Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 24,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ հինգերորդ

ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ

Ոտի վրա մեկական բաժակ գցելուց հետո մենք վերստին նստեցինք Հրաչի ծառայողական ավտոմեքենան, իսկ «Նաիրիի» կոլեկտիվը վերստին տեղավորվեց ավտոբուսի մեջ, եւ ընդամենը կես ժամ անց մենք արդեն Սեւանի ափին էինք, ավելի ճիշտ՝ բայդարկիստների տարածքում, ուր բայդարկիստներից միայն իրենց ղեկավար Մհերն էր՝ հանրահայտ Մոխն իր դեռատի ու վերջին կնոջ հետ, եւ, ըստ երեւույթին, իրենք իրենց մեղրամիսի առիթով էին էդ տարածքը մյուս բայդարկիստներից ժամանակավորապես ազատել, ու քանի որ ինչպես կյանքում ամեն մի լավ բան, մեղրամիսն է՛լ իր վերջն ունի, Մոխն ու նորահարսը Հրաչի ու մյուսներիս հայտնությունը միանգամայն սրտանց ողջունեցին, ու մինչ «Նաիրիի» դեռեւս չկրճատված տղերքը խորովածի թադարուքը կտեսնեին, Յուրայի հորեղբոր քաշած օղուց Հրաչի նախաձեռնությամբ էլի ահագին խմվեց, եւ երբ Հրաչը հանվեց ու լիճը մտավ, մի անգամ շորերը հանելիս գայթեց, մի անգամ էլ՝ լիճը մտնելիս, որովհետեւ Յուրայի հորեղբոր քաշած էդ օղին իսկապես շատ թունդ էր, եւ եթե էդ օղին իմ քեֆն արդեն միանգամայն լավացրել էր, Հրաչի գայթելն ամենեւին զարմանալի չէր, քանի որ ինքն ինձանից շատ շուտ էր սկսել ըմբոշխնել էդ, ուրեմն, յոթանասուն գրադուսանոցը:

Երբ Հրաչը ջուրը մտավ, ես մտածեցի, որ ջրի մեջ միանգամից քեֆը կթողնի ու կօյաղանա, ու նաեւ մտածեցի, որ ինքը ջրի մեջ երկար չի մնա, քանի որ տղերքի խորովածն արդեն ոնց որ պետքն է՝ թշշում էր:

Բայց Հրաչը Հրաչ չէր լինի, եթե իմ կամ որեւէ մեկի մտածածն աներ, եւ քիչ անց կոհակների միջից Հրաչի գլուխը հազիվ էր նշմարվում, եւ դրանից մի քանի րոպե անց արդեն գլուխն է՛լ չէինք կարողանում նշմարել, եւ քիչ անց «Նաիրիի» կոլեկտիվի դեռեւս չկրճատված անդամների երեսներից ծիծաղը վերջնականապես չքվեց, որովհետեւ շուտով բոլորը մի մարդու պես հանկարծ միանգամից գիտակցեցին ու հասկացան, որ եթե Հրաչն ափի ավազին հազիվ էր քայլում ու երկու անգամ գայթեց, դժվար թե Սեւանի մեջ կարողանար իր կայունությունը պահել:

Ես ու Մոխն է՛լ էինք նույն բանը մտածում, բայց, ի տարբերություն մյուսների, ես ու Մոխը գիտեինք, որ Հրաչը դպրոցական տարիներին հնգամարտ է պարապել: Այդուհանդերձ, շուտով Մոխի դեմքից է՛լ հույսի շողերը չքվեցին, եւ Մոխն ինձ ասաց.

– Էշի պես կանգնել ենք. պիտի մի բան անենք:

– Քո բայդարկով չես կարա՞ հետեւից հասնես,- հարցրի ես:

– Էրեխա ե՞ս,- զարմացավ Մոխը.- իմ բայդարկով մինչեւ իրան հասնեմ՝ բանը բանից անցած կըլնի:

– Ո՞նց:

– Հենց ըտե՛նց: Համ էլ՝ իմ բայդարկեն շատ նեղ ա, մենակ հազիվ եմ մեջը տեղավորվում. իրան ո՞նց պիտի հետս ափ հանեմ: Էլ չեմ ասում, որ կարող ա արդեն բանը բանից անցած ըլնի:

– Այսի՛նքն:

– Չտեսա՞ր, որ հազիվ էր ոտի վրա մնում:

– Հիմա ի՞նչ պիտի անենք:

– Է՛դ եմ մտածում,- մտահոգ ասաց Մոխն ու վազեց դեպի դոմիկները:

– Ո՞ւր ես գնում,- իր հետեւից գոռացի ես:

– Հիմա կգա՛մ,- գոռաց Մոխն ու շարունակեց վազել:

Մոխն իմ սերնդի լեգենդներից էր՝ բայդարկիստների ու արշավորդների առաջնորդը, ու չնայած իրեն առաջին անգամ էի մոտիկից տեսնում, ինքն ինձ հեռակա ճանաչում էր ու գիտեր, ընդ որում՝ շատ լավ գիտեր, որովհետեւ ինքը բայդարկա ու առագաստանավ քշելուց բացի՝ լավ կիթառ էր նվագում ու հեղինակային երգեր էր գրում ու հեղինակային երգերից էլ բացի՝ իմ բանաստեղծությունների վրա է՛լ մի քանի երգ ուներ գրած, ու մինչ էդ ամենն ինձ համար հաճելիորեն կբացահայտվեր, ուշքս ու միտքս Հրաչն էր:

– Հետներս գալի՞ս ես, Արմեն,- ինձ հարցրեց Մոխը՝ վաթսունին մոտ անթրաշ ինչ-որ մարդու հետ հայտնվելով:

– Ո՞ւր,- հարցրի ես:

– Մեր Հերոսի կատերով գնանք Հրաչի հետեւից,- ասաց Մոխը:

Հերոսի մոտորանավակը երեք տնակ այն կողմ՝ ափի մոտ մի հսկա քարից կապած էր, ու մենք երեքով էդ մոտորանավակը նստելով՝ սլացանք Հրաչի ուղղությամբ:

– Բախտներդ բերեց, որ էսօր քաղաք չգացի,- ասաց Հերոսը.- առավոտ մտածում էի Էրեւան էթամ, բայց մացի:

– Հըլը հեչ պարզ չի՝ բախտներս բերե՞լ ա, թե՝ չէ,- հոգոց հանեց Մոխը:

– Ամեն դեպքում,- ասաց Հերոսը:

Մենք Հրաչի ուղղությամբ երեւի արդեն կիլոմետրի չափ գնացել էինք, բայց ամենահեռվում անգամ հույսի որեւէ նշույլ չէինք նշմարում:

Երբ արդեն հույսներս լրիվ կտրել էինք, հանկարծ Մոխի դեմքը պայծառացավ ու լուսավորվեց:

– Նայե՛ք. էն ի՞նչ կետ ա,- ճչաց Մոխը:- Հերո՛ս ջան, էն կետի ուղղությա՛մբ քշի:

Հերոսը կետի ուղղությամբ քշեց, կետը գնալով մեծացավ, մեծացավ ու աստիճանաբար սկսեց Հրաչի գլխի ձեւն ընդունել, եւ երբ Հրաչը մոտ հարյուր մետրից մեզ ճանաչելով՝ հեռվանց ձեռքով արեց, ես հասկացա, որ Աստված իր բացառիկ հրաշքներից մեկն է մեզ տեսցնում ու հրամցնում, եւ մինչ Մոխն ու Հերոսը Սեւանի մակերեսին մեջքի վրա փռված Հրաչին համոզում էին մոտորանավակ բարձրանալ, ես մեխանիկորեն շարունակում էի ասել ու կրկնել նույն «Հայր մերը», որովհետեւ այլ աղոթք չգիտեի:

Երբ հրաշքն արդեն լրիվ ամբողջացած եւ, ի դեմս Հրաչի, միանգամայն մարմնավորված էր, Հրաչն իր հորիզոնական դիրքը փոխելով ու արդեն ծովալողով մեզ ընդառաջ գալով՝ ասաց.

