Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտը չէ ուսուցչի ուսուցիչը

Նոյեմբեր 09,1995 15:07

Հայրերի ու որդիների հարաբերություններում ամրագրված են հողեղեն նույնիմաստ կանոններ, որոնք աշխարհագրական տարածքներ, ազգային հատկանիշներ, «զարգացած» ու «զարգացող» մակդիրներ հաշվի չեն առնում դաստիարակում են հայրերը, ենթարկվում- դաստիարակվում են որդիները: Քիմիայում տնօրինող դիսոցման երեւույթը այս հարաբերություններում անընդունելի է եւ դիտվում է իբրեւ որդիների ըմբոստություն, որ է՝ ախտածին շեղում։ Երբ խոսվում է որեւէ մեկին դաստիարակելու մասին, ամեն ինչից առաջ նկատի է առնվում «դաստիարակողի գերակայության հաստատուն աստիճանը։ Նա է հասարակության բարձրագույն արժույթը, նրանից ներքեւ ընդօրինակումն է. սերտում-յուրացումը: Եթե կա որեւէ որդի, որ չի ընդունում ծնողների առավելությունները՝ իր սեփականի համեմատ, ուրեմն կամ մեծամոլությամբ է տառապում, կամ ճիշտ չի դաստիարակված: Եվ եթե կա մի հայր, որ հոգու խորքում համոզված չէ որդու՝ իրենից մի քայլ առաջ լինելու իրողությանը, ուրեմն, հենց ինքն է գենետիկական խոտորման պատասխանատուն։ Բնականն այն է, որ անկախ փաստական արժեքներից՝ հայր ու որդի ընդունեն միմյանց առավելությունները, փոխհարաբերություններում մնալով՝ մեկը դաստիարակողը, մյուսը՝ դաստիարակվողի դերում:

Հարաբերությունների հաջորդ՝ բնական տեսակը ներառում է ուսուցիչ-աշակերտ աղերսը: Սովորեցնողի դերում ուսուցիչն է, սովորողի դերում՝ աշակերտը: Այստեղ եւս դիսոցումը վտանգավոր է՝ հակաբնական շեղումներով հղի: Երբ վրա է հասնում ուսուցչի իմացական-բարոյական պաշարների սպառման պահը, նշանակում է՝ վրա է հասել նաեւ պատվանդանը լքելու ժամանակը: Աշակերտը չպետք է ուսուցչի ուսուցիչը դառնա, առավել ես՝ դաստիարակը։ Դա եզրագիծ է, վախճան ու փլուզում։ Թերեւս կարելի է մխիթարական համարել սանի գերազանցության երազելի պարագան, բայց դա հատուկ է միայն բացառիկ անհատականություններին, որոնց կենսագրություններում ուսուցիչներին շոյիչ դեր է վերապահվում։ Մնացած բոլոր հանգամանքներում ուսուցչի պսակազերծումը բնությանը հակառակ հերձվածում է: Ցավոք, մեր առօրյան զերծ չէ երեւույթի փաստական արձանագրություններից։ Պետավտոտեսչության աշխատակիցները հայտնաբերում են հարբած վարորդին եւ նրան տեղափոխում ՆԳ բաժին։ Անձնավորությունը տեղանքին ծանոթ է, դե, իրեն էլ վատ չեն ճանաչում։ Սակայն պատժելն է դժվար, քանզի անձնավորությունը պատահական մի քաղաքացի չէ, ուսուցիչ է։ Եվ պատահական ուսուցիչ էլ չէ՝ ուսուցչապետ է: Օրենքն այսպիսի դեպքերի համար մեղմ պատժաձեւեր է սահմանել,

օրինակ, կարգազանցին «հանձնել կոլեկտիվի դաստիարակությանը»։ Այդպես էլ արվում է: Պարզապես անտեսվում է մի աննշան հանգամանք՝ կոլեկտիվի բնույթ-բովանդակությունը։ Եթե մեր ծանոթ հարբեցողին հանձնեին մանկավարժական կոլեկտիվի հայեցողությանը, որոշ փակագծեր տեղնուտեղը կբացվեին, սակայն «մանկավարժական» բառը ինչ-որ մեկի, գուցե՝ լրատուի ուշադրությունից սպրդել է, եւ տեղեկությունը հասկացվում է այսպես՝ դպրոցի տնօրենին հանձնել դպրոցի միացյալ կոլեկտիվի դաստիարակությանը։ Այստեղ մանրախնդրություն չկա, բացի նրանից, որ վիրավորված խորհրդային ինքնասիրությունս մշտապես մերժել է «կոլեկտիվ» բառը՝ իր մանր ու խոշոր, ծածուկ ու բացահայտ իմաստներով։ Մերժումս հաճախ հասել է խորշանքի աստիճանին։ Բայց հիշյալ լուրը կարդալիս նույնիսկ խորշանքն էլ հօդս ցնդեց, այնքան ուժգին էր անակնկալի զգացումը, ուրեմն՝ աշակերտները պետք է դաստիարակեն իրենց ուսուցչին, ոչ, ուսուցչապետի՛ն։

Դպրոցամերձ անկյուններում ծխախոտի մնացուկները պարտակող, ծամոնով իրենց մեղքը քողարկող ամբարտավան տղաները, ընտանիքը կանանց ուսերին թողած ու դրսերում բարեկեցություն փնտրող հայրերի այդ շրջմոլիկ տղաները, որոնք դեռ չեն գիտակցում գիտելիքի ապրեցնող հեռանկարը, բայց անհանգիստ աչքերով հետեւում են ընկերների ճոխ կենցաղին, պետք է ուժից վեր առաքելություն ստանձնեն՝ դաստիարակեն իրենց տնօրենին: Նրան ազատեն խմիչքի գերությունից։ Եվ սա այն երանելի դեպքում, եթե տնօրենը իր գերյալ վիճակում այդ տղաներին վրաերթի չենթարկի:

Ուրիշ տղաների, ուրիշ աղջիկների հիշենք՝ նրանք պարկեշտ են, լավ սովորող, ընդունակ ու խոստումնալից: Սակայն կատարելության գործընթացը ումի՞ց ակնկալեն։ Տնօրեն վերադաստիարակող ուսուցիչների՞ց։ Այս շրջանի ներսում խճճվում են անբնական աղերսների մի քանի թելեր, որոնց զատումը մի լուծում ունի հար եւ նման նշանավոր սրի հարվածին, աշակերտներին որքան կարելի է շուտ ազատել պատվանդանին ինքնակամորեն հրաժեշտ տված ուսուցչից։ Իսկ մեղմ պատիժները կիրառել մնացած բոլոր մեղմ դեպքերի համար։

Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930