Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրը միայն ծովը չէ

Հուլիս 07,2017 10:06

Նրանք, ովքեր այս օրերին երեկոյան զբոսնում են Երեւանի կենտրոնով, հավանաբար, գոհ կմնան մեր մայրաքաղաքից՝ բացօթյա սրճարաններ, ռեստորաններ, փաբեր, երաժշտություն, դյութիչ հոտեր, բազմալեզու ձայներ: Չեմ կարծում, որ այդ առումով Երեւանը զիջում է որեւէ եվրոպական քաղաքի: Մի բան էլ առավելություններ ունենք: Նախ՝ զվարճանքի վայրերի մեծ մասն աշխատում է մինչեւ ուշ գիշեր, մի քանիսն էլ շուրջօրյա են: Երկրորդ՝ ի տարբերություն բազմաթիվ այլ քաղաքների, այստեղ անվտանգ է, կարող ես կենտրոնական փողոցով քայլել թեկուզ գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին՝ քիչ է հավանականությունը, որ քեզ հետ որեւէ բան կպատահի: Բայց նաեւ քիչ հավանական է, որ որեւէ զբոսաշրջիկ Հայաստան կգա միմիայն Երեւանի կենտրոնում զբոսնելու նպատակով:
Իսկ ահա մնացած չափանիշներով մենք զիջում ենք թե՛ հարեւաններին եւ թե՛ Եվրոպային:

Դեպի Երեւան ավիատոմսերն ավելի թանկ են, քան դեպի Թբիլիսի կամ, առավել եւս՝ Քութայիսի, ինչի պատճառով, ի դեպ, հատկապես մեր երիտասարդներն են գերադասում թռչել Վրաստանից: Հայաստանի բարձր եւ միջին կարգի հյուրանոցներն ավելի թանկ են, քան նույնատիպ հյուրանոցները, ասենք, Հունաստանում եւ Իսպանիայում՝ էլ չասած Վրաստանի, Թուրքիայի եւ Եգիպտոսի մասին: Դեպի Հայաստանի հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Գառնի ավտոճանապարհը, պարզ ասենք, տանջալից է: Մի շարք այլ ավտոճանապարհների վիճակը նույնպես ողբալի է: Բացի այդ, մենք այդպես էլ չկարողացանք կառուցել արագընթաց մայրուղի, մինչդեռ Վրաստանում այդ մայրուղին ձգվում է հարյուրավոր կիլոմետրեր:

Բայց կա մի խնդիր, որը հսկայական ներդրումներ չի պահանջում, եւ որը, սակայն, Հայաստանում չի լուծվում: Խոսքը, այսպես ասենք, հիգիենայի մասին է: Ենթադրենք, ես կարգապահ զբոսաշրջիկ եմ կամ տիպիկ հայաստանցի չեմ եւ գետի մոտ անցկացրած իմ խնջույքի բոլոր հետքերը մաքրում եմ, հավաքում եմ մի պարկի մեջ, որպեսզի գցեմ աղբարկղի մեջ: Բայց մեր մայրուղիներում «հասարակական» աղբարկղեր չկան, «օբյեկտներն» ունեն իրենց աղբարկղերը, բայց այնտեղ քո «քեֆի աղբը» չես թափի: Ուստի եւ ստիպված ես քշել մինչեւ Երեւան եւ օգտվել «Սանիտեկի» ծառայությունից: Հանրապետության մասշտաբով «Սանիտեկ» գոյություն չունի:

Զուգարանների վիճակն ավելի վատ է: Բենզալցման եւ գազալցման կայաններում կան զուգարաններ, բայց այնտեղ առանց հակագազի չես կարող մտնել: Հայտնի (եւ այժմ չաշխատող) բիոզուգարանների «զույգը», հիշեցնենք, արժեր 314 հազար դոլար, եւ այդ գումարով կարելի էր սարքել առնվազն տասը նորմալ զուգարան: Բայց նորմալներն էլ գործում են «տեղական առանձնահատկություններով»: Ենթադրենք, դուք ուզում եք այցելել զուգարան որեւէ տեսարժան վայրի մոտ գտնվող տարածքում: Մեխանիզմը հետեւյալն է՝ դուք ասում եք «ստայանչիկին», վերջինս ձեր ցանկության մասին տեղյակ է պահում պահակին, պահակը բարձրաձայն կանչում է տիկին Վարդուշին, որը եւ գալիս է հեռուներից, զուգարանի թղթի կտորը հեռվից թափահարելով՝ որպեսզի իր բանալիով բացի զուգարանը, ստանա իր 100 դրամը եւ հետո փակի ու հեռանա: Զբոսաշրջիկի մեջ զուգարան գնալու ցանկությունն իսկույն վերանում է:

Այնպես որ՝ խնդիրը միայն ծով չունենալը չէ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31