Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը։ Այն նախատեսում է մինչև 2031 թվականը ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը, ինչպես նաև հասնել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացմանը։
Այս նախագծին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խնդիր են դրել առաջիկա տարիներին հասնել վիզաների ազատականացմանը, իսկ 2029 թվականին այդ արդյունքն ունենալն առավել իրատեսական է՝ հատկապես քաղաքական հարաբերությունների համատեքստում։
«2029-ին այդ արդյունքն ունենալն ավելի իրատեսական է, մանավանդ մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում»,– ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Այս հարցի քննարկման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև ապօրինի գույքի վերադարձի համակարգին։
«Պետք է արձանագրեմ, որ համակարգը կայացած է։ Այս առումով երեկ էլ խորհրդարանում կարևոր քննարկում եղավ, ինչը, անկախ տոնայնությունից ու ձևից, կարևոր եմ համարում, որովհետև ի հայտ եկավ հանրապետության թիվ մեկ բարերարի թեման։
Այդտեղ էլ ճիշտ տեղ հասանք, որովհետև ուզում եմ ընդգծել, որ ՀՀ թիվ մեկ բարերարը ՀՀ կառավարությունն է և քաղաքական մեծամասնությունը։
2018 թվականի ոչ թավշյա հեղափոխության արդյունքներով՝ այսօրվա դրությամբ, 9,1 մլրդ դոլարի լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե։
ՀՀ օլիգարխիայի պատմության մեջ չկա համեմատելի ծավալ, որ որևէ մեկը ՀՀ ժողովրդի նկատմամբ համեմատելի ծավալի բարերարություն արած լինի։
Սա գողացված այն 9,1 միլիարդն է, որի չնչին տոկոսներով ժամանակին մարդկանց տուկի թել էին բաժանում, բրինձ, ատամի պրոթեզ և այլն»,– ասել է վարչապետը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































