Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամը հայ չէր: Եվ այդ մտքի հետ պետք է հաշտվել

Հոկտեմբեր 25,1995 19:32

«Առավոտ» օրաթերթում հրապարակված Վահրամ Մարտիրոսյանի «Մի ժողովրդի պատմություն» հոդվածում այն միտքն էր արծարծվում, որ հայերը տառապում են ազգային սնափառությամբ, բայց իրականում ոչ մի նշանակալի արժեք չեն ստեղծել, եւ մենք պետք է դա ընդունենք, որպեսզի «փոխադարձ հիասթափություն» չապրենք:

Մի կողմ թողնենք այն, թե հեղինակն ինքը ինչ արժեքներ է դավանում։ Պարզ է, որ այդ թեմայի շուրջ պետք է սկսել բաց խոսակցություն։ Այսօր մեր հասարակության մեջ տիրող ապատիան ծնում է համապատասխան տրամադրություններ, որի արտահայտություններից մեկն էլ այդ հոդվածն է։ Պետք է փորձել դուրս գալ այդ երեւույթը գնահատելու կենցաղային մակարդակից եւ պատճառները որոնել այն արժեքների մեջ, որոնցով ապրում է մեր հասարակությունը։

Իմ կարծիքով ճահճային մթնոլորտը, հասարակական մտքի քարացած վիճակը միշտ բնորոշ է եղել հայ ժողովրդին եւ այն ունի իր պատճառները։ Յուրաքանչյուր սերնդի մեջ հայտնվում են մարդիկ, որոնք իրենց խորը հիասթափությունն են հայտնում ազգային իրականության մասին։ Այդ բոլորի պատճառը ազգային ինքնամեկուսացման քաղաքականությունն է, որն ունի դարավոր պատմություն։

Հայ քաղաքական եւ աստվածաբանական մտքի պատմությունը պետք է դիտել որպես ինքնամեկուսացման պատմություն՝ ինքնամեկուսացում, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է աշխարհը խռովող կրքերով, դրանց ազդեցության տակ առաջանում են որոշակի մշակութային արժեքներ։ Այնուհետեւ նորից ազգային ինքնամեկուսացման դրոշն է բարձրացնում պահպանողական մտավորականությունը եւ հայ կղերականությունը։ Նորից յուրաքանչյուր հայ անհատ գալիս է այն դարավոր եզրահանգմանը, թե «ամեն ինչ սուտ է» եւ որպես պաշտպանողական ռեակցիա՝ ներպարփակվում է ընտանիքի սահմաններում, նորից մտնում է տիպիկ հայկական ապրելակերպի մեջ՝ ամուր ընտանիքներով եւ թույլ, չզարգացած հասարակությամբ։ Ազգային ինքնամեկուսացումը ցանկացած նոր գաղափար դիտում է որպես ապազգային դրսեւորում։

Ժամանակին Հայաստանում ընթանում էր օտար արժեքների նկատմամբ «բաց դռների» քաղաքականություն, որի հետեւանքով ներմուծվեց քրիստոնեությունը, ստեղծվեցին տառերը, կատարվեցին բազմաթիվ թարգմանություններ։ Երբ առաջացան որոշակի արժեքներ, որոնք կարելի էր պահպանել, սկսվեց ազգային ինքնամեկուսացման քաղաքականությունը։

Աշխարհում կան բազմաթիվ ինքնամեկուսացած քաղաքակրթություններ։ Դրանք են՝ հրեականը, չինականը, ճապոնականը, հնդկականը եւ այլն։ Այդ բոլոր մշակույթները հայտնի են իրենց պահպանողականությամբ, սակայն, ի տարբերություն հայկականի, ունեն իրենց ուրույն աստվածաբանական միտքը, մշակված էթիկա եւ էսթետիկա, օրենքների ժողովածուներ, իդեալներ, որոնք համակարգում են հասարակության կառուցվածքը եւ յուրաքանչյուր անհատի պահվածքը։ Այդ մշակույթները ունեն ճյուղավորումներ, ուղղություններ, ներքին հակասություններ, մտքի պայքար։ Ճապոնական ծայրահեղ պահպանողականությունը, այնուամենայնիվ, կարողացել է ստեղծել ներքին կուռ համակարգ, որը ընդունում է նոր արժեքներ ու առաջադիմում է։

Հնդկականը՝ լինելով ոչ ճկուն, միեւնույն ժամանակ ունի հզոր ազդեցություն աշխարհի փիլիսոփայական եւ աստվածաբանական մտքի վրա։

Հուդայականությունը ստեղծել է ընտրյալ ազգի վարդապետությունը, որը հասցվել է կատարելության եւ ունի ավարտուն տեսք, մյուս կողմից՝ այն չի փակում իր դռները ոչ ոքի առջեւ։ Յուրաքանչյուր ոք, լինի նա նույնիսկ սեւամորթ, թե դեղնամորթ, կարող է ընդունել այն եւ դառնալ հրեա ազգի հավասարազոր անդամ։

Հայ եկեղեցին ձեւակերպել է «հայ քրիստոնյայի» բանաձեւը, որ նման է երկու չակերտների՝ «քրիստոնյան» մի պատնեշ է, որը բաժանում է իսլամական արեւելքից, իսկ «հայը»՝ քրիստոնյա հավատակիցներից։ Սակայն որն է եղել եւ է այդ բանաձեւի ներքին բովանդակությունը, մինչեւ այժմ դեռ պարզ չէ։

Քրիստոնեության շրջանակներում, որտեղ «չկա ոչ հելլեն, ոչ հրեա», կարելի է լինել կաթոլիկ, ուղղափառ, բողոքական կամ մեկ ուրիշ բան, սակայն հնարավո՞ր է լինել «ազգային քրիստոնյա»։ Քրիստոնեությունը, ինչպես եւ իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը, կոսմոպոլիտ կրոն է, եւ այդ էր հիմնական պատճառը, որ նա բաժանվեց հուդդայականությունից։ Ճիշտ է, մի կաթոլիկ հայ փորձեց Հին Կտակարանի հիման վրա ապացուցել, որ Ադամը հայ էր, հայերենը Աստծո լեզուն է, Արարատը մեր Սիոնն է, իսկ Նոյը՝ մեր Մովսեսը, սակայն ,սուրբ տեղը երբեք դատարկ չի լինում», Աստվածաշնչում ընտրյալ ազգը հրեաներն են։ Երեւի անհրաժեշտ էր ստեղծել սեփական կրոն, որպեսզի պարզ լիներ, թե ինչի համար ենք մեկուսանում մյուսներից եւ ինչն ենք պահպանում։

Երբ Հայաստան են ներթափանցում օտար արժեքներ, միանգամից սկսվում է մտքի աշխուժացում, արվեստների ծաղկում։ Թոնդրակյան շարժման ազդեցության տակ ձեւավորվում է ազգային էպոս, ծնվում է Նարեկացի, Արեւմուտքի ազդեցության տակ Կիլիկիայում զարգանում է արվեստն ու պետական միտքը, որից հետո տիրում է խավար եւ տգիտություն, մինչեւ որ նորից օտարների ազդեցության տակ առաջանում են ազատագրական շարժումները։

Ցանկացած նոր երեւույթ, որն համահնչուն է աշխարհիկ ոգուն, դիտվում է որպես «դիվերսիա» ազգային կերտվածքի դեմ՝ օտարների (ամերիկացիների, հրեաների, մասոնների, մուսուլմանների, թուրքերի, կրիշնայականների) կողմից։

Մենք ապրում ենք «չձեւակերպված», առանց նպատակների, առանց իդեալների, եւ մեզ շրջապատող բոլոր քաղաքակրթությունները մեզ խորթ են։

Ազգային ինքնամեկուսացումը ունի նաեւ իր քաղաքական մտածելակերպը, որի նպատակը երբեք չի եղել ոչ սեփական պետության կերտումը, եւ ոչ առաջընթացն ու քաղաքակրթությունը, այլ եղել է ազգապահպանման սեփական տարբերակը։ Պետք չէ զարմանալ, որ չի ստեղծվում ոչ մի արժեք, որն ունենա համաշխարհային նշանակություն, իսկ եղածները կամ օտարի ազդեցության հետեւանք են, կամ էլ օտար մշակույթի մեջ «դաստիարակված» ծագումով հայերի ստեղծածը։

Խորհրդային Միությունում հայերի կարգավիճակը միանգամայն համապատասխանում էր պահպանողականության նպատակներին՝ ինքնամեկուսացումը եւ քանակապես շատանալը։ Կայսրությունը կատարում էր ոստիկանական գործառույթներ այն ուժերի նկատմամբ (սեփական, թե օտար), որոնք փորձում էին խախտել ազգային անդորրը։ Համայնքային գոյավիճակը եղել է ոչ միայն պարտադրված, այլեւ ցանկալի։ Ճիշտ է, այդ կայսրությունները երբեմն լավ չէին կատարում իրենց «պարտականությունները», որի պատճառով ցանկություն էր առաջանում փոխել «տիրոջը»։

Պետք է խոստովանել, որ Հայաստանից արտագաղթի պատճառներից մեկը նեղ, արեւելյան-ազգային, սահմանափակ եւ հեղձուցիչ մթնոլորտն է եղել, որը միշտ (թե Խորհրդային, եւ թե անկախ Հայաստանում) բռնացել է անձի ազատ զարգացմանը եւ ինքնադրսեւորմանը։

Հարց է առաջանում. որն է մեր տեղը աշխարհում։ Միայն քաղաքական «մանեւրներով» անհնարին է մտնել որեւէ հոգեւոր համակարգի մեջ։ Առաջին հերթին հասարակությունը պետք է որոշի, թե որ արժեքներով է ուզում ապրել եւ որն է մեր տեղը՝ Արեւմո՞ւտք, Արեւե՞լք, Հյուսի՞ս, թե՞ մի փակ կղզյակ։

Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031