Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը արտասահմանցի բարձրակարգ մարզիչ կունենա

Սեպտեմբեր 07,2016 23:23

ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն այսօր Аravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց, որ ինքը պայմանավորվել է արտասահմանցի բարձրակարգ մարզչի հետ, որը ոչ հեռու ապագայում կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

«Ես որոշակի պայմանավորվածություն ունեմ արտասահմանցի մի քանի մարզիչների հետ: Մեկը $ 270 հազար է ուզում, մեկ ուրիշը՝ մոտ $ 130 հազար, դասով մի փոքր ավելի ցածրն էլ կա: Նրանք պատրաստ են բռնցքամարտիկներին ճիշտ ուղու վրա դնել, պատասխանատու լինել արդյունքի համար: Տարեվերջին ֆեդերացիայի համաժողով կանցկացնենք, կտեսնենք մեր հնարավորությունները: Ես սրա մասին եմ մտածում եւ ասում: Ավելի լավ է տարեկան կես միլիոն դոլար ծախսենք ու մասնագետների թիմ ստեղծենք, որպեսզի չորս տարի հետո ունենանք 2-3 օլիմպիական չեմպիոն», – ասաց պարոն Գեւորգյանը:

Հարցին, թե մեկ ծաղկով գարուն կգա՞ եւ խոսքը օլիմպիական ոսկիների՞ մասին էր, թե՞ ընդհանրապես մեդալի,  ֆեդերացիայի նախագահը հակադարձեց. «Լավ հարց եք տալիս: Առաջին ծաղիկն արդեն գարնան նշան է: Այո, ոսկե մեդալները նկատի ունեմ: Ընդհանրապես մեդալ, մենք այս վիճակից էլ կունենանք: Մի մարզիչն արդեն թիմ է, մի ամբողջ ուղեղ, որը կարճ ժամանակում ձեւավորելու է թիմ: Նա կգնա դպրոցներ, գիտելիքը կգնա, կհասնի գյուղեր: Ազգային հավաքականի այդ գլխավոր մարզիչը կոորդինացնելու է նաեւ երիտասարդական, պատանեկան հավաքականների աշխատանքը»:

Վերջին հարցին, թե թվարկած երեք մարզիչներից ավելի շատ որի՞ն է հակված հրավիրել, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Ամենաթանկին, որը նաեւ ամենալավն է: Միջինին բերելու իմաստ չեմ տեսնում: Միջին արդյունքներ մեր մարզիչներն էլ են ապահովում: Մեզ պետք է այնպիսի մասնագետ, որին մեր մարզիչները ընդունեն ու աշխատեն նրա մշակած ծրագրով»:

Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930