Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց մեծ մասը մայրաքաղաքում առաջին անգամ ներկա կգտնվի դասական երաժշտության համերգի

Հունիս 03,2016 15:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հունիսի 4-ին կայանալիք համերգը՝ նվիրված Եվրոպայի օրվան, երաժիշտների շրջանում ոգեւորություն է առաջացրել՝ դրական եւ բացասական առումներով: Այդ համերգին իբրեւ հանդիսատես ներկա կլինեն հայաստանյան մարզերի երաժշտական ուսումնական հաստատությունների սաները: Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում արվեստագետներն առաջին հերթին միանշանակ ողջունելով այդ գաղափարը, միեւնույն ժամանակ փաստում էին, մայրաքաղաքային առատ մշակութային կյանքին հակառակ՝ մարզերում դասական արվեստի, չասենք իսպառ, բայց գոնե ոչ բավարար ներկայությունը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մշակույթի նախարարությունը իրականացնում է մարզային ծրագիր: Որոշ երաժիշտներ էլ իրենց նախաձեռնությամբ, օրինակ՝ Ա. Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոյի արտիստները, ժամանակ առ ժամանակ ոչ միայն համերգներով հանդես են գալիս մարզերում, այլեւ վարպետության դասեր անցկացնում երաժշտական դպրոցներում:

Filharmonik

Մեզ հետ զրույցում ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգը իրենց եւ Հայաստանում եվրոպական միության պատվիրակության (ղեկավար, դեսպան՝ նորին գերազանցություն Պյոտր Անտոնի Սվիտալսկի) երկկողմ համաձայնության արդյունք է: «Եվրոպական միության պատվիրակության հետ սա մեր առաջին համագործակցությունը չէ: Բանակցությունների արդյունքում ընտրեցինք այս ձեւաչափը: Մարզային երաժշտական դպրոցների սաներն այդ օրը համերգին ներկա են գտնվելու իբրեւ հանդիսատես: Եվ նրանցից շատերը մայրաքաղաքում ներկա չեն գտնվել դասական երաժշտության երեկոների: Իսկ միգուցե «Խաչատրյան» համերգասրահի գտնվելու վայրն էլ չգիտեն, հավանաբար մեծանուն կոմպոզիտորի արձանն էլ չեն տեսել… Կազմակերպչական աշխատանքները սկսել ենք վաղուց՝ համագործակցելով մարզպետարանների եւ քաղաքապետարանների մշակույթի վարչությունների հետ: Դեռեւս չկայացած համերգի առիթով մի փաստ եմ ուզում արձանագրել. ոգեւորությունն աննկարագրելի մեծ է, երաժշտական դպրոցների մանկավարժների եւ սաների արձագանքն էլ՝ նույնպես»,- հայտնեց տիկին Սիրունյանը: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն ամրագրված են 1999թ. ԵՄ-Հայաստան գործընկերության եւ համագործակցության համաձայնագրում, որը թույլ է տալիս իրականացնել լայնածավալ աշխատանք ոչ միայն քաղաքական երկխոսության, առեւտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրության, այլեւ մշակույթի ոլորտներում:

Անդրադառնալով Եվրոպայի օրվան նվիրված համերգին, Ռուզան Սիրունյանը տեղեկացրեց, որ երեկոյին ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իբրեւ մենակատարներ հանդես կգան դահլիճում ներկա հանդիսատեսի հասակակիցները՝ երեւանյան երաժշտական դպրոցների 3 սաներ, որոնք ոչ միայն հայաստանյան տարբեր մրցույթների դափնեկիրներ են, այլեւ հաջողությունների են հասել միջազգային տարբեր միջոցառումներին: «Օրինակ, ջութակահարուհիներ Սոֆյա Վարդանյանը եւ Դիանա Ադամյանը սովորում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Սոֆյան՝ Արտաշես Մկրտչյանի, Դիանան՝ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի ղեկավարությամբ: Սոֆյան անցյալ տարի Երեւանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես է եկել Բրամսի Սեքստետի կատարմամբ՝ համագործակցելով մեր հայրենակիցներ, անվանի երաժիշտներ Իդա Կավաֆյանի եւ Լեւոն Չիլինկիրյանի հետ: Այս տարվա մայիսին էլ մասնակցել է Գերմանիայում պրոֆեսոր Լաուրենտ Ալբրեխտ Բրոյնինգերի դասընթացներին եւ հանդես եկել եզրափակիչ համերգին: Իսկ Դիանան անցյալ տարի ելույթ է ունեցել Լոնդոնի թագավորական նվագախմբի հետ՝ Ցուկերմանի ղեկավարությամբ: Համերգի մյուս մենակատարը դաշնակահար Հարություն Մելիքյանն է, որը սովորում է Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Իսկ 2015թ. Իսպանիայում կայացած պատանի դաշնակահարների միջազգային մրցույթում էլ արժանացել է 2-րդ մրցանակի: Մենակատար երեք երաժիշտները քանիցս մասնակցել են անվանի արվեստագետների կողմից անցկացվող վարպետության դասերին, հանրապետական եւ միջազգային մրցույթների ու փառատոների»,- մանրամասնեց տիկին Սիրունյանը: Հավելեց նաեւ, իր ձեւակերպմամբ՝ «մեր փոքրիկ հանդիսատեսները կվայելեն համաշխարհային երաժշտական գանձարանից Բախի, Մոցարտի, Մենդելսոնի, Շոպենի, Սմետանայի ստեղծագործությունները»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

02.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930