Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի ժողովրդավարություն ձախ ձեռքով

Նոյեմբեր 01,1995 14:38
Vladimir Movsisyan

Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կենտրոնական գրասենյակի բացման արարողության լրագրական արձագանքը որոշ թյուրընկալումների տեղիք էր տվել։ Այդ էր կենտրոնի գլխավոր քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի հրավիրած մամուլի ասուլիսի գլխավոր առիթը։ Նա, իբրեւ արժանապատիվ անցյալի ու առինքնող կերպարի կրող, շնորհակալություն հայտնեց զուսպ ու հուզիչ կարծիքների համար, ապա նրբանկատորեն նշեց, որ մեկնաբանություններում տեղ էին գտել նաեւ հակասական բնութագրումներ։ Դա ժամանակին բնորոշ երեւույթ համարելով, նա, համենայնդեպս, ճիշտ էր գտել հայտարարությամբ հանդես գալը։ Դրա շարադրանքը եւ ասուլիսի ընթացքը ցույց տվեցին, որ կենտրոնի գործունեության համադրույթները այն֊քան էլ մատչելի չեն ինչպես լրագրողների, այնպես էլ հանրության համար։

Շատերին թվում է, թե ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի, արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ պայմանագրով ստեղծված այս կառույցը պետք է արդարադատի դեր ստանձնի, զբաղվի քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների դատի պաշտպանությամբ։ Մինչդեռ կենտրոնի կանոնադրությունը նրա համար սահմանել է գործունեության շատ որոշակի դաշտ՝ նպաստել մարդու իրավունքներին վերաբերող գիտելիքների տարածմանը։ Գործնական դերը պետք է արտահայտվի ցանկացողներին իրավախորհրդատվական ծառայություններ մատուցելով։ Հասկանալի է այն մարդկանց շտապողականությունը, ովքեր կցանկանային մեր հանրապետությունում օր առաջ տեսնել գործող մի մարմին, որի հիմնական անելիքը լիներ քաղաքացիների իրավունքների վերահսկումը։ Սակայն հիշյալ կենտրոնն առայժմ հասարակական, հաշվետու, ոչ շահութաբեր կազմակերպություն է եւ լավագույն դեպքում կարող է հավակնել առաջիկայում պետական դիվանագիտական ատյան դառնալուն։

Միաժամանակ անժխտելի է, որ նման հավակնությունն անիմաստ կլիներ, եթե հասարակությունը անմասն մնար մարդու իրավունքների՝ միջազգայնորեն ընդունելի չափանիշների իմացությունից։

Նորաբաց կառույցի ղեկավարը ձեռնպահ մնաց խոստումներ տալուց, սակայն վստահեցրեց, որ իրենց գրադարանը եւ իրավախորհրդատուն կաշխատեն բավարարել բոլոր դիմողների հետաքրքրությունները։ Պրն Մովսիսյանը կարեւորեց մամուլի հետ աշխատանքը, հույս հայտնելով, որ առաջիկայում իրենք էլ մի լրատվական պարբերական կբացեն, որի միջոցով կտարածեն ՄԱԿ-ի հանրահայտ հռչակագրի դրույթները եւ աշխարհի նորույթները։

«Որքա՞ն է ՄԱԿ-ի հովանու ներքո բացված այս գրասենյակի ղեկավարի աշխատավարձը» հարցս արժանացավ թեական պատասխանի՝ բյուջեն հաստատված չէ։ Բարեբախտաբար, հաստատված է 1996-ի ընդհանրական բյուջեն՝ 52 հազար դոլար։ Դա կբավականացնի 5 աշխատակիցների վարձատրությանը, բազմազան միջոցառումների կազմակերպմանը եւ թարգմանությունների տպագրությանը։ «Մեր աջ ձեռքին զենք է, ստիպված ենք միայն ձախով աշխատել»,- ասաց Վ. Մովսիսյանը։ Այսինքն՝ կառավարությունն ինքը չէր կարող այս գործի նախաձեռնողը դառնալ, պետք է սկսվեր այսպես՝ ՄԱԿ-ի աջակցությամբ։ Իսկական ժողովրդավարության հասնելու համար, ըստ ամենայնի, մեկնարկի ձեւը կարեւոր չէ։

Հ. ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930