Հայ մեծահարուստների անորոշ ճակատագիրը օտարության մեջ

Հայ մեծահարուստների անորոշ ճակատագիրը օտարության մեջ

Ռուսաստանի ամենադաժան բանտերից մեկում մահացած հայ մեծահարուստ բարերար Լևոն Հայրապետյանի մահն իսկապես ողբերգական էր: Ընդդիմությունն ու ընդիմադիր լրագրողները մեղադրում են Հայաստանի իշխանություններին, որ վերջիններս անտարբեր գտնվեցին Լևոն Հայրապետյանի ճակատագրի հանդեպ:

Թերևս իրենց ասածի մեջ ճշմարտություն կա, բայց ճշմարիտ է նաև այն, որ մեր ընդդիմադիրներն ու մեր լրատվամիջոցներն էլ առանձնապես չէին հիշում բանտում իր դաժան կյանքի վերջին օրերն անցկացնող Լևոն Հայրապետյանին: Հիշեցին, երբ արդեն բարերարը մահացել էր: Ասածս գուցե բոլորին չի վերաբերում, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը: Եվ նախքան իր մահը՝ իր մասին այս բարերար, բարեգործ որակումներն էլ գրեթե չէինք գործածում: Կարճ ասած՝ «գնա մեռի՝ արի սիրեմ»:

Փաստորեն, Ռուսաստանը Լևոն Հայրապետյանին հանցագործ համարեց: Այն նույն Ռուսաստանը, որը, փաստորեն, Լևոն Հայրապետյանի բնակության վայրն էր, ընդ որում՝ հենց Լևոն Հայրապետյանի կամքով, ցանկությամբ ու ընտրությամբ: Ինչո՞ւ ենք սա ասում ու շեշտում. որովհետև, ըստ բազմաթիվ կարծիքների, Լևոն Հայրապետյանին անհիմն ու անարդարացի էին ազատազրկել:

Մեզ համար դժվար է, իհարկե, հաստատ ասել, թե ինչքանով էր անմեղ Լևոն Հայրապետյանը, բայց որ նրա առողջական վիճակը ծանր էր՝ շատերին էր հայտնի, և որ այդ վիճակում մարդուն խիստ ու դաժան բանտային պայմաններում պահելը ավելի քան անմարդկային վերաբերմունքի դրսևորում էր՝ ակնհայտ է: Բայց ամենադաժան իրականությունն այն է, որ ոչ թե Ռուսաստանն էր ընտրել Լևոն Հայրապետյանին, այլ, ընդհակառակը, վերջինս էր Ռուսաստանն ընտրել՝ իբրև մշտական բնակության վայր:

Այս հանգամանքը նշում ենք՝ մտածելով, որ Լևոն Հայրապետյանի նյութական վիճակը թույլ էր տալիս, որպեսզի վերջինս բնակություն հաստատեր երկրագնդի ցանկացած այլ վայրում: Բայց նաև հասկանում ենք, որ ինքը հիմնականում Ռուսաստանում էր հարստացել, հազար ու մի թելերով կապված էր ռուսական իրականությանը և չէր կարող Ռուսաստանից դուրս ապրել, աշխատել ու գործել: Ուղնուծուծով կապված լինելով Հայաստանին և հատկապես Արցախին: Ըստ ամենայնի, Արցախի հետ կապված բազում ծրագրեր ուներ, որ կիսատ մնացին ու խափանվեցին ճակատագրի դաժան ձեռքով:

Լևոն Հայրապետյանի ողբերգական վախճանը պետք է օրինակ հանդիսանա Ռուսաստանում հարստացած ու Ռուսաստանում ապրող հարյուրավոր հայ մեծահարուսների համար, որոնք բիզնեսում հաջողակ լինելով՝ նյութական մեծ միջոցների տեր են, բայց որոնց ճակատագիրն ու ապագան նույնպես անորոշ ու բազում հարցականների տակ են: Կարծում ենք, նույնիսկ համոզված ենք, որ եթե նրանք հնարավորինս շուտ իրենց կարողությունն ու ամեն ինչը տեղափոխեն Հայաստան, իրենց համար ավելի լավ ու ավելի ճիշտ կլինի: Չենք կարծում, թե գործարարների համար Հայաստանում բարդություններ չկան, բայց, բոլոր դեպքերում, մարդու ապագան իր հայրենիքում ավելի պատկերացնելի է, քան օտարության մեջ:

Ինձ հակադրվողները կասեն, որ ինչպես Լևոն Հայրապետյանը, այնպես էլ ռուսաստանաբնակ մյուս հայ մեծահարուսները Ռուսաստանում ու, փաստորեն, Ռուսաստանի շնորհիվ են մեծահարուստ դարձել, և իմ էս մոտեցումը կարող են երախտամոռության կոչ կամ հակառուսական մտածողության դրսևորում համարել: Ես էդպիսի տրամադրվածություն չունեմ և փաստերի հիման վրա եմ ասելիքս ձևակերպում: Իսկ փաստերը չափազանց շատ են: Ամիս չի լինում, որ Ռուսաստանում որևէ հայ գործարար չսպանվի: Ազատազրկվածների մասին չենք ասում, որովհետև լիարժեք տեղեկատվություն չունենք: Ջիգարխանյանի օրինակն էլ չենք բերում ոչ միայն այն պատճառով, որ Ջիգարխանյանի թեմայով շատ է խոսվել ու գրվել, այլև այն պատճառով, որ Ջիգարխանյանին գործարար ու մեծահարուստ չենք համարում:

Այդուհանդերձ, Ջիգարխանյանի պատմությունն էլ է ունեցվածքի ու նյութականի հետ կապված, և Ջիգարխանյանն էլ դժվար թե Հայաստանում էս տեսակ շիլաշփոթի ու խառնաշփոթի մեջ հայտնվեր: Մեր համեստ կարծիքով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսները խանդոտ ազգ են և չեն համակերպվում,որ իրենց երկրում աշխատած փողը ծախսվի իրենց երկրից դուրս:Նույն կերպ վարվեցին ադրբեջանցի Իսմայիլովի հետ՝Անթալիայում կառուցված հյուրանոցի համար ձեռքից վերցրեցին Չերքիզովսկիյ շուկան,որով և զրկեցին եկամուտի հիմնական աղբյուրից,հիմա էլ մեղադրում են քրեական հանցագործության համար՝հետախուզում են հայտարարել…:

  2. Մարինա says:

    Եթե հեղինակը ստատիստիկ պաշտոնական տվյալներ բերեր, որտեղ կապացուցվեր, որ Ռուսաստանում ամեն տարի սպանվող գործարարների շարքում ամենամեծ թիվ են կազմում ազգությամբ հայերը և որ հատկապես իրենց հայ լինելու պատճառով են սպանվում, այդ դեպքում հոդվածը հավատ կներշնչեր։ Իսկ առայժմ ստացվում է մաքուր պոպուլիզմ։ Կարելի է մտածել,
    որ Հայաստանում երբեք հայկական ազգանունով մարդիկ չեն սպանվում։ Աբսուրդ։

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք