Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարությունից ցուցարարի ծնողներին կանչել են եւ սպառնացել ազատել աշխատանքից (Տեսանյութ)

Օգոստոս 08,2013 16:15

«Պահանջում ենք կասեցնել ռեկտորների խորհրդի կողմից ընդունած որոշումը, ըստ որի նախատեսվում է բուհերի վարձավճարների 80-200 հազար դրամ բարձրացում: Մենք համարում ենք, որ  ուսման վարձավճարների թանկացման որոշումը ուղղակիորեն սպառնում է ՀՀ ազգային շահին, քանզի դա կհանդիսանա ավելի քան ծանր հարված ՀՀ շարքային քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական վիճակին»,- այսօր կառավարության շենքի առջեւ Ներազգային ազատագրական շարժման անդամները այս բովանդակությամբ նամակ կարդացին եւ փոխանցեցին կառավարությանը:

Ըստ ցուցարարների, «Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեության ռազմավարական ուղղություններից է կրթական ոլորտների զարգացումը: Իսկ ուսման վարձերի բարձրացումը ուղղակիորեն հակասում է նման հայտարարությանը:Այն կզրկի շատ շնորհալի երիտասարդների կրթություն ստանալու հնարավորությունից: Հետեւաբար մոտ ապագայում մենք կունենանք որակյալ կադրերի զգալի պակաս, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակը: Նման որոշումները անխուսափելիորեն կնպաստեն ազգի դեգրադացմանը եւ ուսումնատենչ երիտասարդության զանգվածային տեղահանմանը՝ դեպի շատ ավելի մատչելի եւ հասանելի զարգացած երկրների կրթական համակարգեր: Իսկ մեր՝ առանց այն էլ օրեցօր աճող արտագաղթի պայմաններում սա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաոչնչացում: Պահանջում ենք կասեցնել այդ որոշումը»:

Aravot.am-ի հարցին՝ բուհերից ճնշումներ կա՞ն ուսանողների վրա, որ չգնաք, չմասնակցեք ցույցերին՝ Ներազգային ազատագրական շարժման անդամ Վահան Մարտիրոսյանը պատմեց, որ իրենց շարժման անդամների վրա ճնշում կա. «Այսօր այստեղ այսքան մարդ չպետք է լիներ: Անդամներ կան, որ իրենց ծնողները դասախոս են, կրթության նախարարությունից կանչել են եւ ասել են՝ դիմումը սեղանին կլինի, եթե մասնակցեք»: Վահան Մարտիրոսյանը չցանկացավ հրապարակել ճնշման ենթարկվածների անունները:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031