Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ՁՄԵՌ ՊԱՊՆ» ՈՒ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԸ

Դեկտեմբեր 23,2008 00:00

«Հայ Ձմեռ պապը» օգնում է կարիքավորներին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Արմենիա նաու» ինտերնետային շաբաթաթերթի խմբագիր, ամերիկացի Ջոն Հյուզը: «Արմենիա նաու» ինտերնետային շաբաթաթերթը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը եւ Հայ առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ, Հայաստանում իրականացնում են բարեգործական ծրագրեր: Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեց «Հայ Ձմեռ պապ-2009» բարեգործական ծրագրի ամփոփիչ ֆիլմը: Ըստ նախագծի հեղինակ, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմենուհի Պետրոսյանի, ծրագիրն արդեն 4-րդ տարին է իրականացվում Հայաստանում. «Ծրագիրը ավանդական բնույթ ունի. ամեն տարի Հայաստանում եւ ԼՂՀ-ում բնակվող կարիքավոր ընտանիքների ենք գտնում եւ փորձում մեր ուժերի ներածին չափով նրանց հոգսերը փոքր-ինչ թեթեւացնել: Ծրագրերի իրականացմանը մասնակցում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող բարերարները, պետական եւ հասարակական կազմակերպություններ՝ ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Նրանց շնորհիվ բազմաթիվ հայ ընտանիքներ այս 4 տարիների ընթացքում կարողացել են փոքր-ինչ ոտքի կանգնել: Նպատակն է՝ անդրադառնալով կարիքավոր ընտանիքներին, թեթեւացնել նրանց կյանքը: Առաջնորդվում ենք՝ «Լավ է օգնել ոմանց, քան անտեսել» կարգախոսով»: Ըստ Ա. Պետրոսյանի, 4 տարիների գործունեության ընթացքում «Հայ Ձմեռ պապը» օգնել է ավելի քան 50 կարիքավոր ընտանիքի: Ֆիլմի մասին նախագծի հեղինակը շեշտեց. «Սա զուտ լրագրողական աշխատանք է՝ ակնարկների տեսքով: Հեղինակներն են Լուսինե Մուսայելյանը, Վահան Իշխանյանը, Գայանե Մկրտչյանը: Ֆիլմը 2008թ. մեր ամբողջ աշխատանքների ամփոփումն է: Այն 12 մասից բաղկացած վավերագրություն է, որից 8-ը ներկայացնում է Հայաստանում եւ Ղարաբաղում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների պատմությունը: Ֆիլմերի միջոցով կոչ ենք անում մարդկանց՝ ձեռք մեկնել կարիքավորներին»: ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ նշում է. «Հայ Ձմեռ պապը» եզակի ծրագիր է իր գաղափարախոսությամբ: Վերջերս ցնցված էի, երբ իմացա, որ դարեր առաջ տարբեր երկրների հայկական համայնքներում եղել է մի ավանդույթ, համաձայն որի՝ համայնքի յուրաքանչյուր անդամ, անկախ իր կարողությունից, պետք է ունեցվածքի մի մասը նվիրաբերեր տվյալ համայնքի անդամներից մեկին: Ես կարծում եմ, որ հենց այս մոտեցումն է որդեգրել «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամը»: Տեր Եսայի քահանա Արթենյանը փաստեց. «Երբ ծանոթացա ծրագրի իրականացնողների հետ, որոշվեց, որ պետք է համագործակցենք: Հաճելի է, երբ երիտասարդության մեջ նկատում ես ցանկություն՝ կողքինին ինչ-որ բանով օգնելու: Այն, ինչ անում է «Հայ Ձմեռ պապը», բավական եւ ամբողջական չէ, սակայն այն փաստը, որ արդեն բարեգործություն է իրականացվում, արժանի է գովերքի»: Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին նաեւ բոլոր այն 8 ընտանիքների երեխաները, որոնք ներկայացված էին ֆիլմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել