակարդակով վերլուծել, հասկանալ, թե ինչ ապացույցով է դա հիմնավորվում, հիմնական փաստարկն այն է, որ դատարանն արձանագրել է [խախտումը]։ Սկզբում խոսքը երեք կետի մասին էր՝ անջատումների ժամանակահատվածի ճշգրտության, նոր միացումների տևողության և կապիտալ ներդրումների վերաբերյալ»,- ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում կողմը փորձել է անդրադառնալ կապիտալ ներդրումներին վերաբերող հատվածին, որի վերաբերյալ, ի վերջո, դատարանն արձանագրել է, որ խախտում չկա։

«Այնինչ՝ ոչ հանձնաժողովը, ոչ դատարանը փորձ չի արել պարզել այդ ներդրումների կապիտալի հետ կապված օբյեկտիվ ծավալները»,- նշեց փաստաբանը։

Օրբելյանը նաև անդրադարձավ 2021 թվականին ընկերության ներդրումային ծրագրի ստուգմանը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ընկերությունում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, և իրականացվել է ներդրումային ծրագրի մոնիթորինգ։

«Ասում են՝ գնացինք մոնիթորինգի, որի արդյունքում տեսանք, որ գրված է՝ այս ենթակայանը միացված է, բայց մի տրանսֆորմատոր միացված էր, երկուսը՝ ոչ։ Սակայն նշված էր, որ այն շահագործման է հանձնված։ Չի ասվում, որ տրանսֆորմատորը չկար։ Գնացինք, տեսանք՝ միացված էր կամ միացված չէր։ Դա չի կարող ապացույց հանդիսանալ՝ հասկանալու համար՝ ներդրումն արվել է, թե ոչ, շահագործման հանձնվել է, թե ոչ։ Քաղաքաշինության նորմերը սահմանում են համապատասխան ընթացակարգ»,- ասաց նա։

Փաստաբանը նաև շեշտեց, որ տրանսֆորմատորի անջատված լինելու ժամանակահատվածը այն շրջանն էր, երբ կազմակերպությունը կառավարվում էր կառավարության կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից։

«Այդ պարագայում, թե որ տրանսֆորմատորն էր միացված, որը՝ անջատված, էական չի կարող լինել՝ գնահատելու համար՝ ներդրումն արվել է, թե ոչ»,- ասաց Արամ Օրբելյանը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930