Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ն. Փաշինյանին դիտողություն է անում, որ նա իր խոսքում «նԱԽԻՋԵՒԱՆ» տեղանունը հետեւողականորեն արտասանում է «նԱԽՃԸՎԱՆ» ձեւով։
Փաշինյանը նրան հակադարձում է՝ որպես փաստարկ հիշելով 2007թ. «գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի» եւ «նույնպես պատմաբան Աշոտ Սարգսյանի»՝ թերթի 2-3 էջ կազմող հոդվածը Վարդան Օսկանյանի մի խոսքի առիթով (ինչպիսի՜ հիշողություն)։ Հոդվածը, որ իրականում ոչ ընդարձակ մի ռեպլիկ էր, ես եմ գրել (Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը տալիս է, երեւի, իր խոսքի կշիռն ավելի բարձրացնելու համար)։
Վ. Օսկանյանը, բարձրաստիճան պաշտոնյա (արտաքին գործերի նախարար) իր պաշտոնական մի խոսքում «Նախիջեւան» բառի ստուգաբանությամբ հիմնավորել էր այդ տարածքի պատմականորեն հայկական լինելը (որքան հիշում եմ՝ հասկացվում էր՝ «Նոյի Արարատից իջնելու» ժամանակներից)։
Դիտողությունը այն էր էր, որ բարձրաստիճան պաշտոնյային հարիր չէ չիմացության բերումով հենվել ժողովրդական ավանդությամբ սրբագործված բառիմաստի վրա՝ նման մի լուրջ հարցի համար խոցելի փաստարկ ներկայացնելով, երբ դրա համար կան տասնյակ ու հարյուրավոր գիտական լուրջ փաստարկներ։
Կարդացեք նաև
Տեղանվան նախնական հայկական տարբերակները, ըստ լեզվաբանական ստուգաբանության՝ ունեցել է երկու արմատ «ՆԱԽԻՃ» (հին հայերենում երկու՝ «որս», կամ «նախնական» նշանակությամբ) եւ, կրկին հայերեն՝ «ԱՎԱՆ» (գյուղ, բնակավայր): Այսինքն՝ մի դեպքում այն կարող էր նշանակած լիներ «որսատեղ», երկրորդ դեպքում՝ «առաջին կամ նախնական բնակավայր»։ Քրիստոնեության ընդունումից հետո, Աստվածաշնչային պատմությունների հետ ազգային պատմությունը ինչ-որ կերպ կապելու բնական մղումը հեշտությամբ վերաիմաստավորել է նախնական «ՆԱԽՃԱՎԱՆ»-ը՝ դարձնելով Նոյի համար առաջին իջեւան՝ «ՆԱԽԻՋԵՒԱՆ»։
Այսինքն՝ հայերենի հիմքի վրա հայերենով այս վերաիմաստավորում-սրբագործումը «ՆԱԽԻՋԵՒԱՆ» տեսքով առնվազն մեկուկես հազարամյա պատմություն ունի։ Եւ այն այդ հնչողությամբ ու տեսքով էլ պետք է օգտագործվի հիմա։ Ճիշտ այնպես, ինչպես «Էրեբունի» փոխարեն օգտագործում ենք Երեւան, կամ «Կումայրիի» փոխարեն՝ Գյումրի։
Մեր տարածաշրջան թափանցած թուրքական տարրը «Նախիջեւան»-ը հարմարեցրեց իր լեզվի հնչունային օրենքներին՝ ստանալով դրանից «ՆԱԽՉԸՎԱՆ» եւ այդ տեսքով էլ ինքը սրբագործեց իր համար, այդպես են արտասանել ու արտասանում ադրբեջանցիները։
Հիմա, երբ Ն. Փաշինյանն իր խոսքում համառորեն օգտագործել է տեղանվան ադրբեջաներով հնչունափոխված «նԱԽՉԸՎԱՆ» տարբերակը, պատգամավորի դիտողությունը ավելի քան տեղին է։ Ն. Փաշինյանի՝ դրան տված իր իբր գիտական պատասխանը՝ հերթական բլեֆ է ու ձեռնածություն։ Իսկ այդ ձեռնածության համար Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ինձ կատարած հղումը՝ անամոթություն ու կեղծիք. Ժամանակին, Վ. Օսկանյանի սխալի առիթով ես խոսել եմ ոչ թե հայերեն «ՆԱԽԻՋԵՒԱՆ» — ադրբեջաներեն «ՆԱԽՉԸՎԱՆԻ», այլ երկու դեպքում էլ հայերեն՝ «ՆԱԽԻՋԵՒԱՆ» — «ՆԱԽՃԱՎԱՆԻ»։
Ն. Փաշինյանը պատգամավորին պատասխան խոսքի սկզբում ասում է, որ արդեն 2007 թվականին իր մոտ «միտք առաջացավ, որ մենք պետական ինստիտուցիոնալ առումով գրագիտության խնդիր ունենք»։ Այդ խնդիրը հիմա ոչ միայն ավելի խորացել, այլեւ տգիտության այդ հիմքի վրա առաջին պլան է եկել պետական ինստիտուցիոնալ ձեռնածությունը։
Պատմաբան Աշոտ Սարգսյան


















































