Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեյցարիան, եթե անգամ գնար էլ Բաքու, որևէ բան անել չէր կարողանալու»․ Գուրգեն Պետրոսյանը՝ 3-րդ երկրի միջոցով հայ ռազմագերիներին Բաքվում այցելության հնարավորության մասին

Նոյեմբեր 13,2026 19:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այդպիսի մտավախություն կա, որ եթե պետություններն իրենց գանգատները հետ քաշեն, տուժողների կոլեկտիվ շահերն այսուհետ այլևս պաշտպանված չեն լինելու։ Բայց պետք է տարանջատել պետական հայցերը, միջազգային հանրության հայցն ու առանձին անհատների հայցը։ Սա է, որ խառնաշփոթ է առաջացնում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիքի եք ՀՀ իշխանությունների այն հայտարարությունների առումով,  որ եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, երկու երկրները միջազգային դատարաններում իրար դեմ ներկայացված հայցերը հետ կկանչեն, և սա չի՞ նշանակի, որ մարդկանց իրավունքների հարցերը կմղվեն քաղաքական դաշտ, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ, Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի անդամ Գուրգեն Պետրոսյանը։

Ըստ նրա՝ եթե պետությունը հետ քաշեց հայցը, դա չի նշանակում, որ անձանց իրավունքները կարող են շարունակաբար ոտնահարվել, և այդ անձինք չունեն այլ հնարավորություններ․ «Նրանք ունեն նման հնարավորություններ, և միջազգային իրավունքը ներկա դրությամբ դեռևս ունի հնարավորություն տալու հարթակներ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Հաշվի առնելով այս խաղաղության գործընթացների քաղաքական բանակցությունները, որոնք տեղի են ունենում՝ իշխանությունները փորձելու են կանխարգելել, որ նման հայցեր չլինեն, քանի որ այդ քաղաքականությունը կարող են ադ հայցերն ինչ-որ ձևով խարխլել։ Երբ հայց է ներկայացնում անհատը դատարան, որի իրավունքն ունի, պետության տեսանկյունից դա ոնց որ խանգարող միջոց է դառնում։ Ըստ երևույթին՝ հնարավոր է՝ փորձեն կանխարգելել դա»։

Մեր փաստմանը՝ այս պահի դրությամբ չի գտնվել մի երկիր, որը պատրաստակամություն հայտնի որպես երրորդ կողմ՝ ՀՀ-ի անունից այցելել հայ ռազմագերիներին Ադրբեջանում, և հարցին՝ սա կանխատեսելի՞ իրավիճակ էր, մանավանդ, որ սկզբում Շվեյցարիան ադ պատրաստակամությունը հայտնեց, բայց հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ մերժում են ստացել, Գուրգեն Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Սա կանխատեսելի էր, քանի որ մենք նշել ենք, որ միջազգային իրավունքն այստեղ սահմանափակված է։ Ռազմագերի, գերի, պատանդ, պատանդառու․ բոլոր տերմինները խառն են։ Միջազգային իրավունքի տեսանկյունից հստակ չի սահմանված, թե ինչ կարգավիճակում ենք։ Միակ լուծումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որն արդեն քայլեր ձեռնարկել է գործի շրջանակներում, բայց սրանք երկար գնացող գործընթացներ են»։

Շվեյցարիայի հետ կապված էլ նշեց․ «Շվեյցարիան ոչինչ էլ չէր կարող անել, նույնիսկ եթե գնար էլ, այդ մոնիտորինգային խումբը ոչինչ չէր կարող փոխել, քանի որ ինքնուրույն պետությունը կարող է ցանկացած դատավարություն անել իր օրենքներին համապատասխան․ որևէ պետություն խառնվելու իրավունք չունի։ Որևէ բան Շվեյցարիան անել չէր էլ կարողանալու, եթե անգամ գնար այնտեղ»։

Գուրգեն Պետրոսյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել