«Այստեղ խոսք բարձրացվեց Բաքվում պահվող մեր հայրենակիցների մասին։ Ես կասկած չեմ ունեցել, որ այդ պահը գալու է։ Եվ այդ պահը եկել է։ Այդ պահն այն մասին է, երբ մեր գործընկեր տիկին Ավետիսյանը Բաքվի բանտից դեպի Հայաստան ուղղված ուղերձը բարձրաձայնում է այստեղ»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին։
Սյուզաննա Ավետիսյանը ԱԺ ամբիոնում միացրել էր Բաքվում գերության մեջ գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի (լուսանկարում)՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեքստի ձայնագրությունը։ Նիկոլ Փաշինյանը չէր պատասխանել Դավիթ Մանուկյանի հնչեցրած հարցերին։
«Պարոն վարչապետ, ես կիսում եմ ձեր չարձագանքը, որովհետեւ ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել, թե ո՞նց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է բանտում, այն էլ այլ երկրում։ Առավել եւս կարող եմ ձեւակերպել մեր ընդդիմադիրների բառապաշարով՝ մեր հարեւանը մեր ընդդիմադիրների համար ի՞նչ է՝ թշնամի է։ Ո՞նց կարելի է այդ պահը հաշվի չառնել եւ գալ այդ ուղերձն այստեղ հնչեցնել։ Այդ ուղերձը չի կարող պատասխան ստանալ, բացառված բան է, որ մենք այդ ուղերձին պատասխանենք»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