– Էս խի՞ եք էկել:

– Քո հետեւից ենք էկել,- ասաց մեկից պայծառացած Մոխը.- արդեն հույսներս կտրել էինք:

– Ինչի՞ց էիք հույսներդ կտրել,- զարմացավ Հրաչը:

– Ախպեր ջան, հել կատեր՝ էթանք,- ասաց Հերոսը:

– Ո՞ւր էթանք,- հարցրեց Հրաչը:

– Ա՛փ,- ասաց Հերոսը:- Տղերքն արդեն մտածում էին, որ խեղդվել ես: Քու մասին շատ էին անհանգստանում:

– Ես էլ իրա՛նց մասին էի անհանգստանում,- ծիծաղեց Հրաչը:

– Մեր մասին խի՞ էիր անհանգստանում,- աղոթքս ավարտելով՝ հարցրի ես:

– Մտածում էի՝ որ գլխներիդ չեմ, էն խորովածը վայ թե վառած ըլնեք,- ծիծաղեց Հրաչը:

– Ախպեր ջան, հել կատերը՝ շառներս քաշենք էթանք ափ,- ասաց Հերոսը:

– Չհասկացա,- ասաց Հրաչը.- իրավունք չունե՞մ մի քիչ լողանամ: Թե՞ արդեն Սեւանն է՛լ եք սեփականաշնորհել:

– Սեւանը դուք որ չսեփականացնեք, մենք հաստատ չենք սեփականացնի,- ասաց Հերոսը:

– Մենք՝ ո՞վ,- հարցրեց Հրաչը:

– Էրեւընցիք,- ասաց Հերոսը:

– Ես էլ մտածեցի՝ դու է՛լ գիտես, որ վերեւներում լիքը ընկերներ ունեմ,- ասաց Հրաչը:

– Մի քիչ էլ որ ուշանայինք՝ էդ վիրեւների հընգերներդ քեզ դժվար թե կարենային փրկեին,- ասաց Հերոսը:

– Ինձ ինչի՞ց պիտի փրկեին,- զարմացավ Հրաչը:

– Խեղդվելուց,- ասաց Հերոսը:- Էս ծովն ինձնից ու քեզնից պակաս տղերքի չի տարե. ինքն իրա փայը գախ-գախ տանում ա:

– Ես իրա փայը չեմ,- ծիծաղեց Հրաչը.- հըլը իմ վախտը չի էկել:

– Էս ծովը վախտ չի հարցնում,- ասաց Հերոսը.- գախ-գախ ինքն իրա փայը տանում ա:

– Անունդ ի՞նչ ա,- հարցրեց Հրաչը:

– Կարեւոր չի,- ասաց Հերոսը:- Մինչեւ էս կատերը չնստես՝ անունս չեմ ասի:

– Մեր ախպոր հետ չես ծանոթացնո՞ւմ, ա՛յ Մոխ,- ասաց Հրաչը:

– Ջրից դուս արի, որ մարդավարի ծանոթանաք,- ասաց Մոխը:

– Անունս Հերոս ա,- ասաց Հերոսը:

– Որ անունդ Հերոս չըլներ, դժվար թե ռիսկ անեիր՝ հասնեիր Սեւանի էս մեջտեղները,- ասաց Հրաչը:

– Մեծ բան չի,- ասաց Հերոսը.- կատերո՛վ եմ խասել:

– Կապ չունի,- ասաց Հրաչը.- կատեր ա, մեկ էլ տեսար՝ փչացավ:

– Իսկական հերոսը դու ես, որ լողնալով ես էս մեջտեղները խասել, էն էլ՝ էդ խմուկ վիճակում,- ասաց Հերոսը:

– Քեզ ո՞վ ասեց, որ խմուկ եմ,- հարցրեց Հրաչը:

– Տղերքը,- ասաց Հերոսը:

– Տղերքը ղալա՛թ են արել,- ասաց Հրաչը:

– Կարող ա ղալաթ են արել, բայց ճի՛շտ են ասել,- ասաց Հերոսը:

– Ճիշտը ո՞րն ա,- հարցրեց Հրաչը:

– Ճիշտն էն ա, որ իսկականից խմուկ ես,- ասաց Հերոսը:

– Փաստորեն, դու է՛լ ես ղալաթ անում, Հերո՛ս ախպեր,- ծիծաղեց Հրաչը:

