Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում՝ պատժում են». Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի կրակոցների մասին

Մարտ 13,2017 18:15

Այսօր լրագրողների հետ զրույցում ՕՐՕ դաշինքը  գլխավորող Սեյրան Օհանյանն անդրադարձավ Ջրառատի դեպքերին՝ ասելով, որ հանրահավաքների ժամանակ փորձում են մարդկանց չթողնել կամ վիրավորել, որպեսզի չգան մասնակցեն. «Դրանից ելնելով՝ իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել: Միջադեպից, կռվից հետո նաեւ փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել է իրավապահ մարմիններին: Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են: Ես իրենց խնդրել եմ, հորդորել, որ այդպես չի կարելի, որ երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ միջոցների կդիմեն՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Օրինական միջոցների: Իրավապահ մարմիններին ստիպել»:

Մեր հարցին՝ ինչպես գեներալներից մեկն ասել է՝ «չագուչն» էլ է իրենց ձեռքը, մեխն էլ, դուք ի՞նչ լծակներ ունեք՝ նա պատասխանեց. «Մեր պայքարի միջոցներն այսօր քաղաքական են: Այսինքն, ի՞նչ է նշանակում չագուչն էլ, մեխն էլ իրենց ձեռքն է: Դա արտահայտություն է՝ հենց այնպես հռետորաբանություն անելու համար եւ անընդունելի է»:

Հարցին՝ պատահակա՞ն է, որ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն է միջադեպին մասնակցել, ճի՞շտ է, որ նրան ծեծել են՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Դրա մասին դուք գիտեք»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ բուն  միջադեպի պատճառը, չնայած փորձում են ներկայացնել, թե հնուց եկած խնդիրներ են ունեցել, միջանձնային հարաբերություններն են, բայց իրականում հանրահավաքներին մասնակցել թույլ չտալն է եղել միջադեպի պատճառը. «Եվ հայհոյանք տալն է պատճառը, իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում՝ պատժում են»:

Նա ասաց, որ կրակոց եղել է: Նա միջադեպի հեղինակներին ուղերձ հղեց. «Քարոզարշավը քաղաքակիրթ, բարեկիրթ ձեւով տանել, օրենքներ չխախտել, փորձել մեկը մյուսին չվիրավորել, փորձել այդ ամենը չտեղափոխել  կենցաղային մակարդակի, բակային ասֆալտի մակարդակի, միջանձնային հարաբերությունների: Մենք ոչ մեկին չենք վիրավորում, քաղաքակիրթ ձեւով ենք տանում, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերն էլ մեր համար առողջ մրցակիցներ են, մեր հայրենակիցներն են նրանք, ՀՀ քաղաքացիներն են: Ի վերջո, երբ ավարտվեցին այս ընտրությունները, մենք միասին ենք, չէ՞, շարունակելու մտածել մեր երկրի մասին եւ միասին ենք ապրելու ՀՀ-ում»:

Սեյրան Օհանյանը հորդորեց վերջ տալ դրան եւ հավատալ, որ ընտրությունների միջոցով կարելի է հասնել փոփոխությունների. «Պետք է այնպես անել, որ այդ չագուչն էլ, մեխն էլ հավասարաչափ ողջ ժողովրդի համար օգտագործվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031