«Խնդիրը, որ ես տեսնում եմ, կայանում է նրանում, կազմակերպչական առումով եմ ասում, որ մենք պաշտպանության գերատեսչությանը թողել ենք միայնակ ոնց որ թե, և նման դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարդում ենք պաշտպանության գերատեսչության վրա։ Իհարկե, պաշտպանության գերատեսչության պատասխանատվության գոտում են գտնվում զինծառայողները, և եթե նրանք ծառայության մեջ են, հետևաբար նրանց անվտանգությունը, ամեն ինչը, պատասխանատվությունը հենց զինված ուժերինն է։ Բայց, ինչպես ես նկատել եմ և ինչպես մի շարք վիճակագրական տվյալներ են ցույց տալիս, դա համակարգային խնդիր է։ Մենք պետք է, կարծում եմ, լուրջ փորձագիտական հարթակ ստեղծենք, հավաքագրենք և պարզենք պատճառները, նպաստող պայմանները և վերացնենք»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով զինվորի մահվան հերթական դեպքի մասին հարցին։
Նրա կարծիքով, այդ աշխատանքում պետք է ներգրավվեն շատ ու շատ մարմիններ և գերատեսչություններ՝ կրթության նախարարություն, առողջապահության նախարարություն, պաշտպանական գերատեսչություններ և հատուկ ծառայություններ․ «Հնարավոր է, որ երիտասարդները, թե՛ քրեական ենթամշակույթի արժեքներ կրող, թե՛ հոգեբանական խնդիրներ ունեցող, գալիս են զինված ուժեր, այնտեղ արդեն ավելի սուր և ընդգծված պայմաններ են, և, սրանից ելնելով, տեղի են ունենում կոնֆլիկտներ, ու հարցը հասնում է նաև ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելուն։ Բայց մենք նախ խնդիրը պետք է դնենք, որ զինված ուժեր մուտք գործելիս քաղաքացին որոշակի առումով պատրաստ լինի իր կամային, բարոյական, դաստիարակչական հատկանիշներով՝ արդեն պատրաստ լինի բանակում ծառայելու։ Այս ուղղությամբ, կարծում եմ, մեծ աշխատանք ունենք անելու։ Այո, շատ մտահոգիչ է, բայց ես գտնում եմ, որ շատ արագ պետք է փորձագիտական հարթակ ձևավորենք և հասկանանք, թե մարդու զարգացման և կյանքի ընթացքում որտեղ են այդ թերացումները և ինչ պետք է արվի»։
Մի քանի շաբաթ առաջ զինծառայողի մահվան դեպքի մասին նա ձեռնպահ մնաց կոնկրետ կարծիք հայտնել։ Հիշեցնենք, տեղեկություններ եղան, որ Նարեկ Թորոսյանին ծեծել էին։ Ասաց՝ քրեական վարույթ կա հարուցված, կան կալանավորված անձինք, կսպասենք քննության արդյունքների ավարտին։
Արմեն Խաչատրյանը համամիտ չէ լրագրողի դիտարկման հետ, որ քրեական վարույթները հիմնականում տրամաբանական ավարտին չեն հասնում, և անպատասխանատվությունն է բերում նման դեպքերի կրկնության․ «Նման բան չի կարող լինել, չի էլ եղել, որ ինչ-որ հանցագործություն լինի, և օրենքով սահմանված ընթացք դրան չհաջորդի, ու մեղավոր անձինք չենթարկվեն պատասխանատվության։ Իհարկե, ենթարկվում են։ Իրավական համակարգն այնպես է ձևավորված, որ մարդիկ ունեն պաշտպանվելու իրավունք, բողոքարկելու իրավունք․ առաջին ատյանից հետո բողոքարկում են Վերաքննիչ, Վճռաբեկ․ դատական պրոցեսներ են, որոնք պետք է ընթանան, որովհետև մարդու մեղավորությունը հաստատում է միայն դատարանը, իսկ դրանից հետո նաև բողոքարկման իրավունք ունեն և՛ դատապարտյալները, և՛ տուժողները, և՛ բոլոր մասնակիցները։ Տեսեք, չի կարող լինել դեպք, որը օրենքով սահմանված կարգով ընթացք չունենա, և մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ Ամենևին էլ պատճառը դա չէ։ Բոլորը գիտեն, որ եթե կատարեն հանցագործություն՝ զինված ուժերում կլինի, փողոցում կլինի, ենթարկվելու են պատասխանատվության։ Բայց այլ խնդիրներ կան, որոնք նպաստում են հանցագործության առաջացմանը, կատարմանը կամ պատճառ են հանդիսանում դրան»։
Կարդացեք նաև
Այս առումով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անելիքների մասին հարցին էլ իշխանական պատգամավորը պատասխանեց՝ հանձնաժողովն ունի նախագահ, բայց հանձնաժողովը ձևավորված չէ․ ձևավորումից հետո կքննարկեն՝ թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել հանցավորության դեմ պայքարի համատեքստում․ «Բայց եթե ուզում եք իմանալ իմ կարծիքը, առաջնային պետք է վերլուծություն անենք․ վերլուծությունները պետք է իրականացվեն բավականին լուրջ փորձագիտական մակարդակով։ Անհրաժեշտության դեպքում կարելի է հրավիրել միջազգային փորձագետների, կարելի է հուշագրեր ստորագրել լավագույն փորձագետների հետ տարբեր բնագավառների՝ հոգեբանության, քրեական հոգեբանության, քրեակատարողական վիճակագրության և այլն, և հասկանանք։ Այս ամեն ինչը պետք է լինի գիտելիքահեն, ու հասկանանք՝ ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն և որ ծառայություններում ու ոլորտներում, որպեսզի նվազագույնի հասցնենք։ Բայց այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ մենք բանակին, զինված ուժերին թողել ենք միայնակ․ ասում ենք՝ ինչ լինի, բանակն է մեղավոր։ Բայց ոչ, մարդիկ գալիս են արդեն խնդիրներով բանակ՝ քրեական ենթամշակույթ կրելով, հոգեբանական խնդիրներ ունենալով, և որոշակի սուղ ծառայության պայմաններում (ինչը բնական է) լինում է կամ ինքնասպանություն, կամ ինքնասպանության հասցնում»։
Միաժամանակ նա նկատում է՝ բանակում չենք կարողանալու ամբողջությամբ արմատախիլ անել քրեական ենթամշակույթը․ «Պետք է մինչև բանակը արմատախիլ անենք, ու բանակն էլ որոշակի չափով արմատախիլ անի։ Մինչև բանակը մենք պետք է բանակին տանք առողջ հոգեբանությամբ և դաստիարակությամբ երիտասարդներ։ Երբ որ այդպիսին չենք տալիս, դեպքերը անխուսափելիորեն լինում են։ Հետևաբար մենք պետք է ամբողջ շղթան նայենք՝ երեխայի դպրոց գնալուց մինչև բանակ, նույնիսկ մանկապարտեզից նայենք, տեսնենք շղթայի որ մասում ենք թերանում, որ սկսում են ենթամշակույթ կրել»։
Հարցին՝ երբ երիտասարդը զորակոչվում է բանակ և համապատասխան հանձնաժողով է անցնում, այդ ընթացքում արդյո՞ք նրա հոգեհուզական, հոգեբանական վիճակը փորձաքննության ենթարկվում է, Արմեն Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, և պետք է ասեմ ձեզ, որ վերջին մի քանի տարվա մեջ շատ ավելի խիստ մոտեցումներ են դրսևորվում այս առումով։ Անձի հոգեբանական առողջության վիճակի ստուգումը շատ ավելի խիստ պայմաններում է իրականացվում, քան երբևէ։ Հատկապես այն անձինք, որոնք որոշել են ընդունվել ռազմաուսումնական հաստատություններ, իրենց պարամետրերը շատ ավելի բարձր են։ Հնարավոր է, որ որոշակի խնդիրներով մարդը պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվի պիտանի, բայց չճանաչվի պիտանի ռազմական հաստատություն ընդունվելու և հետագայում սպա դառնալու համար։ Ես մի քանի մասնավոր դեպքեր գիտեմ, երբ ծնողները դիմել են ինձ․ երիտասարդը եղել է բավականին գրագետ, պատրաստված, ցանկություն է հայտնել սովորել ռազմաբժշկական հաստատությունում, բայց հոգեհուզական փորձաքննությունը չի անցել․ բժիշկները համարել են, որ մի քիչ ավելի հուզական է, քան պետք է սպան ունենա։ Նա բանակում գնում ծառայում է երկու տարի, բայց որպես սպա՝ ոչ, քանի որ սպան նաև կոչված է անձնակազմի հետ աշխատանք տանելու։ Ես արձանագրել եմ, որ բավականին լուրջ պրոցես են անցնում հոգեբանական առողջության վիճակի գնահատման համար»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