– Ես առավո՛տը ղալաթ արի, որ չգացի Էրեւան,- ասաց Հերոսը.- որ հիմի Էրեւան ըլնեի, դու դժվար թե ըսենց բլբլայիր:

– Երեւա՞նն ինչ կապ ունի,- զարմացավ Հրաչը:

– Էսօր առավոտ Էրեւան պտի էթայի, բայց ընենց ստացվավ, որ մացի,- ասաց Հերոսը:

– Որ Էրեւան գացած ըլնեիր, ամենից շատ դո՛ւ էիր տուժելու,- ծիծաղեց Հրաչը:

– Ո՞նց էի տուժելու,- հարցրեց Հերոսը:

– Խորովածից զրկվելու էիր,- ասաց Հրաչը:

– Ես որ Էրեւան ըլնեի, էդ խորովածն էս ձեր ժողովրդի քթի՛ց էր դուս գալու,- ասաց Հերոսը:

– Պարզ խոսա՝ բան հասկանանք,- ասաց Հրաչը:

– Սրանից էլ պա՞րզ,- ասաց Հերոսը:- Քու անո՞ւնն ինչ ա:

– Հրաչ,- ասաց Հրաչը:

– Հրա՛չ ախպեր, դու որ լողնալով էկել խասել ես էս մեջտեղները, էդ չի նշանակում, որ կարաս լողնալով էլ խասնես ափ,- ասաց Հերոսը:

– Քո կարծիքով՝ հիմա ո՞նց եմ խասնելու ափ,- հարցրեց Հրաչը:

– Իմ կատերով,- ասաց Հերոսը:

– Աչքիդ ա էրեւում,- ասաց Հրաչը:- Ոնց որ լողնալով էկել եմ, ըտենց լողնալով էլ հետ եմ գնալու:

– Էս մարդը սավսեմ ա գժվել,- զարմացած մեզ նայելով՝ ասաց Հերոսը:

– Կարգի՛ն խոսա,- Հերոսին դիտողություն արեց Մոխը.- էդ մարդը հսկայական հիմնարկի շեֆ ա:

– Գախ-գախ շեֆերն է՛լ են գժվում, Մո՛խ ջան,- ասաց Հերոսը:- Որ ճիշտն ուզում ես իմանաս, էդ շեֆերի մեջ գժերն ավելի շատ են, քան թե՝ հասարակ մարդկանցս մեջ:

– Գախ-գախ մեր Հերոսը ճիշտ բաներ է՛լ ա ասում,- ծիծաղեց Հրաչը:

– Էդ հալիդ ձեռ էլ ե՞ս առնում,- ասաց Հերոսը:

– Ի՞նչ հալ,- հարցրեց Հրաչը:

– Որ կատերս քշեմ ու էթամ՝ կիմանաս,- ասաց Հերոսը:

– Էս Հերոսին որտեղի՞ց ես ճարել, ա՛յ Մոխ,- ծիծաղեց Հրաչը:

– Ինքը մեր մեծ ախպերն ա, Հրա՛չ ջան,- ասաց Մոխը:

– Անունը ճիշտ էլ դրել են,- ասաց Հրաչը.- հերոսության համար խելքն իրանը չի:

– Մոխիս խաթրը չըլներ, նազուտուզդ էսքան չէի տանի, Հրա՛չ տղա,- ասաց Հերոսը.- քեզի ըստեղ կթողեի ու սիկտիրըս կքաշեի:

– Չես կարա,- ծիծաղեց Հրաչը.- դու պարտադիր հերոսություն պիտի անես: Անունդ տոչնի էլ դրել են:

– Մոխ ջան, էս հընգերոջդ բացատրա, որ կարող ա ջղայնանամ ու իսկականից իրան թողեմ ըստեղ,- գոռաց Հերոսը:

– Դե լավ, Հրա՛չ ջան, հանաք արինք՝ պրծանք,- ասաց Մոխը:- Արի քարը փեշիցդ թափի՝ բարձրացի կատեր: Ձեռդ տո՛ւր:

– Չէ,- ասաց Հրաչը:- Ես Հերոսին պիտի պատժեմ:

