Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. Տարկետումը չի սահմանափակում սովորողի ցանկությունները (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 17:07

Տարկետման համակարգում փոփոխությունները չեն սահմանափակում սովորողի ցանկությունները, կրթության եւ գիտության նկատմամբ հակումները: Այս կարծիքին է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր սկսված ուսանողների բողոքի ցույցին, Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ ինքն իր դիսերտացիան, օրինակ, պաշտպանել է 2002 թվականին, մինչդեռ ԲՈՒՀ-ն ավարտել է 1985 թվականին. «Այսինքն, երբ քո մեջ ինչ-որ բան է կուտակվել եւ ցանկանում ես մասնագիտական որոշակի ճանապարհով անցնել, չեմ կարծում, թե անմիջապես ԲՈՒՀ-ից հետո շարունակելն ավելի լավ արդյունք է տալու, քան ինչ-որ ժամանակ աշխատելը եւ այդ ընթացքում ձեռք բերած փորձը դնել գիտական հայտնագործության հիմքում»:

Հիշեցնենք, պաշտպանության ոլորտի նոր օրենսդրությունն ընդունվեց խորհրդարանական նախորդ քառօրյայում:

Դիտարկմանը, որ տարիների փորձն ու հարցի խորհրդարանական քննարկումներն էլ ցույց տվեցին, որ խնդիրը արդարության ոլորտում է, քանի որ պաշտոնյաների եւ ունեւոր խավի երեխաների համար դարձյալ սողանքներ կգտնվեն, մեր զրուցակիցը հակադարձեց. «Սա հենց ծրագիր է, որը հավասար պայմաններ եւ հնարավորություններ է ստեղծում բոլորի համար: Սա նաեւ պայքար է կոռուպցիայի դեմ: Երբ դրվում է բոլորի մասնակցության հարցը`դժվար թե առանձնացնելու տարբերակներ լինեն»:

Ռուզաննա Մուրադյանը նկատում է`տարկետման իրավունքում սահմանափակումների փոխարեն տարբեր այլ արտոնություններ են տրվում զինծառայողներին`ծառայության ընթացքում երեք անգամ արձակուրդ գալը, եղբայրների`միեւնույն զորամասում ծառայելը, տարբեր սոցիալական արտոնություններ, հիպոթեկային վարկավորում`մատչելի պայմաններով եւ այլն, ինչը նաեւ հոգեբանական դրական ազդեցությունների է բերելու:

Ինքը վստահեցնում է`զինվորը պետության հոգածության ներքո է, պետության առաջնահերթությունն էլ զինծառայությունն ավելի արդյունավետ դարձնելն է եւ պետք չի ընդհանրապես շահարկել երկու տարի «կրթությունից կտրվելը»: Նաեւ ասում է՝ պետք է չմոռանանք, որ անվտանգության հարցն այդուհանդերձ, առաջնային է ու որքան էլ լավ կրթություն ստանա մարդը, որքան էլ լավ մասնագետ լինի, եթե երկրի անվտանգությունը վտանգված է`ամենն ի չիք է դառնում:

Իշխող ՀՀԿ-ն եւ կառավարությունը հայտարարում են, որ ցանկանում են տնտեսությունը, հետեւաբար նաեւ երկիրը զարգացնել: Մինչդեռ կրթությանը տրամադրված ֆինանսավորումը 2018 թվականի բյուջեի նախագծով կազմում է 2,17 տոկոս: Նախորդ տարվա համեմատ`600 միլիոնով կրճատվել է ոլորտին հատկացվող գումարը: Ռուզաննա Մուրադյանն ասում է, որ այդ կրճատումը որակի հաշվին չի եղել, այլ կրճատվել են ծախսեր, որոնք, ըստ էության, անարդյունավետ են: «Եթե հանրակրթության ոլորտում կար 43 հազար աշխատող, որի 37 տոկոսն ուսուցիչներ չեն. կրճատումները հիմնականում այդ հատվածում են: Օրինակ բերվեց, որ պահակի չորս հաստիք կա եւ այլն, դրանք մի փոքր սեղմելով`կարելի է ավելի արդյունավետ ծախսել գումարը: Իսկ դա չի ազդելու վերջնական նպատակի`ուսման որակի վրա»,- ասում է մեր զրուցակիցը:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930