«Կարկառուն» քպականներից մեկի այն թեզը, թե «Սփյուռքը պետք է թուլանա, որ Հայաստանն ուժեղանա», վերջերս լայն քննարկման ու քննադատությունների արժանացավ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։
Հայաստանը այս պահին, մեծ հաշվով, վտանգ չի ներկայացնում թուրք-ադրբեջանական տանդեմի համար, քանի որ Հայաստանի իշխանությունները տրամադրված են կատարել բոլոր այն զիջումները, որոնք իրենց կպարտադրվեն։ Իսկ Սփյուռքը, որը շատ տարասեռ ու խայտաբղետ է՝ հաշվի առնելով, որ իր մեջ է ամփոփում տարբեր ժամանակահատվածներում գաղթած ու տարբեր ազդեցություններ կրած հայությանը, դեռևս իրենից մեծ ուժ է ներկայացնում։
Հիմա, երբ հայկական Սփյուռքը, որն ընդգրկում է շուրջ 8-9 միլիոն մարդ, ունի հսկայական տնտեսական, մտավոր, քաղաքական և մշակութային ներուժ, փաստացի որոշ ուղղություններով ու ապակենտրոնացված կառուցվածքով նույնիսկ գերազանցում է Հայաստանի ունեցած հնարավորությունները։
Սփյուռքի լոբբին (հատկապես ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում) տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Հայաստանի, Արցախի և հայկական համայնքների շահերի պաշտպանության գործում՝ հասնելով կարևորագույն քաղաքական ու դիվանագիտական հաջողությունների: Ավելին, անգամ առանց Հայաստանի աջակցության, սփյուռքահայ լոբբին կարող է ազգային տարբեր հարցեր բարձրաձայնել ու հասնել տարբեր որոշումների ու բանաձևերի ընդունման, իսկ դա, ըստ երևույթին, հակասում է իշխանությունների որդեգրած զիջողականության ու հանձնվողականության քաղաքականությանը։
Կարդացեք նաև
Այս համատեքստում իշխանությունների կողմից Սփյուռքը թուլացնելու (ավել ի ստույգ՝ թույլ տեսնելու) մասին հայտարարությունը պետք է ընդունել խիստ անհանգստությամբ, քանի որ այն ճանապարհ է բացում հայության հերթական պառակտման համար։ Դրա արդյունքում կարող է ստացվել այնպես, որ հայության տարբեր հատվածներ, ազգային շահերի շուրջ համախմբվելու փոխարեն, պետք է սկսեն պայքարել միմյանց դեմ։ Ինչպես ներհայաստանյան քաղաքական դաշտում, այնպես էլ Սփյուռքում իշխանությունը կարող է գտնել այնպիսի շերտեր, որոնք ՀՀ իշխանությանը ծառայելու համատեքստում կսկսեն Սփյուռքը պառակտել ներսից։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































