Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմից մինչև երեխաների իրավունքներ. Ադրբեջանի համար ցանկալի ԵԽԽՎ զեկույցի պատմությունը

Հոկտեմբեր 10,2017 13:57

«Չեմ ուզում ավելին ասել, միայն հավելեմ, որ փոփոխությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը »,-Aravot.am-ի հարցին՝ մասնավորապես ԵԽԽՎ-ին ներկայացված զեկույցում ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ այսօր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո հայտարարություն էր տարածել, որում հայտնում էր. «Եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»:

Նշենք, որ «Զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությունը» վերնագրով զեկույցի հեղինակը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևան է: Այս զեկույցը բազմիցս քննարկվել է նաև Ադրբեջանում, օրինակ՝ այս տարվա հունիսին հանրային լսումներ են կազմակերպվել նշված թեմայով և Ֆաթալիևան ներկայացրել է զեկույցի բովանդակությունն ու ողջ պատմությունը: Զեկույցում Ուկրաինայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները մեկ հարթության վրա են դիտարկվում և զեկուցողը պնդում է, որ բոլոր այս հակամարտություններում տուժել են հատկապես երեխաները՝ ֆիզիկական և մտավոր բացասական հետևանքներով:

Նշենք, որ ԵԽԽՎ կայքում տեղադրված՝ զեկույցի նախագծում այլևս հղում չի կատարվում Լեռնային Ղարաբաղին և Ուկրաինային, միայն նշվում է, որ Սիրիայում տեղի ունեցած պատերազմն է մեծ վնաս հասցրել երեխաների պաշտպանության առումով:

Պարզվում է՝ այս զեկույցում նախագծի հետ կապված բուռն քննարկումներ են  տեղի ունեցել: Դեռ 2016-ի նոյեմբերին վերնագիրն է փոխվել, այս տարվա հունիսին քննարկվել է զեկույցի բովանդակության հետ կապված շահերի բախման հարցը: Այս բովանդակությամբ նիստ է անցկացվել նաև 2017-ի սեպտեմբերին՝ հանձնաժողովի նիստում:

Ադրբեջանում հրավիրված հանրային լսումների ընթացքում անգամ անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմին: Ադրբեջանի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի պետական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, թե 2016-ի ապրիլին 4 օր տևած վայրագությունները նոր հարված էին երեխաներին, ինչի պատճառով նրանցից շատերը կորցրին իրենց ընտանիքը, ֆիզիկական և հոգեկան լուրջ վնասներ ստացան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031