Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»

Հոկտեմբեր 30,2014 15:50

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, ասաց` ասեք մեզ, ի՞նչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի:

Նա մասնավորապես հայտարարեց. «Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ներկայացված լինեն պատշաճ մակարդակի վրա»: Հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց`այդ հարցով անպայման կզբաղվեն:

Նիստին հետևած մամուլի ասուլիսում Նիկոլայ Ռիժկովին ուղղված հարց հնչեց` ինչո՞ւ ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել: «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մե՞նք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմի մեջ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի մտեք ձեր հայրենի տարածք»,- արձագանքեց Նիկոլայ Ռիժկովը:

Շարունակելով թեման և օրինակ բերելով մյուս չճանաչված տարածքներն ու հանրապետությունները, նա ասաց, որ եթե ԱՄՆ-ն ուժեղ կողմ է, դա չի նշանակում, որ նա կարող է ամենաթողությամբ զբաղվել. «Եկեք սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել կազմում»:
Նա նաեւ հավելեց, որ ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսեթիան, Աբխազիան և մյուսները:

Հարցին`ինչպե՞ս է ինքը վերաբերում Հայաստանի դաշնակից ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու մտահոգող խնդրին, Նիկոլայ Ռիժկովն ասաց, որ առիթ ունեցել է բազմիցս այդ հարցին անդրադառնալ, բայց հիմա էլ ասում է` ինքը չգիտի, թե ինչու է այդպես, բայց մեկ բան հստակ է` խորհրդարանը չի ընդունել որևէ որոշում սպառազինման մասով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուրան ՍիՆաՆյան says:

    Այս, այպես կոչված հայերի բարեկամին, պետք է անմիջապես վռնդել և այլևս չթողնել, որ մուտք գործի մեր երկիր։ Պարզ է, որ Արցախի պատկանելիության մասին նույն կարծիքն ունեն մեր, այպես կոչված ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի ղեկավարները։Սրանք՝ ռուս մեր չակերտավոր բարեկամները, մոռացել են, որ Արցախի բնակչությունը շատ ավելի օրինական հանրաքվեով քան Ղրիմի բնակիչները, որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից։ Ինչպես կասեր Երևան Բլյուզ ֆիլմի գլխավոր հերոսը՝ կերաք արա։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031