Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի եւ Վահե Մակարյանի վեճի կապակցությամբ

Դեկտեմբեր 08,2016 11:38
Ruben Hakobyan

Երեկ` դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռնություն է կիրառել «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի նկատմամբ: Լրագրողը խորհրդարանում հավատարմագրված գործընկերների հետ հարցեր է ուղղել պատգամավորին նրա՝ ՀՅԴ-ին անցյալում անդամակցելու եւ կուսակցության հետ այժմյան հարաբերությունների վերաբերյալ, սակայն «արժանացել է» կոպիտ վերաբերմունքի։ Վահե Մակարյանի՝ պատգամավորին ավելի ուշ հարց ուղղելու փորձը կրկին ձախողվել է եւ վերածվել վիճաբանության, որի ընթացքում Ռուբիկ Հակոբյանն ասել է, թե «կուլտուրա» կսովորեցնի լրագրողին, իսկ լրագրողն էլ հակադարձել է, թե ինքը կարող է սովորեցնել։

Այս զրույցը շարունակելու համար պատգամավորը լրագրողին առաջարկել է առանձնանալ եւ ըստ Վահե Մակարյանի՝ վեճի ընթացքում բռունցքով հարվածել է իրեն ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Հարվածի հետքն ակնհայտորեն երեւում է լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում, որտեղ լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ։ Մեզ հետ հեռախոսազրույցում պատգամավորն իր պահվածքը հիմնավորեց Վահե Մակարյանի հանդուգն վարքով։

Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու հայտնի այլ անձինք կորցնում են ինքնատիրապետումն անհաճո հարցեր լսելիս եւ թույլ են տալիս իրենց զբաղեցրած դիրքին ոչ հարիր արարքներ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.

– պատգամավոր Ռուբիկ Հակոբյանից՝ անհապաղ ներողություն խնդրել լրագրող Վահե Մակարյանից եւ ապագայում բացառել լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելն ու անվայել պահվածք դրսևորելը,

-Աժ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովից՝ քննարկել պատգամավորի՝ այս միջադեպում դրսեւորած վարքագիծը եւ հրապարակել իր եզրակացությունը։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031