– Ինձի պատժողն իրա մորից հըլը չի ծնվե,- ասաց Հերոսը.- դու ինձի ո՞նց պիտի պատժես:

– Չեմ թողնելու իմ հաշվին հերոսություն անես,- ժպտաց Հրաչը:

– Այսինքն, չես բարձրանալո՞ւ կատեր,- հարցրի ես:

– Չեմ հասկանում,- ասաց Հրաչը:- Ես իմ համար լողանում եմ, ա՛յ Արմեն. քեզ էլ ե՞մ խանգարում:

– Ժողովուրդը մեզ ա սպասում,- ասացի ես:- Էն խորովածն արդեն լրիվ սառավ:

– Ձեզ ո՞վ ա խնդրել՝ հետս ժամերով գյալաջի անեք,- ասաց Հրաչը.- դուք ձեր կատերով գնացեք, ես էլ հետեւներիցդ լողանալով կգամ:

– Դե լավ, Հերո՛ս ջան, երեւի հենց ըտենց էլ անենք,- ասաց Մոխը.- դու մանրից քշի ափ, ինքը թող լողանալով հետեւներիցս գա:

– Ինչի որ հետներս նստի կատեր, կարող ա՞ չիներն ընկնեն,- նեղացած ասաց Հերոսը:

– Հրաչը քեզնից բեթար կող ունի, Հերո՛ս ջան,- ասաց Մոխը.- որ ասեց չե՛մ նստի՝ չի՛ նստի:

– Էդ ի՞նչ ձեւ ա,- նեղսրտեց Հերոսը:- Լավ կըլնի՞, որ մենք էլ մե՛ր կողը ցույց տանք:

– Իզուր ես նեղանում, Հերո՛ս ջան,- ասաց Մոխը:

– Ո՞նց չնեղանամ. փաստորեն, էս հընգերդ մեզի ձեռ ա կառնի,- ասաց Հերոսը:

– Քշի՛, Հերո՛ս ջան,- ասաց Մոխը:- Ինքը որ ասել ա՝ չե՛մ նստի, որ սպանես էլ՝ չի՛ նստի:

– Գացի՛նք,- մոտորանավակի քիթը շրջելով՝ դանդաղ դեպի ափ ուղղություն վերցրեց Հերոսը:

– Հետեւներիցս արի՛, Հրա՛չ ջան,- ասաց Մոխը:

– Խետն ըտենց ջանով եք խոսում, դրա խամար էլ կապրիզ ա կանի,- բողոքեց Հերոսը:

– Շունգել՝ մեր ընկերն ա,- ասացի ես:

– Բան չունեմ ասելու,- ասաց Հերոսը:- Որ իմ հընգերն ըլներ, խետը սամսեմ ուրիշ ձեւի կխոսայի:

– Ի՞նչ ձեւի կխոսայիր,- ժպտաց Հրաչը:

– Ոչ մի բան էլ չէի խոսա,- ասաց Հերոսը.- թեւիցդ կքաշեի ու կքցեի էս կատերի մեջ:

– Փորձի՛,- ասաց Հրաչը.- հաշվի՝ ընկերդ եմ:

– Իմ հընգերն իմ խետ էդ ձեւի չի՛ կանա խոսա,- ասաց Հերոսը:

– Ես ի՞նչ ձեւի եմ խոսում,- ժպտաց Հրաչը:

– Ոչ մի ձեւի,- ասաց Հերոսը.- փաստորեն, ինձի ձե՛ռ ա կառնես:

– Սխալ ես զգացել, Հերո՛ս ջան,- ասաց Մոխը:

– Իրա տեղակ դու մի՛ արդարացի,- Մոխին ասաց Հերոսը:

– Քեզ ոչ ոք ձեռ չի առել, Հերո՛ս ախպեր,- ասաց Հրաչը:

– Ինձի հեչ ցամաքի վրեն ձեռ առնող չի էղել, ուր մնաց՝ էս ծովի մեջ. մազերս էս ծովի մեջ են սիպտկել,- փնթփնթաց Հերոսը:

– Հե՜յ նավավար, ի՞նչ ես անում, ո՞ւր ես նստում դու նավակ,- հանկարծ սկսեց երգել Հրաչը:

