Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 7 տոկոս, ինչը նշանակալի ձեռքբերում է, սակայն երկրի հավակնությունները պետք է շատ ավելի մեծ լինեն

Նոյեմբեր 20,2026 17:23 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» (World’s New AI Hub) խորագրով «DigiTec 2026» ամենամյա միջազգային տեխնոլոգիական համաժողովի և ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարն ընդգծել է, որ տարիների ընթացքում «ԴիջիԹեքը» դարձել է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու, այլև Հայաստանի տեխնոլոգիական ապագան քննարկելու կարևոր հարթակ։

Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ այսօր բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 7 տոկոս, ինչը նշանակալի ձեռքբերում է, սակայն երկրի հավակնությունները պետք է շատ ավելի մեծ լինեն։ Բարձր տեխնոլոգիաները պետք է դառնան ոչ միայն առանձին ոլորտի զարգացման, այլև արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, կրթության և պետական կառավարման արդյունավետության ու մրցունակության բարձրացման շարժիչ ուժ։

Նախարարը նշել է, որ Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ձևավորել է միջազգային շուկաներում մրցունակ տեխնոլոգիական ոլորտ, սակայն արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում փոխվում են նաև միջազգային մրցակցության կանոնները։

«Հայաստանի հաջորդ հավակնությունը պետք է լինի ծրագրային ապահովման և տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում ունեցած հաջողությունները սեփական գիտահետազոտական, ինժեներական և արտադրական կարողությունների վերածելը։ Դրա համար մեզ անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ժամանակակից ենթակառուցվածքներ և գիտության ու բիզնեսի արդյունավետ համագործակցություն»,– ընդգծել է նախարարը։

Անդրադառնալով այս ուղղությամբ Կառավարության քաղաքականությանը՝ Դավիթ Թադևոսյանը նշել է, որ 2026–2031թթ. ծրագրով նախատեսվում է Հայաստանում ձևավորել առաջատար դասի առնվազն 100 հազար GPU-ի համարժեք հաշվողական հզորություններ։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում այդ ռեսուրսները գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ կարևոր է ոչ միայն ունենալ ժամանակակից հաշվողական ենթակառուցվածքներ, այլև դրանք վերածել գիտական արդյունքի, նոր տեխնոլոգիաների, մրցունակ արտադրանքի և տնտեսական արժեքի։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է պետության, գիտական համայնքի և մասնավոր հատվածի համատեղ աշխատանքը։

Անդրադառնալով միջոցառման՝ «World’s New AI Hub» խորագրին՝ Դավիթ Թադևոսյանը նշել է, որ այն արտահայտում է Հայաստանի՝ արհեստական բանականության համաշխարհային կենտրոն դառնալու հավակնությունը: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի տեխնոլոգիական համայնքն ունի այդ ներուժը, իսկ պետության խնդիրն է՝ ստեղծել պայմաններ այն լիարժեք իրացնելու համար։

Դավիթ Թադևոսյանը կարևորել է նաև միջոցառմանը միջազգային գործընկերների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ միջոցառման երեք օրերը կնպաստեն նոր գաղափարների, արդյունավետ համագործակցությունների և հավակնոտ նախաձեռնությունների ձևավորմանը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը և Krisp-ի համահիմնադիր ու նախագահ Արտավազդ Մինասյանը:

Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում նոյեմբերի 20–22-ն անցկացվող միջոցառման առանցքային թեման արհեստական բանականությունն է (AI)։ Հիմնական տեխնոլոգիական ուղղություններն են էներգետիկան և էներգամատակարարումը, չիպերն ու հաշվողական ռեսուրսները, ենթակառուցվածքներն ու տվյալները, ԱԲ մոդելներն ու դրանց ուսուցումը, ինչպես նաև ԱԲ կիրառություններն ու թվային գործիքները։

«DigiTec 2026»-ը կազմակերպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել