Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտավորները եղան այնտեղ, որտեղ Քրիստոսն էր քայլել

Հունիս 06,2012 13:26

Տեր Հակոբը՝ ուխտավորների հետ:

«Արարատ» միությունը հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ վերջերս ուխտագնացություն կատարեց դեպի Սուրբ Երկիր՝ Երուսաղեմ: Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում վայրէջքից հետո խմբին միացան նաեւ հայ ուխտավորներ Սանկտ Պետերբուրգից, Մինսկից, Ռիգայից, Կալինինգրադից՝ տեր Սարգիս քահանա Չոփուրյանի եւ տեր Խոսրով քահանա Ստեփանյանի հոգեւոր առաջնորդությամբ:

Երուսաղեմ ժամանելու հենց հաջորդ օրվանից ուխտավորները քայլեցին այն վայրերով, որտեղ Քրիստոսն էր անցել. այց կատարվեց Սուրբ Հակոբյանց մայրավանք, Սիոն լեռան սրբավայրեր, Վերնատուն, Դավիթ Մարգարեի գերեզման, Սուրբ Աստվածածնի ննջման եւ Սուրբ Պետրոս առաքյալի զղջման եկեղեցի, որտեղ միասնական աղոթք ասվեց:

Սուրբ Աստվածածնի տաճարում՝ Սուրբ Կույսի գերեզմանի վրա, տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հանդիսապետությամբ պատարագ մատուցվեց. դպրաց բաժինը կատարեց «Արարատ» երգչախումբը, իսկ ուխտավորները մասնակցեցին հաղորդության: Այնուհետեւ նրանք մեկնեցին Հորդանան, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել էր Քրիստոսին: Տեր Հակոբի ու տեր Սարգսի ձեռամբ տեղի ունեցավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ինչպես նաեւ՝ Էմիլ Սադաջովսի մկրտության արարողությունը: Խումբը այցելեց Մեռյալ ծով:

Տիրան աբեղա Հակոբյանի ուղեկցությամբ ուխտավորները ծանոթացան Սուրբ Հարության տաճարին եւ աղոթեցին սրբատեղիներում, այդ թվում՝ Տիրոջ Սուրբ գերեզմանին:

«Գնացինք Էք Լոդ քաղաք, այցելեցինք Սուրբ Գեւորգի գերեզմանին, որտեղ 1870թ.-ին եկեղեցի է կառուցվել: Սուրբ Գեւորգը մեծ եւ անվախ զորավար էր, բնիկ Երիքովցի: Նա չվախեցավ Դիոկղետիանոսի առաջ խոստովանել Քրիստոսին որպես Աստծո որդի եւ բազմաթիվ չարչարանքներից հետո ընդունեց նահատակության պսակը: Եղանք նաեւ Յոպպե հին քաղաքում եւ Միջերկրական ծովում»,- պատմում է տեր Հակոբը:

Ուխտավորները հատելով իսրայելա-պաղեստինյան սահմանը՝ այցելեցին Բեթղեհեմ եւ Սուրբ Ծննդյան տաճարում մասնակցեցին պատարագի: Դեպի Երուսաղեմ վերադարձին եղան նաեւ Համբարձման լեռում եւ Հայր Մեր եկեղեցում, որտեղ աշխարհի բոլոր լեզուներով գրված է «Հայր մեր» աղոթքը:

«Արարատ» երգչախումբը համերգային ծրագրով հանդես եկավ Սուրբ Հակոբյանց վանքի «Ժառանգավորաց» վարժարանի սրահում՝ կատարելով հոգեւոր, ժողովրդական եւ հայրենասիրական երգեր:

Միջոցառմանը ներկա էին տեր Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, Սուրբ Հակոբյանց միաբանության հոգեւոր հայրերը, ճեմարանական սաներ, երուսաղեմաբնակ հայեր եւ հրեաներ:

Սրբազան հոր վկայությամբ՝ երգչախմբի ելույթը բացառիկ մի իրադարձություն էր: «Առաջին անգամ էր, որ Հայաստանից ժամանած երգչախումբ է ելույթ ունենում Երուսաղեմի համայնքում: Դա համայնքային կյանքում մի նոր շունչ մտցրեց»,- ասել է սրբազանը:

Ուխտավորները եղան Նազարեթի Սուրբ Աստվածածնի Ավետման եւ Սուրբ Հովսեփի եկեղեցիներում, Կաննայի Հրաշքի եկեղեցում: «Առիթ ունեցանք Գալիլայի լճակով նավարկելու, որը բացառիկ էր նրանով, որ Հայաստանի հիմնի հնչողության ներքո կայմին բարձրացվեց հայկական Եռագույնը: Բոլոր ուխտավորները հոտնկայս ու հուզմունքով հոգեւոր հայրենիքում զգացին նաեւ ֆիզիկական հայրենիքի շունչն ու ներկայությունը»,- պատմեց տեր Հակոբը:

Ուխտայցի վերջին Սուրբ Հակոբյանց մայրավանքում ուխտավորները մասնակցեցին սուրբ պատարագի արարողության, ապա Սուրբ Հրեշտակապետաց վանքում, որտեղ նրանց ցույց տրվեց Սուրբ Ձիթենու ծառը, հայր Տիրանն էլ պատմեց, որ պտուղները հրաշագործ զորություն ունեն. «Ձիթենին նախապես եղել է չոր փայտի կտոր, որին չարչարանքների ժամանակ կապել են Քրիստոսին, որից հետո ծառը կանաչել է եւ դարձել պտղատու: Վերջին շրջանում հոգեւորականները նշում են մոտ 200 դեպք, երբ պտուղն ուտելուց հետո երկար տարիներ երեխա չունեցող կանայք երեխա են ունեցել»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930