– Էլի ձեռ ա կառնի,- Մոխին նայեց Հերոսը:

– Երգում ա,- ասաց Մոխը:

– Ձեռ ա կառնի,- ասաց Հերոսը.- հիմի արդեն երգելո՛վ ձեռ ա կառնի:

– Ի՞նչ ձեռ առնել,- ծիծաղեց Հրաչը.- երգելու իրավունք էլ չունե՞նք:

– Իրա համար երգում ա,- ասաց Մոխը:

– Ջրի մեջ երգե՞լս որն ա,- դժգոհեց Հերոսը:- Վացուն տարիս էս ծովի մեջ ա հընցե, բայց առաջի անգամ եմ տենում, որ ջրի մեջ երգեն:

– Հայր ունեիր դու սգավոր՝ ծովում կորավ մութ գիշեր, եղբայրներիդ ծովը տարավ՝ ձկնորս էին անվեհեր,- երգեց Հրաչը:

– Էլի ձեռ ա կառնի,- նորից Մոխին նայեց Հերոսը:

– Թող երգի,- ասաց Մոխը.- լավ էլ երգում ա:

– Բան չունեմ ասելու,- ասաց Հերոսը:- Սաղ կյանքս էս ծովի մեջ ա անցե, բայց առաջի անգամ եմ տենում, որ խեղդվող իսանը երգ ասի:

– Ո՞վ ա խեղդվում, ա՛յ Հերոս,- ժպտաց Հրաչը:

– Որ առավոտն Էրեւան գացած ըլնեի, հիմի կիմանայիր՝ ով ա խեղդվում,- փնթփնթաց Հերոսը:

– Իզուր ես նեղսրտում, Հերոս ջան,- ասաց Մոխը.- ինչքան ուզում ա՝ թող երգի:

– Թող էնքան երգի՝ մինչեւ հոգնի,- ասացի ես:

– Բայց էդ ի՞նչ ա կերգա,- ժպտաց Հերոսը.- սամսեմ անծանոթ երգ ա:

– Կարապի երգս ա, Հերո՛ս ջան,- ասաց Հրաչը:

– Կարապի ե՞րգը որն ա,- զարմացավ Հերոսը:

– Սաղ կյանքդ ծովում ես անցկացրել, բայց մինչեւ հիմա չգիտես, թե կարապի երգը որն ա,- ծիծաղեց Հրաչը:

– Մեր ծովի մեջ կարապ չկա,- ասաց Հերոսը.- չայկա ինչքան ասես կա, բայց կարապ ոչ մի խատ չկա:

– Դրա համար էլ չգիտես, որ կարապները երգում են,- ծիծաղեց Հրաչը:

– Այսինքն, ուզում ես ասես, դու կարապ ե՞ս,- հարցրեց Հերոսը:

– Ինքը հրատարակչության դիրեկտոր ա,- ասացի ես:

– Դերեկտոր ա, դրա խամար ա ձենը տաք տեղից գալի,- ասաց Հերոսը:

– Ձենս հեչ էլ տաք տեղից չի գալի,- ժպտաց Հրաչը.- ձեր էս ծովի ջուրը լավ էլ սառն ա, Հերոս ջան:

– Որ քեզ մի քիչ խելոք պախես, էդ ջուրն է՛լ կտաքցնենք, դերեկտո՛ր ջան,- ծիծաղեց Հերոսը:

– Արմեն, էս մեր Հերոսը համ ճոխ լեզու ունի, համ էլ՝ շատ ճկուն միտք,- ասաց Հրաչը.- իրան մեր մոտ խմբագիր չընդունե՞նք:

– Բայց ինքը կհամաձայնվի՞,- հարցրի ես:

– Էս արդեն իրուր խետ ինձի ձեռ ա կառնե՞ք,- ինձ թարս-թարս նայեց Հերոսը:

– Ասում ես՝ չի համաձայնվի՞ մեր մոտ խմբագիր աշխատի,- ինձ հարցրեց Հրաչը:

– Դժվար,- ասացի ես:

– Ճիշտ ես ասում,- ասաց Հրաչը.- ինքը էս ծովից երեւի ահագին եկամուտ ունի: Տարեկան որ տասը հատ խեղդվող փրկի՝ իրան հերիք ա:

– Սխալ ես հաշվում,- ասաց Հերոսը.- սեզոնը նոր-նոր ա սկսվե՝ արդեն տասը խատ փրկել եմ:

– Ինձ էլ ե՞ս հաշվում,- հարցրեց Հրաչը:

– Քեզի էլ որ հաշվեմ՝ տասներկու խատ կըլնի,- ասաց Հերոսը:

– Տասից ո՞նց ես միանգամից տասներկու թռնում,- հարցրեց Հրաչը:

– Էս հընգերոջդ է՛լ եմ հաշվում,- ինձ մատնացույց արեց Հերոսը:

– Ինձ էլ ե՞ս փրկված հաշվում,- հարցրի ես:

– Էրկուսդ էլ փրկված եք,- ասաց Հերոսը.- Մոխի խաթրը որ չըլներ, էրկուսիդ էլ արդեն զարգե՝ գյաբառլամիշ էի արե:

– Հիմի իմ խաթեր ե՞ս էս մարդկանց վիրավորում,- հարցրեց Մոխը:

– Էս հընգերներդ որ ինձի մի գլուխ վիրավորում են, սիրտդ հեչ չի ցավում,- նեղսրտեց Հերոսը:

– Քեզ ոչ ոք չի վիրավորել,- ասաց Մոխը:

– Էդքան է՛լ անխելք չենք,- ասաց Հերոսը:- Ուղղակի որ իմ տերիտոիրայի մեջն են ու քու էլ հընգերներն են, լեզուս կծում եմ, որ ավելնորդ բան չասեմ:

– Ճիշտ ես անում,- ասաց Մոխը:

– Բայց էդ չի նշանակում, որ իրանք պիտի չափները չճանանչեն,- ասաց Հերոսը:

– Շատ ճիշտ ես անում, որ քեզ զսպում ես, Հերո՛ս ջան,- ասաց Հրաչը.- որովհետեւ դու հենց էս պահին աշխատանքի մեջ ես:

– Ըտենց ա,- ասաց Հերոսը:

– Փաստորեն, քո հիմնական գործը մարդ փրկելն ա,- ասաց Հրաչը:

– Իմ բախտն էլ ըտենց ա ստացվել,- ասաց Հերոսը:

– Էս կյանքում ոչինչ հենց էնպես չի լինում,- ասաց Հրաչը.- ի վերուստ քո առաքելությունը որոշված ա էղել, դրա համար էլ անունդ Հերոս են դրել:

– Էլի ձեռ ա կառնի՞,- Մոխին նայեց Հերոսը:

– Ի՞նչ ձեռ առնել,- ասաց Մոխը.- ընդհա՛կառակը, քո մասին լավ բաներ ա ասում:

– Լավ բաներ որ ասեր, մարդավարի լեզվով կասեր, որ ես էլ հասկանայի,- ասաց Հերոսը:

– Արդեն սկսել ես կոմպլեքսավորվել,- ասաց Մոխը:

– Դու էլ սկսա՞ր բարդ խոսալ,- նեղսրտեց Հերոսը:- Կարող ա՞ խոսքներդ մեկ եք արե, որ ինձի նեղացնեք:

– Դո՛ւ ես որոշել նեղանալ,- ասաց Մոխը.- ոչ մեկի մտքով չի անցնում խաթրիդ կպնել:

– Մինակ էդ էր պակաս, որ խաթրիս է՛լ կպնեք,- ասաց Հերոսը:- Վացունն անց մարդ եմ, բայց էս տերիտոիրայում հըլը խաթրիս կպնող չի էղել:

– Ինձ ե՞ս բացատրում,- ասաց Մոխը:

– Որ էս տերիտոիրայի մարդկանց հարցուփորձ անեք, կիմանաք, որ ըստեղ սաղն էլ ինձի հարգում են,- ասաց Հերոսը:

– Ես առանց հարցուփորձի էլ էդ բանը գիտեմ,- ասաց Մոխը:

– Դե որ գիդես, էս հընգերներիդ է՛լ բացատրա,- հպարտ-հպարտ ասաց Հերոսը:

Հրաչն արդեն ժամից ավել ջրի մեջ էր, բայց ո՛չ միայն իր լողն էր միանգամայն անհոգ շարունակում, այլեւ միանգամայն անհոգ խոսում ու ժամանակ առ ժամանակ երգում էլ էր, ու սովորաբար քչախոս Հրաչը ջրի մեջ լավ էլ շատախոս էր դառել ու բլբուլ էր կտրել, եւ, եթե երբեւէ Սեւանում կամ այլ ջրերում լողացել եք, ինքներդ էլ զգացած կլինեք, թե ինչքան դժվար ու անհարմար է լողալիս խոսելն ու առավել եւս երգելը, բայց Հրաչն ուրախ ու զվարթ շարունակում էր խոսել ու երգել, եւ իր ծովալողի էդ ողջ ընթացքում իր գլուխը ջրի մակերեսից էնքա՛ն բարձր էր, որ խոսելիս ու երգելիս բերանը բացարձակապես ջուր չէր լցվում, ու, էդ ամենից էլ բացի, ջրի մեջ Հրաչն անհամեմատ շատախոս ու սրամիտ էր դառել եւ բառի բուն իմաստով էր բլբուլ կտրել, եւ հիմա, երբ ասում ու գրում եմ, որ ինքն էդ օրը Սեւանի սառնորակ ջրերի մեջ իսկապե՛ս երգում ու գեղգեղում էր, Հրաչին շատ մոտիկից ճանաչողներն անգամ էս ասածիս ու գրածիս չեն հավատա:

Ես երեւի էս ամենը չպատմեի ու չգրեի, եթե առիթը չներկայանար, իսկ առիթը, եթե չեմ սխալվում, էն էր, որ յոթանասունվեցի օգոստոսի յոթի գիշերամուտին ավագ Թամրազյանն է՛լ էր ահագին խմել եւ համարյա չէր հարբել ու չնայած մի քիչ երերում էր, բայցեւ էնքան սթափ էր, որ Նորայի հետ ահագին դիստանցիայի վրա էին իրենց տանգոն շարունակում, ի տարբերություն ինձ ու Լիզայի, որ գրկված ու ի մի էինք եկած նույն «Երեքնուկի» տրամադրող ելեւէջների ախորժելի խորքերում, եւ իրարից քսան տարով հեռու ամառային էդ երկու օրերի նմանությունն ինձ համար նաեւ էն էր, որ ես էդ երկու դեպքերում էլ տանն ինձ անհամբեր ու անհանգիստ սպասողներ ունեի, եւ եթե առաջին դեպքում ինձ հիմնական սպասողը մայրս էր, երկրորդ դեպքում, ըստ ամենայնի, մայրս ու կինս պիտի լինեին, եւ եթե առաջին դեպքում դեռեւս չգիտեի, որ ավագ Թամրազյանն էդ գիշեր մեզ հեշտությամբ բաց չի թողնելու, ապա որդու դեպքում արդեն գիտեի, որ բանը բանից անցել է, եւ երկրորդ դեպքում է՛լ էր տագնապս հիմնականում մորս հետ կապվում, որովհետեւ իմ «Poker»-ի ամենաբուռն ժամանակն էր, եւ կինս ու երեխեքս արդեն վարժվել էին գիշերները տուն չգալուս, այսինքն, եթե մայրս պատահաբար չզանգեր ու կնոջիցս բացակայությանս մասին չիմանար, ամեն ինչ երեւի բարեհաջող ավարտվեր, չնայած էդ օրվա հանգամանքը մի քիչ այլ էր, եւ շատ հնարավոր է, որ կինս ու երեխեքս է՛լ էդ օրը տուն չգալուս համար տագնապեին, որովհետեւ, էլի եմ ասում, էդ առավոտ տան շորերով ու ծխախոտ առնելու նպատակով էի տնից դուրս եկել, եւ առաջ անցնելով ասեմ, որ էդ կարեւոր հանգամանքը մերոնց աչքից վրիպել էր, ու, ինչպես միշտ, մոտս բանալի կար, եւ երբ հաջորդ գիշեր մեր էդ «Հայրենիքի» տուն մտա, մերոնք հանգիստ ու խաղաղ քնած էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել