Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնության հասավ մարտական ընկերոջը, որն իր աշակերտներից էր, փրկեց նրան, սակայն ինքը մահացու վիրավորվեց

Հոկտեմբեր 06,2026 16:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Քաշաթաղի շրջանի Փակահան և հարևան Կումայրի գյուղերը Որոտանի ափին կազմավորվեցին 1998-ի սկզբներին, այստեղ շուտով բացվեց նաև դպրոցը։ Այդ տարիներին աշխատում էի շրջանի կրթության համակարգում, և ուսուցիչներ էինք հրավիրում Քաշաթաղի շրջան՝ դպրոցներում աշխատելու նպատակով։ Աշոտ Հովհաննիսյան և Միրցա Պետրոսյան ամուսիններն էլ եկան ու բնակվեցին Փակահանում, համալրեցին դպրոցի առաջին մանկավարժների շարքերը։ Մինչ այդ բնակվել էին ՌԴ Սոչի քաղաքում և հայրենիք՝ Երևան էին վերադարձել 1982 թվականին։ Աշոտը երաժիշտ էր, շատ լավ երգում էր։ Նորեկ ուսուցիչներին առաջին օրը տեղավորում էինք Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքում՝ «հյուրանոց» դարձրած սենյակներում։ Զրուցում էինք նրանց հետ, ներկայացնում տարածքը, խնդիրները, դպրոցների վիճակն ու դրանց կայացման կարևորությունը։

Առաջին օրը Աշոտ Հովհաննիսյանն այս կացարանում փոքր համերգ տվեց․ շատ լավ էր երգում։ Շատերը հուզվեցին։ Սվետլանան պատմության մասնագետ էր․ նշանակվեց դպրոցի փոխտնօրեն և դասավանդում էր պատմություն։ Ծնողները հպարտ էին իրենց Սուրեն որդով, որն այդ ժամանակ ծառայում էր Հայոց բանակում՝ Արցախի Մարտունու շրջանում, և շուտով պետք է զորացրվեր։

Սուրենը ծնվել է 1974 թ. հունիսի 1-ին, Սոչի քաղաքում։ Ավարտել է Երևանի 171-րդ միջնակարգ դպրոցը, 1991-96 թթ. ուսանել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ արդյունաբերության էկոնոմիկա, կազմակերպում և պլանավորում մասնագիտությամբ։ Զորացրվելով Հայոց բանակից՝ Սուրենը եկավ Փակահան և դպրոցում աշխատանքի անցավ որպես զինղեկ։ Աշխատում էր դպրոցում նվիրումով՝ իր սաներին հնարավորինս ծանոթացնելով ռազմական արվեստին, զենքին ու բանակի խնդիրներին։ Շրջանային ու համայնքային տարբեր միջոցառումներում միշտ էր մասնակցում, աչքի ընկնում կազմակերպչական էությամբ։

2018-ին շրջանի Իշխանաձոր գյուղում կազմակերպվեց ծառատունկ, և Սուրենն իր սաների հետ տասնյակ ծառեր տնկեց։ 2011 թ. փետրվարին Փակահանում ամուսնացավ Ալյոնա Հայրապետյանի հետ։ Ունեն 2 զավակ՝ Նարեկ ու Սվետլանան։ Քաշաթաղի շրջանի բնակչությունը մշտապես աջակցում էր Հայոց բանակին՝ և՛ խաղաղ ժամանակ, և՛ այն օրերին, երբ թշնամին փորձում էր խաթարել մեր անդորրը։ 2014 թ. օգոստոսին Արցախի հյուսիսային սահմանը վտանգված էր, և հարյուրավոր քաշաթաղցի կամավորականների հետ Մատաղիսում էր Սուրենը։ Այդ օրերին առաջնագծում հանդիպեցի Սուրենին, որն իր պարտքն էր կատարում մարտական ընկերների հետ։

2 տարի անց սկսվեց Ապրիլյան պատերազմը, և սկզբից առաջնագիծ մեկնողներից էր Սուրենը։ Հայրենիքին նվիրված ծառայելու համար այդ օրերին արժանացավ պատվոգրի։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 3-րդ պատերազմը մեզանից խլեց մեր հայրենիքի այն հատվածները, որոնք ազատագրել էինք Արցախյան 1988-94 թթ. ազատագրական գոյամարտում։ Այն տարածքները, որոնք վերաբնակեցրել էինք ու վերահայացրել, այն տարածքները, որոնց վրա կան հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր՝ կառուցված 4-րդ դարից սկսած։ Նույն պատերազմը մեզանից տարավ հազարավոր լույս-տղաներ՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, աշխարհազորայիններ։ Նույն կամավորների շարքում էր Սուրենը, որն առաջին օրը մեկնեց առաջնագիծ ու դարձավ հայրենիքի պաշտպանը։ Մարտական ընկերների շարքում էին նաև իր սաները, որոնց հետ ռազմագիտություն էր պարապել, կարևորել ընկերոջ դերը մարտադաշտում։ Թշնամին մշտապես էր ռմբակոծում մեր դիրքերը։

Հոկտեմբերի 3-ին դաժան մարտեր էին ընթանում Արցախի հարավային սահմաններում, որտեղ Սուրենն իր սաների հետ էր։ Պատմում են՝ օգնության հասավ մարտական ընկերոջը, որն իր աշակերտներից էր, փրկեց նրան, սակայն ինքը մահացու վիրավորվեց, տեղափոխեցին հիվանդանոց, բայց մահը հաղթեց, ու անմահացավ հայրենիքի զինվորը։ Երևանում՝ Հայոց Ամենասրբավայր Եռաբլուր պանթեոնում, է հերոսի շիրիմը՝ հարյուրավոր իր նմանների հարևանությամբ։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել