Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Յաթաղան սինդրոմ

Ապրիլ 13,2015 13:52

–         Հիմա՞ ինչ եք մտածում:

–         Հիմա ես մտածում եմ աշխատանքիս մասին, – ասաց պացիենտը:

–         Իսկ ա՞յժմ, – բլոկնոտում նշումն անելուց հետո հարցրեց Միքայելը, աչքերը կրկին հառելով լոգոֆիլի ցուցիչներին:

–         Այժմ ես մտածում եմ, որ եթե նկարիչ լինեի, լուսամուտի ետևի այս ճյուղերի նախշը կնկարեի:

Միքայելը գոհ գլխով արեց: Լոգոֆիլն աշխատում էր անթերի: Էկրանի վրա պացիենտի յուրաքանչյուր միտքն արտացոլվում էր որպես հստակ նախշ, իսկ երբ պացիենտը բաձրաձայն կրկնում էր իր միտքը, նախշը կրկնվում էր ոչ նույնությամբ, բայց այնպես, որ հասկանալի էր, որ նույն միտքն է արտահայտվել:

–         Հիմա՛ էլ ասեք, եթե կարելի է, – ասաց Միքայելը:

–         Հիմա ես մտածում եմ Նվարդի մասին: Արդեն քսան տարի է ամուսնացած ենք, բայց չգիտեմ ինչու հենց որ նրա մասին մտածում եմ, սիրտս քնքշանքով է լցվում:

Էկրանի վրա, պացիենտի խոսքերին համապատասխան, գծագրվեց պոչերով իրար միացած երկու դեղնակարմիր տանձ հիշեցնող հիերոգլիֆը: Միքայելը նախորդ հարցումներից արդեն գիտեր, որ դա պացիենտի կնոջ՝ Նվարդի պատկերն է, որն արտահայտվում է, հենց որ պացիենտը մտածում է նրա մասին:

–         Հագնվեք, – Միքայելը վեր կացավ ու լոգոֆիլը կտրուկ անջատեց:

–         Բժիշկ, որևէ բան հասկանալի դարձա՞վ:

–         Ձեր լացի վերաբերյա՞լ: Մի անհանգստացեք, դա զուտ տարիքային ռեակցիա է: Տարիքի հետ տղամարդիկ սենտիմենտալ են դառնում: Մի քաշվեք դրանից:

Միքայելը ռետինե ձեռնոցները հանեց, կոլոլեց, հանձնեց երիտասարդ ասիստենտին, որպեսզի վերջինս կծիկն աղբարկղ նետի, ու դուրս եկավ բուժարանից:

Ճաշարանում նա բալի հյութ էր ըմպում, երբ Յաթաղան Օսմանչին մտավ ներս:

–         Ահա, – ասաց Յաթաղանը, գունավոր գրաֆիկները շպրտելով սեղանին: – Նա իհարկե ձախ կիսուղեղի տեմպէմոց ունի:

–         Նվա՞րդը:

–         Այո: Իսկ ամուսի՞նը: Նայեցի՞ր:

–         Բան չտեսա, – մտազբաղ ասաց Միքայելը, դիտելով գունավոր սիմվոլների հավաքածուն: – Տեմպէմոցն այնքան էլ վտանգավոր չէ:

–         Դե հա, – ասաց Յաթաղանը: – Ես նրան էնցեֆալոֆեն դուրս գրեցի:

Սեղանին շպրտված գրաֆիկների վրա ամեն գույնի ու տեսքի սիմվոլներ էին: Դրանք նման էին երեխայի թոթով նկարների՝ կամ հանճարեղ, թեև անճանաչ, աբստրակցիոնիստի կտավների: Կարմիր ծովեր, կանաչ երկինքներ, ինչ-որ երեքգլխանի էակներ…

Հանկարծ Միքայելը քիչ մնաց բալի հյութով բաժակը ձեռքից բաց թողներ: Ձեռքը դողաց, հյութը թափվեց սեղանին:

–         Զգույշ, – ասաց Յաթաղանը, հազիվ մի կողմ քաշելով գրաֆիկները:

Միքայելը չպատասխանեց: Նա նայում էր նկարներից մեկին՝ պոչերով իրար կապված երկու տանձանման դեղնակարմիր պատկերներին: Կասկած չկար. նույն պատկերն էր: Նա քիչ առաջ տեսել էր այն իր լոգոֆիլի էկրանին: Միքայելը թերթեց թղթերի տրցակը: Մի տաս էջ այն կողմ պատկերը կրկնվում էր: Նա նայեց ներքևի աջ անկյունում դաջված ժամին. տասն անց երեսուներկու րոպե քառասուն վայրկյան: Առավոտ:

Միքայելը վեր թռավ և վազեց իր բուժարան: Յաթաղանը զարմանքով նայում էր, ինչպես է նա վազում միջանցքով, ճեղքելով միջանցքով հանդիսավոր կերպով ճեմող թևանցուկ բուժքույրերի զույգերը: Նրանց սպիտակ խալաթների փեշերը զարնացած փողփողում էին նրա բարձրացրած քամու ետևից:

Բուժարանում Միքայելը միացրեց լոգոֆիլն ու սեղմեց «պրինտ» կոճակը: Չնայած կարող էր և չանել. նա արդեն գիտեր, թե ինչ է տեսնելու:

Տասն անց երեսուներկու րոպե քառասուն վայրկյանին Միքայելի պացիենտը տեսել էր նույն պատկերը, ինչ նույն պահին Յաթաղանի բուժարանում տեսել էր պացիենտի՝ երկրորդ լոգոֆիլով զննում անցնող կինը՝ Նվարդը. քիչ հետո պացիենտը Միքայելին հայտնել էր, որ մտածում էր Նվարդի մասին:

««

Դոկտոր Միքայել Պետրոսյանը քառասուն տարեկան էր, երբ վերջապես ավարտեց բոլոր ինտերնատուրաներն ու օրդինատուրաները (վերջինը՝ Վաշինգտոնի հանրային հոսպիտալում) և դարձավ աշխարհի յոթ միակ բժիշկներից մեկը՝ մասնագիտացած նորածին մանկանց պաթոլոգիկ էնցեֆալոգոսի վիրահատություններում: Դա մի բնածին հիվանդություն էր, որ ունենում էր մարդկանց զրո ամբողջ երեք հարյուրերորդական տոկոսը, և որը նախկինում հանգեցնում էր հանկարծամահության՝ քսանյոթ տարեկանում: ԱՄՆ-ում վերջին տարիներին մի շարք հայտնագործություններ էին արվել այդ ասպարեզում: Գիտնականները հասկացել էին, որ եթե գլխուղեղի մեջ ֆիզիկապես միջամտել ծննդից երեք շաբաթից ոչ ուշ՝ հիվանդությունը կարելի է բուժել: Ախտորոշման նպատակով ստեղծվել էր նույնիսկ հատուկ սարք՝ կոչված լոգոֆիլ, մանկիկների պրոտոմտագործունեության փոթորկացումներն արձանագրելու համար:

Լոգոֆիլ կար շատ հիվանդանոցներում, բայց քիչ վիրաբույժներ կային, որոնք մասնագիտացել էին էնցեֆալոգոսի վիրահատության մեջ, քանի որ դա շատ բարդ օպերացիա էր: Այն պիտի կատարվեր անհապաղ, հիվանդության հայտնաբերումից անմիջապես հետո, իսկ հայտնաբերել էնցեֆալոգոսը հնարավոր էր ծննդից երկու շաբաթ հետո միայն:

Միքայելն արդեն մի քանի տարի, լրացնելով իր օրդինատուրան, վիրահատում էր ինքնաթիռի մեջ: Վիրահատական սարքերը թանկ էին և շատ հիվանդանոցներում չկային: Հենց որ դիագնոզը դրվում էր՝ նա հատուկ բժշկական ինքնաթիռով թռնում էր այն քաղաքը, որտեղ հայտնաբերվել էր հիվանդ երեխան, երեխային բերում էին ինքնաթիռ, և Միքայելը նրան տեղնուտեղը վիրահատում էր: Միքայելը սիրում էր իր գործը: «Նշտա՛րը», խրոխտ ձայնով ասում էր նա վարժ բուժեղբորը և, առանց նայելու, պարզում ռետինե ձեռնոցով ձեռքի ափը: Եվ վարժ բուժեղբայրն առանց վարանելու նրա ափի մեջ էր դնում միկրոսկոպիկ էլեկտրոնային նշտարը:

Միքայելն արդեն արել էր մի քանի տասնյակ վիրահատություն, իսկ այժմ պիտի անցներ մշտական գրաֆիկի, որոշելով, թե ո՛ր հիվանդանոցի առաջարկն ընդունի՝ դառնալ նրանց պրոֆեսորը: Աշխարհում կար յոթ հիվանդանոց, որոնք ունեին բժշկական ինքնաթիռ՝ էնցեֆալոգոս վիրահատելու սարքավորումով: Միքայելը հակված էր ընտրել Կլիվլենդը:

Սակայն արդեն մի քսանհինգ տարի կլիներ ինչ նա, սովորելով և աշխատելով զբաղված, չորս օրից ավելի իրար ետևից չէր հանգստացել, և մտածում էր՝ իսկ գուցե մեկնի մի որևէ լավ տե՞ղ, ասենք Տիմբուկտու, և գոնե մի երկու շաբաթ նվիրի հանգստանալու՞ն, մինչև կրկին գործի անցնելը:

Այդ մտածմունքների պահին նրան զանգահարեց քեռի Գևորգը, Երևանից:

Քեռի Գևորգն անընդհատ ինչ-որ ծրագրեր էր իրականացնում, թեև դա նրան առանձնապես հաջողություն կամ ապահովություն չէր բերում: Հիմա էլ նա շատ արագ անցավ իր զանգի բուն նպատակին:

Պարզվեց, որ մի սփյուռքահայ Երևանի մի հիվանդանոցի անհատույց տվել է երկու լոգոֆիլ: Սակայն դրանցից օգտվելու համար մասնագետներ չկան: Քեռի Գևորգն առաջարկում էր Միքայելին գալ Հայաստան գոնե երկու շաբաթով՝ սովորեցնելու, թե ինչպես օգտվել լոգոֆիլից: Սփյուռքահայ բարերարը Միքայելի ծախսերը կփակեր, թեև Միքայելը պիտի աշխատեր անվճար: Դա նրա ներդրումն էլ լինելու՝ հայրենիքի զարգացման մեջ: Գևորգն ասաց, որ կա մի թուրք մասնագետ՝ Յաթաղան Օսմանչի, նույնպես ԱՄՆ-ից, որն արդեն համաձայնել է գալ, բայց լավ կլիներ, եթե Միքայելն էլ գար:

Քեռի Գևորգը տեղյակ չէր, որ Միքայելը նաև լոգոֆիլի մասնագետ է: Սակայն նա ուներ մոտավոր պատկերացում Միքայելի մասնագիտության վերաբերյալ, և մտքովն անցել էր Միքայելի հետ խոսել: Համենայն դեպս: Եվ, իրոք, փայլուն միտք էր անցել իր մտքով:

Միքայելը, իր համար էլ անսպասելի, համաձայնեց: Իհարկե, հոգու խորքում նա գիտեր, որ Տիմբուկտուի և Գոայի գաղափարների կողքին փայլատակել էր նաև Հայաստան վերջապես այցելելու կարճ միտքը, բայց այն երբեք չէր գիտակցվի, մանավանդ՝ դառնա որոշում, եթե չլիներ քեռի Գևորգի զանգը, այդ երջանիկ զուգադիպությունը:

Միքայելը համաձայնել էր, չնայած որ պիտի աշխատեր մի մարդու հետ, որի անունն էր Յաթաղան: Միքայելը վաղուց էր լսել այդ եռանդուն տաղանդավոր երիտասարդի մասին:

Երևանում հանդիպեցին: Պարզվեց, Յաթաղանը շատ հաճելի անձնավորություն է. նա իսկույն ասաց, որ ընդունում է ցեղասպանության մեջ իր նախնիների մեղքը, և որ իրեն այդպես են անվանել՝ քանի որ իր ծնողները, ապրելով Ադանայում, ուզում էին իրեն ապահովել ցանկացած ագրեսիայից՝ տեղացիների կողմից: Յաթաղանի ասելով, իր տոհմը եկվոր էր ինչ-որ մի անհայտ տեղից՝ Օսմանյան կայսրության ծայրամասերից, և նա հաստատ գիտեր, որ իր տատը թուրք չէր, բայց թե ինչ ազգ էր՝ տատն անհայտ էր պահել մինչև կյանքի վերջ: «Շատ հավանական է, որ հայ էր», ասում էր Յաթաղանը տխուր ժպիտով: «Որքան հարցրինք՝ էդպես էլ չպատմեց ու մեռավ»:

Միքայելն առանձնապես ուշադրություն չէր դարձնում այդ ասածներին. հայ տատ ունենալը մոդայիկ էր դարձել թուրքերի շրջանում: Ոմանք դա ասում էին մոդայի պատճառով, ոմանք՝ քաղաքավարությունից դրդված, կամ էլ պարզապես հայերին ու նույնիսկ միջազգային հանրությանը հաճոյանալու համար:

»»»

Երևանում պարզվեց, որ էնցեֆալոգոսով հիվանդ հայաստանցի երեխաներ գրեթե չկան: Լոգոֆիլը մեծ մասամբ պարապ էր: Ինքնաթիռը՝ վիրահատական սարքավորումով, որ սփյուռքահայ բարերարը վարձել էր ու հսկայական օրավարձ էր մուծում Հայաստանում անցկացրած նրա ամեն օրվա դիմաց՝ չվեց, վերադարձավ ԱՄՆ: Իսկ Միքայելը որոշեց մնալ, ինչպես և խոստացել էր Գևորգին ու ինքն իրեն, ուղիղ երկու շաբաթ: Նա որոշումները դժվար էր փոխում:

Առաջին շաբաթվա վերջում Միքայելն ու Յաթաղանը որոշեցին, որ երբ լոգոֆիլը զբաղված չէ, այն կարելի է օգտագործել նաև մեծահասակների ուղեղները քննելու համար՝ տեսնելու, թե ինչպիսի պատկերների ձևով են արտահայտվում նրանց մտքերը, ինչը շատ օգնում էր նևրոզներ և այլ նյարդային հիվանդություններ բուժելիս: Ավելին. նրանց հարցեր տալով՝ կարելի էր նույնիսկ որոշակի, թեև ոչ շատ ճշգրիտ, «այբուբեն» ստեղծել, որը ցույց կտար, թե ո՛ր մտապատկերն ինչպե՛ս է արտահայտում լոգոֆիլը:

Նրանք սկսեցին կրթել երիտասարդ տեղացի բժիշկներին՝ ինչպես օգտվել լոգոֆիլից, և, թեև Միքայելը չէր ողջունում իր «պարապուրդը»՝ այսինքն այն, որ չկար նորածին էնցեֆալոգոսի ախտանշմամբ՝ բայց շատ կարևոր էր համարում իրենց ինովացիան մեծահասակներին բուժելը: Իսկ մեծահասակները, որոնք կարիք ունեին բուժման՝ անհամար էին: Եվ երբ Նվարդն ու իր ամուսինը եկել էին երկուսն էլ գանգատվելով՝ գործն արագացնելու համար Յաթաղանն ու Միքայելը որոշել էին զուգահեռաբար անցկացնել լոգոֆիլիան, քանի որ երկու սարքն էլ ազատ էր այդ պահին:

«««

Նվարդն ու իր ամուսինը լոգոֆիլի միջոցով արտահայտել էին նույն պատկերը – և ուրեմն ունեցել էին նույն միտքը – զուգահեռաբար, նույն պահին, կես ժամվա ընթացքում հինգ անգամ, միմյանց մասին մտածելիս: Չորս դեպքերում կար ժամանակային խոտորում՝ մեկից երկու վայրկյան, իսկ մեկ դեպքում՝ հենց այն, որը Միքայելն առաջինն էր նկատել՝ նույնիսկ վայրկյանի տասնորդական մասերն էին համընկնում:

Շշմած, Միքայելը նայում էր գրաֆիկներին, երբ ներս մտավ Յաթաղանը:

–         Ի՞նչ է եղել:

–         Տարօրինակ զուգադիպություն է:

Միքայելը ցույց տվեց գրաֆիկները:

–         Այո, – ասաց Յաթաղանը: – Սա այն պահն է, երբ Նվարդ հանըմն ասում էր իր ամուսնու մասին:

Ստուգելու համար Յաթաղանը կանչեց իր ասիստենտին: Քանի որ հայերեն չգիտեր, նա ասիստենտին էր հանձնարարում հարցերը տալ և թարգմանել: Ասիստենտը հաստատեց:

–         Երկար են միմյանց հետ ապրել, – ծուռ ժպտալով ասաց Միքայելը: – Զուգահեռաբար են մտածում:

–         Միգուցե, միգուցե, – ասաց Յաթաղանը մտազբաղ: – Պետք է ստուգել:

–         Ի՞նչը ստուգել:

–         Ամեն ինչ: Արդյոք նրանց մոտ դա կրկին կստացվի՞: Արդյոք սարքերը նորմալ վիճակու՞մ են: Միգուցե նրանց միջև կարճ միացու՞մ է եղել: Եթե ոչ՝ պետք է տեսնել այլ պացիենտների դեպքում՝ կկրկնվի ֆենոմենը թե ոչ:

–         Ինչ ես ասում, – ասաց Միքայելը: – Ինչպես կարող է զուգադիպությունը կրկնվել:

–         Ինչ զուգադիպություն: Սա զուգահեռ մտածողության մաքուր դեպք է, – ասաց Յաթաղանը: – Մի՞թե դու չես հասկանում: Աչքերդ բացի՛ր: Ոգևորվի՛ր: Այսպիսի դեպքեր հարյուր տարին մեկ են պատահում: Մենք պիտի հիմա ձեռնարկենք լայնածավալ հետազոտություն:

–         Ես չորս օրից պիտի վերադառնամ ԱՄՆ, – ասաց Միքայելը:

–         Ի՞նչ ԱՄՆ, – ասաց Յաթաղանը: – Գի՞ժ ես: Պետք է ստուգել: Պետք է հրավիրել մարդկանց զույգ-զույգ՝ որոնք միմյանց ճանաչում են, համաձայն են լոգոֆիլիա անցնել զուգահեռաբար, և ստուգել նրանց գրաֆիկները: Պետք է ստիպել նրանց մտածել միմյանց մասին և նաև՝ ստուգել այն դեպքերը, երբ նրանց չենք հրահրում մտածել միմյանց մասին, բայց նրանք սպոնտան կերպով մտածում են: Պետք է ստուգել ամուսնական զույգերին, քույրերին, եղբայրներին, քույրուեղբայրներին, ծնող ու զավակներին, ընկերներին, ֆեյսբուքյան ընկերներին և նույնիսկ միմյանց չճանաչողներին՝ միայն թե եթե նրանք միմյանց մասին լսել են: Պետք է ստուգել տարբեր տարիքի մարդկանց… Տարբեր ազգերի… Պետք է երկու լոգոֆիլների միջև տարբեր հեռավորություններով անել էքսպերիմենտը՝ տեսնելու, թե արդյոք որևէ փոփոխություն կլինի, թե ոչ…

Երեկոյան, քեռի Գևորգի հետ «Ցենտրալ» սրճարանում նստած, Միքայելը պատմեց այդ տարօրինակ դեպքի մասին: Քեռի Գևորգի հետ զրույցի արդյունքում նա որոշեց երկարացնել իր այցը Հայաստան:

«««

Անցավ երկու շաբաթ: Ստուգումները ֆենոմենալ արդյունքներ բերեցին: Չնայած մանր խոտորումներին՝ մեծ քանակությամբ մարդիկ, ովքեր միմյանց ճանաչում էին, կրկնում էին տիկին Նվարդի և նրա ամուսնու էֆեկտը. եթե մեկը մտածում էր մյուսի մասին՝ մյուսն էլ էր մտածում նրա մասին: Փորձվողների վաթսունհինգ տոկոսի մոտ երևույթը դրսևորվում էր հստակորեն: Մերձավորության աստիճանն այնքան էլ կարևոր չէր. թեև մերձավորների մոտ երևույթն ավելի հստակ էր արտահայտվում՝ բայց առկա էր նաև պարզապես ծանոթների մոտ:

–         Մենք ստացանք Նոբելյան մրցանա՛կ, – գոռում էր Յաթաղանը, փորձերի միջև կարճատև ընդմիջման ընթացքում մեծ քայլերով քայլելով Միքայելի բուժարանի մի անկյունից մյուսը: – Այ ապրե՛ս, ագրեգա՛տ, – նա գորովանքով շոյում էր լոգոֆիլի փայլուն կորը:

–         Սպասիր, – ասում էր Միքայելը. – ախր մենք ունենք առնվազն քսան դեպք, երբ մտքի ոչ մի զուգահեռություն չի նկատվել:

–         Բայց մենք ունենք հարյուր հիսունից ավելի դեպք, երբ նկատվե՛լ է:

Իրոք. քսան զույգ չդրսևորեցին զուգահեռ մտապատկերի ֆենոմենը. նրանք հատուկ հավաքագրվել էին այլազգիների շրջանից՝ ամերիկացիների, ֆրանսիացիների, բելգիացիների, ղազախների… Եվ նրանցից ոչ մեկի մոտ երևույթը չարտահայտվեց: Միայն մեկ ռուս զույգ նույն երևույթը դրսևորեց…

–         Գուցե սա զուտ հայկակա՞ն երևույթ է, – ասաց Յաթաղանի ասիստենտը դողացող ձայնով:

–         Ինչ ես ասում, – բարկացավ Միքայելը. – էլի դուք ձեր հայկականությունն եք ուզում կենսաբանացնել… Հերիք չի այդ բոլոր շառլատանները լցվել են դաշտ՝ թե իբր հայի գեն կա, էս, էն… Հիմա ուզում ես մեզ է՞լ շառլատան դարձնել:

–         Ես, իհարկե, հաճույքով կհավատայի, որ դա հայկական ֆենոմեն է, ու կանվանեի սա «հայի սինդրոմ»: Եթե կա հայկական հիվանդություն, ինչու՞ չի կարող լինել նաև մեկ այլ հայկական ֆիզիոհոգեկան ֆենոմեն, – դիպլոմատիկ տոնով ասաց Յաթաղանը: – Սակայն չէ որ մենք ստուգել ենք նաև եզդիների, ասորիների, հրեաների և նույնիսկ մի զույգ ռուսների՝ և նրանց մոտ դա արտահայտվել է:

–         Հայկականություն, – մտազբաղ ասաց Միքայելը: – Ի՞նչ է դա նշանակում: Դա անորոշ հասկացություն է: Արյա՞մբ է արդյոք դա որոշվում: Թե՞ մարդու որոշմամբ՝ որ ես հայ եմ: Պատկերացնենք, որ ազգի կենտրոնում կա երկու խումբ՝ «զտարյունները» և «կամավորները»: Արվարձաններում՝ «խառնածիններն» ու «անվճռականները», կամ «չհետաքրքրվածները»: Իսկ եթե անվճռականը զտարյուն է… Դա նրան հա՞յ է դարձնում: Իսկ եթե զտարյունն է չհետաքրքրված… Մենք չենք չափում, թե ով որքան հայկական արյուն ունի: Իսկ մեր տատիկները… Օ, այդ մեր տատիկները… Նրանք այնքան գաղտնապահ ու պրպտող էին…

–         Իմ տատիկը զտարյուն հայ էր, – առարկեց ասիստենտը:

–         Գուցե մենք պիտի տվյալներ հավաքագրենք՝ թե ու՛մ ծնողները, նույնիսկ տատուպապն ովքե՛ր են եղել, – առանց նրան լսելու՝ շարունակեց Միքայելը:

–         Դա էր պակաս, – ասաց Յաթաղանը: – Այդքան ժամանակ որտեղի՞ց: Հետո՝ ինչու՞: Ինչու՞, ասում եմ, հենց այդ հատկանիշը: Ի՞նչ ես ուզում դրանով որսալ: Գուցե մենք պիտի աչքերի գու՞յնը վերցնենք որպես հատկանիշ: Դա ավելի հավանական կլիներ… Չէ՞ որ աչքերի գույնը՝ գիտությունը պարզել է՝ հաստատ ազդում է մարդու բնավորության, այսինքն` հոգեկանի վրա… Ե՛վ դեպի ներս, և՛ դեպի դուրս՝ դիմացինի…

 

–         Կներեք, – ասաց բուժքույրը, միջանցքից ներս նայելով. – հաջորդ զույգը պատրաստ է:

–         Գնացինք, գնացինք, – քրթմնջաց Յաթաղանը և, լեբլեբիջիների քայլերգը շվշվացնելով, գնաց դեպի իր բուժարան:

Ասիստենտը հետևեց նրան:

Միքայելի բուժարան ներս մտավ մի հաճելի տիկին, իսկույն երևում էր՝ որ սլավոնական ազգի:

–         Բարև ձեզ: Պառկեք խնդրեմ, – ասաց Միքայելը ռուսերեն:

Տիկինը հնազանդ պառկեց: Միքայելը մետաղյա օղերը նրա քունքերին, կոճերին ու դաստակներին հագցրեց: Միացրեց լոգոֆիլը:

–         Ի՞նչ եք մտածում հիմա:

Կես ժամն անցնում էր տաղտկալի: Կինը պատասխանում էր հեշտ ու հաճույքով: Լոգոֆիլը նկարում էր հանճարեղ նկարներ: Միքայելն անտրամադիր էր: Ձեռքը քոր էր գալիս և ցնցվում. նշտարի բացակայությունը զգացնել էր տալիս, Միքայելը վախենում էր որակավորումը կորցնել էնցեֆալոգոսի վիրահատություններին այդքան երկար ընդմիջում տալու պատճառով:

Միքայելը թողեց, որ գործի մեծ մասն անի ասիստենտը: Ինքը խորասուզված նայում էր պատուհանից դուրս՝ դեղնող տերևներին: Մերձավորությունը խթան է, դա արդեն հասկանալի է: Բայց ինչու՞ որոշ դեպքերում երևույթն այդքան ցայտուն է, որոշ դեպքերում՝ սվաղված, իսկ որոշ դեպքերում՝ բացարձակապես բացակա: Ուրիշ ի՞նչ օրինաչափություն կարող է լինել: Ասենք թե՝ երևույթը ցայտուն է մերձավորության պատճառով՝ գումարած մեկ այլ հանգամանք: Այդ դեպքում երևույթը բացակա է, եթե հանգամանքը ներկա չէ, և կամ սվաղված է, եթե հանգամանքը թույլ է արտահայտված… Իսկ ինչպես կարող է նա թույլ արտահայտվել… Ասենք, մեկի մոտ առկա է, մյուսի մոտ՝ ոչ…

–         Մտածեք…

–         Հիմա մի՛ մտածեք…

–         Բժիշկ, ես չեմ կարող չմտածել: Պատանի տարիքում կարողանում էի, վաղուց կորցրել եմ ունակությունս…

–         Փորձեք չմտածել որքան կարող եք… Մտածողությունդ պահեք… Մի քիչ էլ… Մի քիչ էլ… Դե լավ, մտածեք: Հիմա այս կողմով մտածեք:

–         Իսկ այս կողմով մտածելիս ցավ զգու՞մ եք…

Նա դժգոհ էր, որովհետև համարում էր, որ Յաթաղանն իրեն թույլ չի տալիս մտածել այնքան՝ որքան նա ուզում է, և որքան անհրաժեշտ է՝ ֆենոմենը հասկանալու համար: Բանն այն է, որ Յաթաղանը սիրում էր երեկոները գնալ թատրոն կամ համերգ: Նա հաճախում էր երևանյան բոլոր ներկայացումներին, թեև դրանք հայերեն էին, և մեծ հաճույք ստանում: Իր ամերիկյան կյանքի ընթացքում՝ Միքայելը գրեթե երբեք թատրոն կամ համերգ չէր այցելել: Իսկ հիմա ստիպված ուղեկցում էր գործընկերոջը՝ որ նրան միայնակ չթողնի: Եվ երանի տալիս բախտին, որ Յաթաղանը չի պահանջում թարգմանել բոլոր ներկայացումները: Դե, ասենք, նա դրանք կարող էր կարդալ իր լեզվով՝ մեծ մասամբ դրանք կլասիկ բաներ էին՝ «Համլետ», «Օթելլո» և այլն: Ներկայացումից հետո նրանք քայլում էին երևանյան փողոցներով՝ զրուցելով ողբերգության ժանրի մասին: Յաթաղանը՝ անտրակտին անպայման թատրոնի բուֆետում ընդունած ռակիից հետո ակտիվ և եռանդուն, Միքայելը՝ որ չէր խմում, մտահոգ ու դժգոհ: Արդյունքում Միքայելը քիչ էր քնում և, ինչպես ինքն էր համարում, չէր հասցնում կենտրոնանալ:

–         Վերջացրինք, – ասաց ասիստենտը:

–         Շնորհակալություն, – ասաց Միքայելը: – Դուք այստե՞ղ եք ապրում:

–         Այո, – հաճույքով պատասխանեց կինը: – Ամուսինս դեսպանությունում է աշխատում, զլմների գծով հանձնակատարն է: Ես շատ սիրում եմ Արմենիան: Իհարկե, ձեզ մոտ դժվարություններ կան, այնպես չէ, ինչպես սովետական տարիներին էր՝ երբ բոլորս միասին էինք…

Միքայելը մտաբերեց սովետական իր մանկության խունացած տարիները՝ ինչպես որ ինքն էր հիշում. միս չկար: Հայրը համարում էր, որ ինքը պիտի պարտադիր միս ուտի: Ինքը, իրոք, սիրում էր միս ուտել: Հայրը գնում էր ձմեռվա գիշերով հերթ պահում, որ առավոտյան կարողանա միս առնել: Հերթի անդամները հերթապահում էին հաջորդաբար՝ որ չսառեն: Հերթապահները կրակ էին վառում խանութի դռան առջև՝ կարծես տրնդեզ պիտի խաղային:

–         Իսկ սովետական տարիներին ամեն ինչ լա՞վ էր, – ասաց Միքայելը:

–         Օ, իհարկե, – ասաց կինը: – Հիշում եմ՝ հայրս ինձ տանում էր դաչա՝ Բարվիխա, և այնտեղի գյուղական խանութում ինչ ասես չկար՝ պաղպաղակից սկսած մինչև սև ձկնկիթ… Եվ գները, գները… Պապս էլ, երբ դեռ Նովոսիբիրսկում էինք ապրում՝ ես այն ժամանակ փոքր էի, նա աշխատում էր անվտանգության համակարգում՝ և գործուղումներից ետ գալիս բերում էր իր հետ ինչ ասես՝ էլ կզաքիս, էլ նույնիսկ, երբեմն, ոսկի, որն ինքը պարզապես գտնում էր, գիտե՞ք, Սիբիրում թափառելիս՝ ոճրագործներին հսկելիս՝ ոտքերի տակ թափված՝ անտառում:

Միքայելը հիշեց նախորդ ռուս պացիենտին. սա նույնպես պատմում էր իր պապի մասին՝ որին գնդակահարել էին երեսունյոթ թվականին, և այդ իսկ պատճառով Միքայելը համակրել էր նրան, նրանք արագ էին ընդհանուր լեզու գտել:

«Այս կնոջ պապը վիրտուխայ էր, իսկ այն մարդունը՝ զեկ», մտածեց Միքայելը:

–         Իսկ դուք ու՞մ հետ եք եկել, – հարցրեց Միքայելը:

–         Ընկերուհուս հետ: Նա ձեր գեղատեսիլ կոլեգայի մոտ է: Նա գերադասում է այդպիսի պարթև հարավցիների. նրա հայրը ծառայում էր Վրաստանում: Իսկ ես՝ ձեզ պես ինտելիգենտների, – կոկետաբար ասաց կինը:

–         Ցտեսություն ձեզ, հաջողություն եմ ցանկանում, – բարեկրթորեն ասաց Միքայելը:

Հետո ստուգեց, Յաթաղանից հարցնելով. այս դեպքում զուգահեռությունը բացակա էր: Նաև ճաշակների հարցում:

Հաջորդ օրը նա երկմտանքը հաղթահարեց ու զանգահարեց տիկնոջը:

–         Ա, այդ դու՞ք եք, – ասաց տիկինը: – Լսում եմ: Ուզում եք ինձ հրավիրել ժամադրությա՞ն:

–         Կներեք, իսկ դուք ճանաչու՞մ եք պարոն Օռլովին:

Օռլովն այն մարդն էր, որի պապը գնդակահարվել էր:

–         Իհարկե, – ասաց տիկինը, – չէ որ նա էլ է աշխատում դեսպանությունում:

–         Կհամաձայնեի՞ք մեկ անգամ ևս մասնակցել էքսպերիմենտին՝ նրա հետ:

–         Խնդրեմ, – ասաց տիկինը մի քիչ չորոտ: – Չեմ ասի, որ նրան շատ եմ համակրում, բայց ձեր և Արմենիայի գիտության խաթր՝ խնդրեմ:

Հաջորդ օրը կինն ու Օռլովը կրկին անցան լոգոֆիլիական զննում, այս անգամ՝ միասին: Այս անգամ էֆեկտը կար, բայց շատ թույլ: Ուրեմն մարդ մի դեպքում այն ունի, մյուսում՝ ոչ: Ուրեմն առանձին վերցրած մարդը չէ հարցը… Այսինքն նա էլ… Չափից դուրս շատ փոփոխականներ կան այս հավասարման մեջ…

«Հատկանիշ, հատկանիշ», մտածում էր Միքայելը: «Մի դեպքում՝ թույլ, մի դեպքում՝ ուժեղ, մի դեպքում՝ բացակա: Հայրն ու դուստրն են զուգադիպում… Մայրն ու որդին…»

–         Հատկանիշը գենդերայի՞ն է, – հանկարծ բացականչեց նա բարձրաձայն և, վախեցած, աչք ածեց շուրջը. այդ բառն արգելված էր Հայաստանում Պուտինի հրամանագրով, ճիշտ ինչպես «ցեղասպանություն» բառը՝ Թուրքիայում: Այդ մասին նրան նախազգուշացրել էր քեռի Գևորգը՝ հենց որ Միքայելն ինքնաթիռից ցած էր իջել: Տեղական ադաթները պետք է հարգել, դա Միքայելը լավ գիտեր:

Բարեբախտաբար, բուժարանը դատարկ էր այդ պահին. Միքայելի ասիստենտը դուրս էր եկել միջանցք՝ մոբիլայինով զրուցելու, քանի որ իրեն զանգահարել էր ԱԱԾ-ից իր շեֆը:

Միքայելը հասկանում էր, որ ինչ-որ բան բաց է թողնում: Երբ ասիստենտը վերադարձավ՝ միասին նայում էին նկարները. «Տե՛ս, սա կարծես ծիածանագույն նշտար լինի», ասում էր Միքայելը: «Սա՝ համեմատաբար թույլ զուգադիպությունն է, բայց դեռ ոչ ամենաթույլ: Ամենաթույլն այս մեկն է, սա կարծես ընդամենը մի փոքրիկ մետաղագույն նշտարիկ լինի…»: «Եվ այստեղ էլ նույնն է», ասում էր ասիստենտը, նայելով զուգահեռ նկարին:

–         Նրանք բոլորը միշտ նույնն են, – ասաց Միքայելը: – Եթե նրանք կան, կրկնվում են՝ ապա նրանք նույնն են:

–         Իսկ սա, ահա, ակնհայտորեն ուժեղ դեպք է, – ասաց ասիստենտը: – Սա արդեն ոչ թե նշտար է, այլ մի ամբողջ… լազուրե յաթաղան: – Ասիստենտն ամաչկոտ ծիծաղեց: – Միայն եկեք չասենք մեր թուրք ընկերոջը:

Այդ պահին ներս մտավ կատաղած Յաթաղանը: Կատարը տաք էր: Երևում է, գործն ավարտել ու իսկույն ռակիին հուպ էր տվել:

–         Որքա՛ն կարելի է, – գոռաց նա: – Դու ասացիր արի ստուգենք ևս հարյուր հոգի՝ ես համաձայնեցի: Բայց մենք արդեն ստուգեցինք ևս երեք հարյուր… Պետք է հրապարակել, ինչպես դու չես հասկանում, լոգոֆիլը դեֆիցիտ չէ, ուրիշներն էլ ունեն, հենց որ բամբասանքը տարածվի՝ մեզնից առաջ կանցնեն…

–         Ինչպես կուզես, եղբայր, – ասաց Միքայելը: – Համարում ես, որ ժամանակն է՝ արի հրապարակիր:

–         Ինչպես թե: Իսկ դու՞:

–         Ես դեռ համոզված չեմ…

–         Ես առանց քեզ չեմ հրապարակի:

–         Դե լավ, իմ անունն էլ կարող ես դնել վերնագրի տակ: Բայց քոնը՝ առաջինը:

–         Ինչու՞: Չէ՞ որ դու ես հայտնաբերել երևույթը:

–         Բայց եթե դու չլինեիր՝ մենք այն չէինք հետազոտի:

–         Բայց դու հասկանու՞մ ես, թե սա ինչ է նշանակում. մարդիկ, դու մի ասա, մտովի հաղորդակցվում են միմյանց… ուղղակի ոչ ոք չի իմացել ու չի ստուգել սա մինչ այժմ… Երբ ես մտածում եմ քո մասին, հարյուրից մի վաթսունհինգ դեպքում դա նշանակում է, որ դու էլ մտածում ես իմ մասին… Սա նոր քայլ է՝ մարդկության պատմության մեջ… Ինչ հնարավորություններ…

–         Որտե՞ղ ես հրապարակելու. «Յարբուխ ֆյուր փսիխոանալիտիկու՞մ»:

–         Չէ ինչ ես ասում, էնտեղ երկար պետք է սպասել: Արի նամակ գրենք «Նեյչըրին»:

–         Դու գրիր, ես կստորագրեմ:

–         Իսկ ինչպե՞ս անվանենք: «Հայի սինդրո՞մ»:

–         Արի անվանենք պարզ, -.ասաց Միքայելը: – «Նվարդի սինդրոմ»:

–         Չի կարելի, – ասաց Յաթաղանը: – Խեղճ կինն անտեղյակ է, սխալ կհասկանա: Սա ի՞նչ է, – Յաթաղանը հակվեց նկարներին:

–         Սա ռուս կնոջ և իր ծանոթի նկարներն են, մոռացե՞լ ես:

–         Հիշում եմ, – ասաց Յաթաղանը: – Այդ ծանոթը երկրորդ անգամ էր եկել: Իսկ առաջին անգամ նա քեզ մոտ էր:

–         Այո, – ասաց Միքայելը:

–         Իսկ ինձ հետ նրա հայ ընկերն էր, – ասաց Յաթաղանը: – Շատ լավ մարդ դուրս եկավ ծերուկը: Պատկերացնու՞մ ես, թուրքերեն գիտեր: Ասում եմ՝ որտեղի՞ց գիտես: Ասում է՝ պապս է սովորեցրել: Պապը Թուրքիայից էր դու մի ասա: Հետո ապրել էր Լիբանանում, հետո գաղթել Հայաստան ու… աքսորվել Սիբիր: Բայց հետո վերադարձել էր ու թոռանը նույնիսկ հասցրել մի քիչ թուրքերեն ուսուցանել:

–         Եվս մեկ զեկ, – ասաց Միքայելը:

–         Զեկն ի՞նչ է:

–         Հեչ, բացատրելը երկար կտևի:

–         Մենք էլ ենք ասում «հեչ», – ասաց Յաթաղանը: – Ամեն ինչ մեզնից եք վերցրել:

«Եվս մեկ հեչ», մտածեց Միքայելը:

–         Ի՞նչ ես մտածում, – ասաց Յաթաղանը:

–         Որ «հեչն» այս աշխարհում շատ է, – ավտոմատ կերպով իսկույն արձագանքեց Միքայելը. այդ կանոնը՝ որ երբ հարցնում են «ինչ ես մտածում» պետք է անհապաղ արձագանքել, ինքն էր ստեղծել՝ լոգոֆիլի վրա պացիենտների հետ աշխատելու համար:

–         Տեսնես ինչպե՛ս կպատկերվեր «հեչը», – ասաց Յաղաթանը մտազբաղ: – Ես այն պատկերացնում եմ որպես սև մի բազմաճյուղ լաքա, որի մեջ՝ ոսկեգույն և կարմիր առկայծող պուտեր: Արի ստուգենք՝ լոգոֆիլի տակ պառկենք երկուսով: Տեսնենք ում «հեչն» ինչպիսին է:

–         Լրջացիր, – ասաց Միքայելը: – Ֆանտազիադ սիրեմ: Շատ ես խմում:

Հայտնագործության հարմար անուն նրանք չգտան: Նամակը, որ հինգ օրից հրապարակվեց «Նեյչըրի» վեբկայքում՝ երևույթն անվանում էր «զուգահեռ մտապատկերման սինդրոմ»: Այն ստորագրել էին երկուսն էլ: Բայց Միքայելը պնդեց, որ առաջինը Յաթաղանի անունը լինի, քանի որ նա հյուր էր Հայաստանում: Որոշ գիտնականներ փորձեցին հետո երևույթն անվանել «Օսմանչի-Պետրոսյան սինդրոմ», բայց անունը չկպավ: «Էկոնոմիստի» «թեթև ձեռքից» էր, որ երևույթն անգլերեն աշխարհով մեկ սկսեցին անվանել «Յաթաղան սինդրոմ»: «Եթե հայտնագործությունը հաստատվի», գրել էր «Էկոնոմիստը», «այն կարող է դառնալ ամենախոշոր թռիչքը մարդկության՝ լուսին իջնելուց հետո»:

Հոդվածը զայրույթ առաջացրեց հայերի շրջաններում. նրանք համարում էին, որ հայտնագործության մեջ Միքայելի դերը հոդվածում նսեմացված է: «Յաթաղանը հաղթեց Միքայելին, ինչպես յողուրթը՝ մածունին», գրում էր «Առավոտ» թերթը:

»»»

Անցավ մեկ տարի: Այն հաջողություն չբերեց գործընկերներին: Միքայելն իր առանձնասենյակում նստած՝ Կլիվլենդի հիվանդանոցում, աչք էր ածում անկյունում դիզված փաթեթներն ու արկղերը: Նրան գործից հանել էին ԱՄՆ Գիտական Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ՝ այն բանի համար, որ նա, առանց մարդկանց տեղյակ պահելու, նրանց ենթարկել էր մտավոր էքսպերիմենտի, և որ օգտագործել էր բժշկական գործիքը ոչ ըստ նպատակի, այդպիսով չարաչար խախտելով բժշկական էթիկան:

«Իրոք, ինչպես կարող էի ես ինձ դա թույլ տալ», մտածում էր Միքայելը: «Խեղճ Նվարդն ու իր ամուսինը չգիտեին, ինչն էինք մենք դիտարկում, նրանց էքսպերիմենտի համար օգտագործելիս: Ոչ էլ Օռլովը կամ այն ռուս կինը: Ոչ ոք այդ հարյուրներից: Միգուցե եթե նրանք իմանային՝ նրանց դա պետք գար: Միգուցե դա նրանց կյանքը փրկեր ինչ-որ պահի: Յաթաղանը ինչ, նա թուրք է, նա գուցե գենետիկորեն սովոր է պացիենտներին մանիպուլյացիայի ենթարկել, յաթաղանով գիտություն զարգացնել: Բայց ինչպես կարող էի ես դա աչքաթող անել»: Լոգոֆիլը ոչ իր նպատակի համար օգտագործելը, սակայն, նա մեղք չէր համարում և գտնում էր, որ այդ պատճառով իրենց հետապնդելը զուտ գիտական բյուրոկրատիզմի արտահայտություն է: Լոգոֆիլը մասնավոր էր, պատկանում էր հայ բարերարին, նրա գործածումը վնասակար հետևանքներ չուներ, և ոչ մի արգելք չկար՝ այն օգտագործելու որևէ ա՛յլ լավ նպատակի համար, ա՛յլ մարդկանց բուժման, թեկուզև էքսպերիմենտալ, եթե էնցեֆալոգոսով հիվանդ երեխա շրջակայքում այդ պահին չկար:

Սկզբում, երբ հանձնաժողովի հետաքննությունը սկսվեց, հիվանդանոցը Միքայելի աշխատավարձն ու պաշտոնը կրճատեց: Միքայելը ստիպված էր ետ հանձնել տունը՝ որ ապառիկ առել էր Կլիվլենդի մոտակայքում, քանի որ այլևս չէր կարող վճարել ամենամսյա մուծումները: Իրերը տեղափոխել էր իր առանձնասենյակ՝ որն իրեն էին հատկացրել հիվանդանոցում մինչև հետաքննության ավարտը: Գիշերում էր այնտեղ: Լոգոֆիլին մոտենալ նրան այլևս թույլ չէին տալիս: Վիրահատել էլ չէին վստահում: Վեց վիրահատական ինքնաթիռները սավառնում էին ԱՄՆ երկնքում՝ այսուայն տեղ տեղափոխելով մանկանց կյանքեր փրկող մնացած վեց վիրաբույժներին, իսկ Միքայելը ապաորակավորված էր, և նրան հատկացված ինքնաթիռը ժանգոտում էր Կլիվլենդի օդակայանում, օրական հարյուր հազարավոր դոլարների վնաս բերելով հիվանդանոցին:

Յաթաղանը՝ որ մինչ այդ Միսսուրիի համալսարանում էր աշխատում, իրերը հավաքել ու վերադարձել էր հարազատ Թուրքիա՝ որտեղի բազում համալսարաններից մեկում նրան գրկաբաց էին ընդունել: Միքայելը գիտեր, որ ինքն էլ կարող է վերադառնալ Հայաստան, նույնիսկ արդեն քաղաքացիություն ուներ, բայց գնա այնտեղ ի՞նչ անի:

Քաղաքացիությունը նրան տվեցին այն օրերին, երբ իրենց նամակը գնաց «Նեյչըր»: Յաթաղանի ասիստենտը հանրապետական կուսակցության անդամ էր: Հերթական կուսակցական նիստի ժամանակ նա չէր դիմացել ու ընդմիջման պահին պատմել էր ունիկալ էքսպերիմենտի մասին կրթության և գիտության նախարարին: Նախարարն էլ, միշտ պատրաստ նախագահին ուրախացնելու՝ նրա հետ դեպի ելքը գնալիս նրա ականջին էր փսփսացել, շարժելով այլ մերձավորների նախանձը: Նախագահը, ոգեշնչված, հրահանգել էր Միքայելին կանչել և հանդիսավոր պայմաններում նրան էր հանձնել հայկական անձնագիր, որից Միքայելը չէր հրաժարվել: Հետո սկսել էր Միքայելին հրավիրել տարբեր հանդիսավոր արարողությունների, նույնիսկ որոշ հարսանիքների: Բայց Միքայելն արագ էր հոգնում նման ժամանցից, հազիվ էր հրաժարվել՝ առանց նախագահին վիրավորելու, պատճառաբանելով հայտնագործության վրա շարունակաբար աշխատելու կարիքը: Նախագահի հետ ժամանցի համեմատ՝ նույնիսկ Յաթաղանի հետ երեկոները թատրոն գնալը, «Համլետի», «Կորիոլանի» կամ այլ կլասիկ գործերի ժանրերը քննարկելը գերադասելի էին:

Նախագահին Միքայելը պետք էր, որպեսզի կարողանա աշխարհին ասել, որ հայաստանցին է «Նեյչըրում» նամակ հրապարակել, առավել ևս՝ թուրքի հետ, թեկուզև ամերիկյան, քանի որ նախագահը փնտրում էր հնարավորություն՝ վերակենդանացնելու վաղուց մեռած թուրք-հայկական բանակցությունները: Բացի այդ՝ նա ուզում էր ցույց տալ այն սփյուռքահայ բարերարին, որը նվիրել էր լոգոֆիլները՝ որ դրանք ունիկալ օգտագործման են դրվել, որպեսզի կրկին փող ու նվեր տա սփյուռքահայը Հայաստանին: Ավաղ, Միքայել-Յաթաղան դեպքը սփյուռքահայ բարերարին չէր համոզել ու գոհացրել, քանի որ վերջինս հայտնաբերել էր, որ բացի երկու լոգոֆիլից՝ մնացած ամենը, ինչ ինքը տվել էր Հայաստանին՝ անհետացել էր: Եվ նա հրաժարվել էր այսուհետ օգնել Հայաստանին ու հեռացել Կալիֆորնիա, պահանջելով նաև, որ իր լոգոֆիլներն իրեն վերադարձվեն, ու իր ողջ ունեցվածքը կտակել էբոլայի դեմ պայքարին:

Դա նշանակում էր, որ Միքայելին և Յաթաղանին այլևս Հայաստանում պահելու իմաստ և փող չկար: Նրանք վերադարձել էին ԱՄՆ:

«Նեյչըրի» նամակից հետո նրանք մի ավելի մեծածավալ ու մանրամասն հոդված գրեցին: Սակայն այն աղմուկը, որն այդ ամենն առաջացրեց, գործին օգուտ չտվեց:

Մի շարք գիտնականներ աշխարհի տարբեր ծայրերում փորձեր արեցին, հիմնականում՝ կա՛մ անհաջող, կա՛մ՝ անորոշ արդյունքով: Ուղեղագետների միջազգային ասոցիացիայում Միքայելի պրեզենտացիան ջախջախիչ հարված ստացավ պրոֆեսորներ Բուռլյաևի, Բեռնշտեյնի, Կամենևի, Մանդելշտամի և նրանց միացած տարեց Արմենակ Հարությունյանի՝ լոգոֆիլի սովետական պրոտոտիպի ստեղծողի կողմից: Հատկապես ճարտասան էր պրոֆեսոր Բեռնշտեյնը, որը ծաղրեց Միքայելին և Յաթաղանին՝ իրենց գրառումները կատարելիս բլոկնոտ օգտագործելու համար. «Լոգոֆիլի դարում», ասաց նա, «դուք բլոկնոտի մե՞ջ էիք կատարում ձեր գրառումները»:

Պրոֆեսոր Արմենակ Հարությունյանն էլ ավելացրեց հեգնանքով. «Իսկ ասացեք խնդրեմ, թանաքո՞վ էիք գրում, իսկ միգուցե դուք սագի փետուրո՞վ էիք գրում, այն թաթախելով թանաքամանի մե՞ջ: Դա ավելի կլասիկ կլիներ»:

«Իսկ եթե լուրջ խոսենք», շարունակեց պրոֆեսորը, «ասացեք խնդրեմ, եթե, ասենք, ես մտածում եմ միանգամից երեք մարդու մասին, ապա այդ երեքն էլ պարտադիր ի՞մ մասին են մտածում: Միաժամանա՞կ»:

Հանձնաժողովի անդամները սկսել էին քահ-քահ ծիծաղել: Նույնիսկ Միքայելը չէր կարողացել զսպել ծուռ ժպիտը:

«Դուք այդպե՞ս էիք կտրտում ձեր խեղճ մանկիկներին», շարունակեց պրոֆեսորը: «Նշտարն է՞լ էիք թաթախում թանաքի մեջ»:

Կրկին ծիծաղ: «Նրան նշտար պետք չէ, նա ունի իր յաթաղանը», տեղից ասաց մի կին բժշկուհի: Հանձնաժողովը, թամաշայից գոհ՝ ձայնակցում էր: «Ես հենց սկզբից զգացի, որ այստեղ ինչ-որ բան խորապես այն չէ», ասաց «Նեյչըրի» գլխավոր խմբագիրը: «Ճապոնիայում ձեր պես գիտնականները, եթե գոնե մի կաթիլ ազնվություն ունեն պահպանած, խարակիրի են գործում նման դեպքերում: Մանավանդ՝ յաթաղան էլ ունեք, ասում են…»:

Բայց Միքայելը չէր ուզում խարակիրի գործել, և իր Յաթաղանը հեռու էր:

Նիստից հետո Միքայելը մոտեցել էր պրոֆեսոր Հարությունյանին և դողդոջուն ձայնով ասել. «Պրոֆեսոր, ես ուզում էի ձեզ շնորհակալություն հայտնել ձեր սկզբունքայնության համար… ես շատ բան հասկացա այսօր…»: «Տղաս», ասել էր պրոֆեսորն ու հայրաբար թփթփացրել նրա ուսը, «գիտությունը գիտական ֆանտաստիկա չէ: Հերիք է այդ հայկականությունը փողհարենք: Սա տրնդեզ կամ զուռնա չէ: Դուք հասկանու՞մ եք, որտեղ եք գտնվում: Դու հասկանու՞մ եք, որ ձեր նմանները խայտառակում են մեր տառապած ռեսպուբլիկան: Բայց ոչինչ, դուք դեռ երիտասարդ եք, սա ձեզ դաս կլինի»: «Ես… այո… իհարկե ես հասկանում եմ… բայց… իհա՛րկե սա ֆանտաստիկա չէ, տրնդեզ ու զուռնա չէ, հայկականություն չէ… ես էլ նույնն էի ասում», թոթովել էր Միքայելը, բայց պրոֆեսորը, արդեն առանց լսելու, առաջ էր անցել, որպեսզի թևանցուկ անի նոբելյան դափնեկիր Ստիվըն Բրյունին, որի հետ պայմանավորվել էին, հանդիպման առիթից օգտվելով, լանչի գնալ մոտակա «Պիցցա Հաթ»:

Նորվեգիայում պրոֆեսոր Էկկլհարստի թիմի փորձերն արդյունք չտվեցին: Իտալիայում՝ բացարձակապես ոչ մի արդյունք: Ոչ էլ Հունաստանում: Իսպանիայում որոշ արդյունքներ կային, բայց անբավարար: ԱՄՆ-ում նույնպես՝ շատ քիչ արդյունք, միայն Հարավում որոշ դեպքեր: Ողջ Օկլահոմա նահանգում՝ միայն մի դեպք արձանագրվեց, այն էլ այնտեղ մնացած միակ հնդկացիական ռեզերվացիայում: Իսրայելում, ճիշտ է, մի բժիշկ՝ Ռոստովից այնտեղ տեղափոխված, արձանագրեց բավական դեպքեր «Յաթաղանի սինդրոմի», ինչպես հրեաների, այնպես էլ պաղեստինցիների մոտ: Սակայն պարզվեց, որ նա կեղծել էր իբր Սովետական Միությունում ստացած իր բժշկական դիպլոմը, և նրան ձերբակալեցին:

Ադրբեջանական կառավարամետ զլմները պրոպագանդիստական քարոզարշավ սկսեցից Միքայելի և Յաթաղանի դեմ, մեղադրելով նրանց հերթական փորձի մեջ՝ իբր հայերի արած հայտնագործություն արձանագրել, հիշեցնելով «արմենիկումի» դեպքը և պնդելով, որ հայերը, ինչպես միշտ, խաբեբա են, իսկ Յաթաղանը՝ իր արյան դավաճան և երևի թաքնված հայ կամ ծախված, ազգի դավաճան թուրք: Թուրքիայում նույնպես Յաթաղանի դեմ հալածանքներ սկսեցին, սակայն նրան հյուրընկալած համալսարանը դեռ դիմադրում էր, քանի որ նրա ռեկտորը Թուրքիայի նախագահի համադասարանցին էր:

Ռուսաստանում ազգայնականները շարժում սկսեցին ի պաշտպանություն Յաթաղանի և Միքայելի, հայտարարելով, որ տեղի է ունենում հերթական հրեա-մասոնական դավադրությունը՝ հանճարեղ հայտնագործությունը վերացնելու նպատակով: Նրանց միացավ հայտնի հրապարակախոս Յուլիա Լատինինան: Դա շատ վատ տպավորություն թողեց միջազգային զլմների վրա: «Էկոնոմիստը» առաջին հոդվածից կես տարի հետո հրապարակեց մեկ այլ հոդված, որտեղ գրված էր, թե իբր Պուտինը երկու գիտնականներին հրավիրել է Դոնբասում ապրելու և աշխատելու՝ քանի որ «Յաթաղանի սինդրոմն» ի հայտ է գալիս միայն ռուսական գաղութներում և կամ չճանաչված կրիմինալ հանրապետություններում: Հոդվածի տակի նկարը պատկերում էր Յաթաղանին և Դեպարդյեին՝ թևանցուկ: Հոդվածի վերնագիրն էր. «Պուտինի խամաճիկների թիվը կարող է ավելանալ ևս մեկ կատակերգակով»: Դրանից հետո Ռուսաստանցի արևմտամետները հարձակվեցին մեր հերոսների վրա, և հենց նրանք էին, որ հարց բարձրացրին, թե ի՛նչ իրավունքով էին երկու գիտնականներն օգտագործում սարքավորումն ուրիշ նպատակներով և տեղյակ չպահում պացիենտներին իրենց գործի իսկական էության մասին: Այդ հարցն արդեն ամերիկյան գիտական և ակադեմիական իսթեբլիշմենթը չէր կարող շրջանցել, ստիպված մեր հերոսների հարցը սկսեցին լրջորեն քննել և ի վերջո նրանց դատապարտեցին գիտական օստրակիզմի:

… Միքայելը չէր սիրում այդ ամենը վերհիշել: Նա մոտեցավ առանձնասենյակի անկյունում կիտված իր արկղերին և բացեց ամենամոտիկը: Մեջը հին ձեռագրեր էին, ինչ-որ գրքեր, որոնց մեջ նա հանկարծ նկատեց նաև պապիկի օրագիրը: Քեռի Գևորգն էր այն տվել Միքայելին, խնդրելով, որ եթե կարողանա՝ թվայնացնի և հրապարակի ԱՄՆ-ում: Ինքը փող չուներ դա Հայաստանում անելու: Մինչ այսօր, իհարկե, դրանով զբաղվելու ժամանակ չէր եղել: Միքայելն ընդհանրապես չէր սիրում առանձնապես անցյալը, հուշեր և այլն: Նա վերցրեց հին, մեկդարյա պատմություն ունեցող հաստ տետրն ու սկսեց թերթել: Մի անգամ, շատ վաղուց, արդեն կարդացել էր, դժվարությամբ տարբերակելով պապիկի ձեռագիր նախադասությունները՝ արևմտահայերենով գրված: Հաճընի հերոսամարտի մասնակից էր պապը: Միքայելը բացեց մեջտեղի էջերը: Պապը, որի անունով Միքայելին անվանել էին, պատմում էր, թե ինչպես Հաճընի վերևի սարի վրա փորած խրամատում, սոված-ծարավ, մարտի արանքում հանկարծ մտածել է իր մոր մասին, ետ է նայել՝ և տեսել մորը՝ մոտեցող: Գլխի կողքով այդ պահին վժժացել է թշնամու գնդակը. եթե նա ետ չնայեր՝ խփվելու էր: Կարծել է ուրվական է, պատրանք, եկել է իր կյանքը փրկելու, հետո հասկացել՝ ոչ, մայրն իրոք եկել է որդուն ուտելիք բերելու: Պապ Միքայելը բարկացել է, գոռացել է մոր վրա, թե ինչու է նա եկել… Հետո գրկել… Մայրն արտասվել է, ուտելիքը թողել ու հեռացել, վերադարձել տուն, և նրանք այլևս երբեք չեն տեսնվել… «Կրա՛կ», խրոխտ ձայնով հրահանգել է Միքայել պապն իր քչաքանակ դեռ ողջ մնացած ընկերներին, առանց ետ նայելու:

Միքայելը չէր սիրում այդ հուշերը: Քաղցր, զուտ, անիմաստ, լացացնող, լացկան, ճեպանկար, անբացատրելի, կարծես լերդացող արյան գետ, կեսարյան հատման սև սպի… Առաջին անգամ կարդացել էր տարիներ առաջ՝ երբ դեռ Երևանում էր, տասը տարեկան… Նա դրանք չէր հասկանում: Ինչու, օրինակ, նրանք տնից չեն փախել՝ պապ Միքայելի մայրը, հայրը, կրտսեր եղբայրը, քույրը… Ինչու, երբ առաջին անգամ փախել էին Հաճընից, հետո նորից, 1918ին, ետ են վերադարձել… Միթե պարզ չէր որ կոտորվելու են… Ինչու Հաճընի պայքարն ու պարտությունը կցկտուր նկարագրելուց հետո, իր ողջ մնացած կյանքից պապը պատմում է միայն երևանյան բացօթյա կաֆեում իր անիմաստ զրույցների մասին՝ հատուկենտ այլ արևմտահայ ծերուկների հետ: Չի պատմում իր կյանքը սովետական Հայաստանում, աշխատանքը, նույնիսկ այն, որ 1948-ին իրեն աքսորեցին, նույնիսկ այն, որ իր կինը՝ Միքայելի տատը, քաղցկեղ հիվանդացավ և հետո տարօրինակաբար ապաքինվեց, որից հետո ունեցավ Միքայելի մորը… Միքայելը հիշում էր մեռած տատի մերկ որովայնը՝ կեսարյան հատման սև կիսալուսնաձև սպիի լայն գոտիով ծայրեիծայր պարուրված, ասես յաթաղանի հարվածով: Քեռի Գևորգին, որը տոհմում ավանդաբար հուղարկավորությունների կազմակերպչի դերն էր ստանձնում, աղաչել-պաղատել էր, «Չէ՞ որ ես բժիշկ եմ դառնալու, պապս է պատվիրել», համոզել՝ ինը տարեկանում, որ քեռին տանի իրեն դիահերձարան ու տատի դին ցույց տա: «Ինչու՞ է այսքան լայն սպին: Նշտարը հա՞ստ էր, բժիշկը փռթե՞լ է»: «Այստեղից քո մայրն է ծնվել, – ասաց քեռի Գևորգը, ցից բեղերը սղալելով: – Այսինքն՝ նաև դու, մանչս: Բժիշկ է եղել, որը դա արել է: Որ դու լինես: Երբեմն կան իրադրություններ, երբ բժիշկները շատ պետք են: Նշտա՛րը չէր հաստ՝ վիրահատությու՛նն էր դժվար»:

Ողբերգությունն ավարտվու՛մ է ողբերգությամբ: «Ռոմեո և Ջուլիետը», «Համլետը»… Իսկ պապի կյանքի պատմությունը՝ սկսվե՛լ էր ողբերգությամբ… Ժանրը ո՛րն է այդ շուռ տված ողբերգության… կատակերգության պես բան է ստացվում… Ծաղրուծանակ…

Էհ պապ, պապ, գոնե գրում էիր՝ մի կարգին գրեիր, բան հասկանայինք… Նա փոքր էր, երբ պապը մեռավ, և չհասցրեց պապից գոնե բանավոր պահանջել՝ այդ հարցերը պարզաբանել: Պապն էր իրեն ասել. «Բժիշկ դարձիր, բոլոր իրադրություններում բժիշկը պետք է գալու մարդկանց էլ, իշխանություններին էլ»: Պապի պատճառով էր նա մինչև քառասուն տարեկան սովորում: Պապի պատճառով էր, ուրեմն, այս իրավիճակում հայտնվել: Պետք չեկավ բժիշկը: Կան իրադրություններ՝ երբ բժիշկը պետք չէ, դու մի ասա: Իսկ չէ որ կարող էր լինել… Ինչ ասես որ չէր կարող լինել: Երբ նորանոր տեղեկություններ էին հասնում, որ ընդամենը մի քանի դեպք է հայտնաբերվել իրենց սինդրոմի, իսկ հիմնականում դեպքերը չեն հաստատում սինդրոմը՝ Յաթաղանն ասում էր. «Ախր ինչ կարևոր է, թե քանի դեպք է, ինչպես չեն հասկանում, որ դա չէ՞ որ հրաշք է, հրաշք՝ – մարդիկ, դու մի ասա, թեկուզ որոշ մարդիկ, թեկուզ քչաքանակ, բայց միմյանց հետ մտովի խոսում են ու իրենք էլ չգիտեն, որ ստացվում է…»

Մոբիլայինը զրնգաց: Յաթաղանն էր: Միքայելը զարմացավ: Արդեն քանի ամիս է չէին խոսել: «Յաթաղանի սինդրոմի» ֆիասկոյից հետո առանձնապես խոսելու բան չէր մնացել: Գուցեև միմյանցից, իրենք իրենցից էլ թաքուն, խուսափում էին… Դժվար է ողջ գիտական հանրույթին դեմ գնալ, նրա զայրույթին ու ծաղրին դիմակայելն ու աննկուն մնալը:

–         Բարև, Միքայել, – ասաց Յաթաղանը: – Փողոցում էլի ցույց է՝ մեր ջահելները պահանջում են ձեր ապրիլի 24-ը ճանաչել:

Թուրքիայում լինելով՝ Յաթաղանը զգուշանում էր «ցեղասպանություն» բառը գործածելուց, մանավանդ հեռախոսով, թեև այլ հանգամանքներում ազատորեն արտաբերում էր:

–         Մտքովս մի անհեթեթ բան անցավ, ասացի կիսվեմ, դուրըդ կգա, – շարունակեց Յաթաղանը: – Երբ ողբերգություն է լինում՝ սկզբում լինում է կյանք, հետո՝ ողբերգություն… «Ռոմեո և Ջուլիետի» պես: Իսկ դուք՝ հայերդ, սկզբում ունեցաք ողբերգություն՝ իսկ հիմա դեպի ու՞ր եք ապրում: Շուռ տված ողբերգության ժանրը ո՞րն է: Հեքիաթները վերջանում են հերոսի ամուսնությամբ… Երեք խնձոր է ընկնում երկնքից… ձեզ մոտ էլ… մեզ մոտ էլ… Մնացյալը հետաքրքիր չէ: Իսկ ձեր՝ հայերիդ հեքիաթը սկսվում է այդ բանով: Ապրիլի 24-ով: Հետաքրքիր է, չէ՞:

Այդպես բլբլում էր Յաթաղանը, երևի՝ կատարն էլի տաք էր, ռակի խմած կլիներ, իսկ Միքայելը՝ հայացքը հառած առանձնասենյակի մութ անկյունում բացված արկղին՝ հանկարծ գլխապտույտ զգաց մտքերի տարափից.

«Հատկանիշ, որ երկուսն էլ ունեն: Հրեա և պաղեստինցի: Կամ՝ մեկը ունի, մյուսը չունի: Զեկ կամ վերտուխայ: Կամ՝ երկուսն էլ չունեն: Գրեթե ամբողջ ԱՄՆ՝ բացի, ասենք, այն հնդկացի կանանցից՝ Օկլահոմայի ռեզերվացիայում»: Եվ մութ առանձնասենյակը կամաց-կամաց լուսավորվում էր նրա աչքերի առաջ:

–         Տատդ, ասում ես, էդպես էլ չասե՞ց, ինքը ով էր, – կտրեց նա Յաթաղանի խոսքը:

Նրա ձայնը փոխվել էր. դա կրկին այն խրոխտ ձայնն էր, որով նա ժամանակին ինքնաթիռի մեջ հրահանգում էր վարժ բուժեղբորը. «Նշտա՛րը»: Բայց հաջորդ պահին այդ ձայնն էլի խռպոտեց:

–         Հա՜ստ է նշտարը, Յաթաղա՛ն, – խոսափողին խոր հոգոցով, հազիվ լսելի ասաց Միքայելը:

 

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Նոյեմբեր 26, 2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930